«Այդպես էլ չիմացանք, թե ինչ է տեղի ունեցել». Ազատի զորանոցի հրդեհից անցել է 3 տարի
Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Ազատ գյուղի զորանոցի հրդեհի դեպքի երրորդ տարին, ինչի հետևանքով մահացել էին 15 զինծառայողներ։ Զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ամփոփ ներկայացնելու երեք տարվա ընթացքում գործի շրջանակում տեղի ունեցած զարգացումները։
Նորիկյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում հարցաքննվել են բոլոր 19 տուժողները և դատակոչված բոլոր վկաները։ Նա հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարանին՝ դատակոչելու և հարցաքննելու քրեական վարույթի ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետներին։
Այս տարվա հունվարի 23-ին նախատեսված դատական նիստի ընթացքում հետազոտվելու են իրեղեն ապացույցները՝ այրված ինքնաձիգները, վառարանը և այլն։ Ապացույցների հետազոտումից հետո նախատեսվում է մեղադրյալների հարցաքննություն։ Այս քրեական վարույթով կա 5 մեղադրյալ՝ զորամասի ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանը, զորամասի թիկունքի պետ-հրամանատարի` թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը, զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը և զորամասի ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը։
Նորայր Նորիկյանը հիշեցրեց, որ առանձին վարույթի շրջանակում քննվող գործով անցած տարի ողջ մնացած զինծառայողներից Ռադիկ Մաթևոսյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ և ազատազրկվեց 3 տարի ժամկետով։ Սակայն փաստաբանը հայտնեց, որ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում։
Նա նշեց, որ արդեն 2 տարի, ինչ հիմնական գործն անջատվել և ուղարկվել է դատարան, Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում դեռևս քննվող քրեական վարույթ կա, «որի վերջը չի երևում»։ «Կարծում եմ՝ երկու տարին բավարար ժամանակ էր, որ վարույթն իրականացնող մարմինն իրականացներ անհրաժեշտ, անհետաձգելի, պատճառաբանված, հիմնավորված, տրամաբանված ապացուցողական և վարութային գործողություններ»,- ասաց Նորայր Նորիկյանը։
Նա տեղեկացրեց, որ մեղադրյալների հարցաքննությունից հետո որպես տուժող կողմ դատարանին միջնորդություն են ներկայացնելու՝ իրականացնել կրկնակի փորձաքննություն։ «Դա նշանակում է հնարավորինս վերականգնել ապացուցման ենթակա իրողությունները, դեպքը, հանգամանքները»,- նշեց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ միջնորդությունը եթե դատարանը բավարարի, հնարավորություն կստեղծվի դեպքի իրական հանգամանքները պարզել։
Փաստաբանը հիշեցրեց, որ միջնորդելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցաքննել։
Նորայր Նորիկյանը հայտնեց նաև, որ անցած տարի կոնֆիդեցիալ հանդիպում է ունեցել այս գործով հիմնական մեցադրյալներից Եղիշե Հակոբյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև Եղիշե Հակոբյանի փաստաբանը։ Նորիկյանի գնահատմամբ՝ Եղիշե Հակոբյանը դեպքի վերաբերյալ այնպիսի մանրամասներ է հայտնել, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի քննության վրա։ Եղիշե Հակոբյանը Նորիկյանին է հանձնել նաև իր ձեռագրով գրված գրառումներ՝ դեպքի վերաբերյալ։ Նորիկյանը մանրամասներ չհայտնեց այդ հանդիպումից և Եղիշե հակոբյանի գրառումներից, փոխարենը հակիրճ մի քանի տեղեկություն հայտնեց։
«Այս գրառումներում գրված է, որ դեպքի նախորդող օրերին արծարծվել է այդ տարածքում ինչ-որ խմորումների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի անունը, որ ԱԺ պատգամավոր է։ Նա որոշակի առնչություն է ունեցել հրդեհին նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին։ Եվ երկրորդ՝ ինձ փոխանցված տեղեկություններում առկա է նաև ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս գործող քրեական խմբավորումների ներկայացուցիչների անուններից այդ տարածք ներկայանալու կամ ինչ-որ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին»,- պատմեց Նորայր Նորիկյանը։
Նա հորդորեց Եղիշե Հակոբյանին և մյուս մեղադրյալներին հարցաքննության ժամանակ ներկայացնել ճշմարտությունը և ասել այն ամենը, ինչը չեն ասել այսքան ժամանակ։
Նորայր Նորիկյանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի դատակոչվել և հարցաքննվել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան փորձաքննությունների բաժնի պետը, ով բացառել է այն հանգամանքը, որ կացարանում վառվող փայտե վառարանից կարող էր առաջանալ շմոլ գազ։
«Դա նշանակում է, որ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներն այն մասին, որ զինվորների մահը վրա է հասել շմոլ գազի և ջերմային ներգործության միջոցով, ընդ որում՝ կենդանության օրոք, բավականին վիճահարույց են դառնում»,- ասում է Նորիկյանը։ Նրա խոսքով՝ եթե կացարանում շահագործվող վառարանից հնարավոր չէր շմոլ գազի առաջացումը, ապա հրդեհի բռնկման պահին կացարանում ենթադրաբար այլ գործունեության արդյունքում է առաջացած եղել շմոլ գազ։ «Որտեղի՞ց ու ի՞նչ հանգամանքներում է առաջացել այդ շմոլ գազը և ամենակարևորը՝ ո՞ր պահից է սկսել առաջանալ»,- հարցնում է փաստաբանը։
Ամփոփելով խոսքը՝ Նորիկյանն արձանագրեց, որ նախորդ երեք տարիների ընթացքում պատասխանների փոխարեն ավելացել են հարցերը. «Երեք տարվա ընթացքում ոչ միայն զինծառայողների ծնողները, այլև հասարակությունը այդպես էլ չիմացավ, թե ինչ է տեղի ունեցել և ի՞նչ է թաքցվում։ Ծնողների և հասարակության կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը՝ իրավասու մարմինների փնթի, ոչ կոմպետենտ, ոչ սրտացավ և պատասխանատու գործունեության հետևանքով այդ կասկածները ավելի մեծացան»,- ասաց Նորայր Նորիկյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել