Պտղնի համայնքից աճուրդով գնված հողամասը փոխանակվել է Երևանում բնակարանի հետ. դատախազությունը վիճարկում է գործարքները
2021թ. Պտղնի համայնքում անցկացված 1.443 հա հողամասի աճուրդը տարիներ անց դարձել է դատական վեճի առարկա։ Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է անվավեր ճանաչել աճուրդը և հաջորդած գործարքները՝ ներառյալ հողի փոխանակումը և սեփականության իրավունքի գրանցումները։
Գլխավոր դատախազությունը 2026թ. հունվարի 15-ին Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Աբովյան համայնքի, Մհեր Բաղդասարովի, երրորդ անձ Քրիստինե Ասատրյանի և Կադաստրի կոմիտեի՝ 2021թ. հոկտեմբերի 5-ի Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 1.443 հա մակերեսով հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով: Որպես անվավերության հետևանք, դատախազությունը պահանջում է նաև անվավեր ճանաչել Պտղնի համայնքի ղեկավարի և Մհեր Բորիսի Բաղդասարովի միջև կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ Մհեր Բորիսի Բաղդասարովի անունով իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Պահանջ է դրվել նաև հողամասը Քրիստինե Ասատրյանի ապօրինի տիրապետումից վերադարձնել Պտղնի համայնքին, անվավեր ճանաչել հողամասի փոխանակության պայմանագիրը և դրա հիման վրա իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
«Հետքը» դեռևս 2025թ. հունիսին գրել էր, որ 2024թ. հունվարի 17-ին Մհեր Բաղդասարովը հերթական հաջող գործարքն է կատարել Պտղնի գյուղում: Նա և Պտղունք գյուղի բնակիչ Քրիստինե Ասատրյանը կնքել են անշարժ գույքի փոխանակության պայմանագիր: Մ. Բաղդասարովը 1,4 հա բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման և 0,3 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասերը փոխանակել է Քրիստինե Ասատրյանին պատկանող, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի 74 հասցեում գտնվող 104,67 քմ մակերեսով բնակարանի հետ:
Փոխանակված անշարժ գույքերից յուրաքանչյուրի արժեքը, փոխադարձ համաձայնությամբ, գնահատվել է 600 մլն դրամ: Պայմանագիրը կնքելուց օրեր անց հողամասի նկատմամբ գրանցվել է Քրիստինե Ասատրյանի, իսկ բնակարանի նկատմամբ՝ Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը: Փոխանակված հողամասերը ձեռք են բերվել աճուրդով:
Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ նշված հողակտորն առաջացել է գույքերի միավորման արդյունքում։ 2021թ. հոկտեմբերին հողամասի աճուրդային առուվաճառքի պայմանագրերի հիման վրա է գրանցվել Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը: Նա օրերի տարբերությամբ ձեռք է բերել 1,4 հա և 0,3 հա հողամասերն ու միավորել: 0,3 հա հողամասի մեկնարկային գինը եղել է 80 հազ. դրամ:
Պարզվում է՝ Մ. Բաղդասարովի այս գործարքն այնքան էլ հարթ չի անցել: 1,4 հա հողամասի առնչությամբ 2021թ. նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ 1,4 հա հողատարածքը ճանաչվել է իրեղեն ապացույց, և որոշման օրինակն ուղարկվել է Կադաստրի կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեին Կադաստրի կոմիտեն գրությամբ տեղեկացրել է, որ նշված հողամասի նկատմամբ կիրառվել է կալանք, և սահմանափակումը գրանցվել է: Սակայն, Մհեր Բաղդասարովը 2023-2024թթ. ընթացքում երեք անգամ դիմել է Կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու խնդրանքով: Տրված 3 միասնական տեղեկանքներում էլ կատարվել է նշում, թե հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան: Դրա շնորհիվ Մհեր Բաղդասարովը կարողացել է այդ և միացված 0,3 հա հողամասը փոխանակել Քրիստինե Ասատրյանի բնակարանի հետ:
Գործարքից հետո Մ. Բաղդասարովը 2024թ. մարտին դարձյալ դիմել է Կադաստրի կոմիտե միասնական տեղեկանք ստանալու խնդրանքով: Կոմիտեից պատասխանել են, թե սեփականության վկայականում հասցեի սխալ է եղել և ուղղելու համար դիմում է անհրաժեշտ: Միևնույն ժամանակ հայտնել են, որ 1,4 հա հողամասի նկատմամբ 2021թ. նոյեմբերի 16-ին գրանցվել է սահմանափակում: Այսինքն, երբ Մ. Բաղդասարովն այդ հողամասի հետ կապված գործարք է կատարել, Կադաստրի աշխատակիցները սահմանափակումը չեն տեսել, բայց գործարքից հետո տեսել են:
Նշված հողատարածքների աճուրդ-վաճառքների մանրամասներին ծանոթանալու և պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էինք Աբովյանի համայնքապետարան, քանի որ համայնքների խոշորացումից հետո Պտղնի գյուղը համարվում է Աբովյանի բնակավայր: Աբովյանի համայնքապետը գրավոր հայտնել է, որ համայնքի խոշորացումից հետո համայնքային փաստաթղթերը չեն փոխանցվել, հետևաբար տեղեկություններ չունի եւ մանրամասներ չի կարող փոխանցել:
1.4 հա հողամասը Մհեր Բաղդասարովի միակ հաջող գործարքը չէ Պտղնի համայնքում: 2021թ. սեպտեմբերի 1-ին Պտղնի համայնքի ավագանին որոշել է Երևան-Սևան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող մոտ 1,1 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ-վաճառքով օտարել: Աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 150 հազ. դրամ՝ առանց նշելու, թե ինչպես է կատարվել հաշվարկը: Հենց մեկնարկային գնով հողամասը գնել է նույն գյուղի բնակիչ Մհեր Բաղդասարովը:
Հոդվածի հրապարակման օրը՝ 2025թ. հունիսի 5-ին ձերբակալվեցին Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը, նրա որդին ու մի շարք այլ անձինք: Համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների կատարման, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության ու փողերի լվացման մեջ:
Գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է: Մեղադրանքի դրվագներից մեկը վերաբերում է վերը նշված 1.443 հեկտար մակերեսով ջրային նպատակային նշանակության հողամասի օտարմանը: Մասնավորապես՝ չունենալով Կառավարության որոշմամբ սահմանված մասնավորեցման ոչ ենթակա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու իրավասություն, ուղղակի դիտավորությամբ ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Առաքել Վիրաբյանը 2020թ. հունիսի 20-ին որոշել է 1.443 հեկտար մակերեսով ջրային նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
Ըստ մեղադրանքի՝ շարունակելով իր հանցավոր գործողությունները և անտեսելով նշված հողամասը մասնավորեցման ոչ ենթակա լինելու հանգամանքը, 2021թ. մայիսի 19-ին Առաքել Վիրաբյանը համայնքի ավագանուն առաջարկել է Պտղնի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարել աճուրդ-վաճառքի միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 42 մլն դրամ: Նույն օրը Պտղնի համայնքի ավագանին կայացրել է «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում:
Նշված որոշման հիման վրա 2021թ. հոկտեմբերի 5-ին Պտղնիի համայնքապետարանում կայացած աճուրդում՝ 42 մլն դրամ գնային առաջարկով, հաղթող է ճանաչվել աճուրդի միակ մասնակից, Առաքել Վիրաբյանի հետ փոխկապակցված Մհեր Բաղդասարովը։
2025թ. դեկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել նոր քրեական գործ, որտեղ մեղադրյալի աթոռին են հայտնվել Առաքել Վիրաբյանն ու Քրիստինե Ասատրյանը: Համայնքի նախկին ղեկավար Վիրաբյանը մեղադրվում է այն բանի համար, որ անձնական շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ Պտղնի համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 13 մլն դրամ գույքային վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Իսկ նրա խնամի Քրիստինե Ասատրյանը մեղադրվում է խոչընդոտները վերացնելու եղանակով Առաքել Վիրաբյանին օժանդակելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել