HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Այսօր ես դրել եմ մուգ ակնոց, որովհետև տեսնում եմ ապագան, ու այն շատ պայծառ է. Դեյվիդ Լինչ

Մինչև վերջ կոճկած շապիկ, հետ սանրած մազեր, մուգ ակնոցներ։ Երազների և առեղծվածի վարպետ Դեյվիդ Լինչի էսթետիկան առանձնանում էր ոչ միայն ֆիլմերում։ 

«Կինոն պետք է աշխատի ինչպես երազը, այն պետք է ոչ թե բացատրի, այլ զգացվի։ Ֆիլմը պետք է հաղորդի այն, ինչ բառերը չեն կարողանում»,- ասում էր ռեժիսոր, երաժիշտ, գրող, նկարիչ Դեյվիդ Լինչը։ Այսօր՝ հունվարի 20-ին, նա կդառնար  80 տարեկան։ 

Վերջին տարիներին Լինչը ապրում էր մեկուսացած իր տուն-ստուդիայում։ Նրա մոտ հայտնաբերվել էր էմֆիզեմա (թոքերի հիվանդություն)։ 2025թ-ի հունվարի 16–ին նրա ընտանիքը տարածեց հաղորդագրություն. «Աշխարհում առաջացել է մեծ անդունդ, քանի որ նա այլևս մեզ հետ չէ, բայց ինչպես նա կասեր` «Պահեք ձեր աչքը դոնաթի, այլ ոչ թե նրա անցքի վրա»»։

Դեյվիդ Լինչը վերջին հարյուրամյակի ամենամեծ սյուրռեալիստներից էր կինոաշխարհում։

Լինչի հեղինակային ոճի ամենավառ օրինակներից է «Կապույտ թավիշ» (1986թ.) Ֆիլմը․ փոքր քաղաքի խաղաղ քողի տակ թաքնված են ցանկությունների  պոռթկումները, որտեղ իրականությունը խառնվում է երազի հետ։

Blue Velvet Poster.jpg (251 KB)

Լինչի «Թվին Փիքս»-ը (1993թ.) դարձավ հեղինակային կինոյի հաղթանակը կոմերցիոն դաշտում։ Այն պարզապես սերիալ չէր, այլ մշակութային ֆենոմեն։ «Ո՞վ սպանեց Լորա Փալմերին» հարցը 90-ականներին քննարկում էր ամբողջ կինոաշխարհը։

Շատ քննադատների կարծիքով` Դեվիդ Լինչի բարձրակետը «Մալհոլանդ Դրայվ»-ն է (2001 թ.)։ Սյուժեն խճճված է, չկա գիծ. երկու գլխավոր հերոսուհիների անցյալն ու ներկան, հիշողություններն ու երազները խառնված են։ Դիտորդը ինքնուրույն պետք է հավաքի պատմության կտորները, փորձի անջատել իրականությունը  երևակայությունից։ Այն նման է գլուխկոտրուկի, որը հնարավոր չէ ամբողջությամբ լուծել տրամաբանությամբ, այն պետք է «զգալ»։

Լինչը նոր գաղափարներ գտնելը  համեմատում էր ձուկ որսալու հետ․ մակերեսի մոտ պարզ, սովորական մտքեր են՝ «փոքր ձկներ», խորքում` ուժեղ, ինքնատիպ գաղափարներ՝ «մեծ ձկներ»։

Նոր գաղափարներ գտնելու համար Լինչին օգնում էր մեդիտացիան։ Լինչը իր «Catching the Big Fish» գրքում պատմում է, թե ինչպես սուզվել ենթագիտակցության խորքեր և որսալ մեծ ձկներ։

Լոքդաունի, առողջական խնդիրների պատճառով 2020թ.-ից Լինչը մեկուսացել էր Լոս Անջելոսի իր առանձնատուն-ստուդիայում։ Ստեղծագործական սահմանափակումների մեջ լինելով` նա որոշեց վարել յութուբյան ալիք, որտեղ կկարողանար ամենօրյա շփում ունենալ իր լսարանի հետ։ Մեդիտացիայի սիրահար Լինչը  հավատում էր առօրյա ռիտուալների ուժին։ Ամեն օր, նույն ժամին եղանակի մասին խոսելը կամ «կախարդական» պարկից օրվա թիվ հանելը նրան օգնում էր պահպանել ներքին հավասարակշռությունը։ Նա ցանկանում էր այդ կայունության զգացումը փոխանցել իր հետևորդներին։ Յութուբյան ալիքը նրա համար դարձավ մի փոքրիկ արվեստանոց։ Նա այնտեղ տեղադրում էր նաև հոլովակներ, թե ինչի վրա է Դեյվիդն աշխատում այսօր, թե ինչպես է նա իր արվեստանոցում իրեր սարքում, նկարում։

Նրա ալիքը դարձավ թերապևտիկ վայր հազարավոր մարդկանց համար։ Մարդիկ սպասում էին նրա «Good morning!»-ին և պարզ տեղեկությանը, թե ինչ եղանակ է այսօր սպասվում Լոս Անջելեսում։

Այս հոլովակներից մեկում է երազների վարպետը արել արդեն թևավոր դարձած արտահայատությունը՝ «Այսօր ես դրել եմ  մուգ ակնոց, որովհետև տեսնում եմ ապագան, ու այն շատ պայծառ է»:

Դեյվիդ Լինչը մահացավ 2025 թ.-ի հունվարի 16-ին, 78 տարեկան հասակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter