Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում
Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։
AnewZ ադրբեջանական միջազգային հեռուստաալիքի յութուբյան ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց մեկ ու կես ժամանոց ֆիլմ՝ Բաքվում բանտարկված հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի կամուրջն անցնելիս՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման ժամանակ։ Նրան այնուհետև տեղափոխել էին Բաքու և առաջադրել մի շարք կեղծ մեղադրանքներ, ինչպես՝ «ահաբեկչության ֆինանսավորում», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում և գործունեությանը մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» և այլն։ Բաքու տարվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ հացադուլ է արել՝ հայ գերիների ազատ արձակման, Բաքվում արդար դատավարության պահանջներով։ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն չէր տրվել ծանոթանալ պաշտոնական մեղադրական եզրակացությանը, նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմին հնարավորություն չի տրվել մուտք գործել Ադրբեջան և իրականացնել նրա պաշտպանությունը։ Նրա գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։
Ֆիլմը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն: Ֆիլմում ներառված են հատվածներ նախկինում Արցախի ԱԽ քարտուղար, ռազմական ու քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի, Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ժողովի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ իսպանական TPTM Media-ին տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում են կա՛մ Ռուբեն Վարդանյանի, կա՛մ այնպիսի կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ Ռուբեն Վարդանյանը առնչություն է ունեցել: Մինչդեռ նրանք համաձայնել էին հարցազրույց տալ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար:
The Oligarch’s Design կամ «Օլիգարխի նախագիծը». ինչի՞ մասին է ֆիլմը
Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմի առաջին հատվածը 2019 թվականին իրականացված «Տրոյկա լվացքատուն» հետաքննությունն է: AnewZ-ը, առանց որևէ աղբյուր նշելու, ֆիլմի մեծ մասը նկարել է հենց այս հետաքննության հիման վրա։
OC Media-ն, ուսումնասիրելով ֆիլմի արտադրության ներքին աշխատանքային որոշ նյութեր, պարզել է, որ արտադրության առանցքում եղել է թուրք մեդիաաշխատողների խումբ, որոնք սերտ մասնագիտական կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Նրանցից մեկը՝ Աթական Քերքուքլուն, նախկինում ներկայացրել է Ադրբեջանի կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր և շրջագայել է ադրբեջանական դեսպանատներով՝ դրանք ցուցադրելու համար, որոնց թվում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված ֆիլմ։ Մյուսը Օմեր Ֆարուք Թունջն է, որը Թուրքիայի ամենախոշոր պետական լրատվամիջոցներից մեկի՝ Anadolu Ajansı-ի ավագ պրոդյուսեր է։
Ֆիլմն անդրադառնում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում, հատկապես շրջափակման ընթացքում ունեցած գործունեությանը: Նա ներկայացվում է խիստ բացասական քողի տակ: Նրան մեղադրում են Արցախում շրջափակման ընթացքում ժողովրդի մեջ ներքին հակասություններ առաջացնելու, անջատողականություն սերմանելու և նույնիսկ Արցախում երեխաներին ռազմական գործողությունների դրդելու մեջ։ Ֆիլմի նկարագրության մեջ այն ներկայացված է որպես հետաքննական-վավերագրական, իսկ հեղինակների կամ արտադրողների մասին որեւէ հիշատակում չկա:
Ֆիլմում որպես փորձագետներ են ներկայացվում ադրբեջանական պետական քարոզչությամբ զբաղվող անձինք: Օրինակ՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար (1998-1999թթ․), քաղաքական գործիչ Թոֆիկ Զուլֆուգարովը, որը եղել է Ադրբեջանի դեսպանը Էստոնիայում և Լատվիայում։
Ներառվել են նաև հատվածներ Ֆարհադ Մամեդովի, Օրխան Ամաշովի, Արզու Զեյնալաբդիեւայի, ինչպես նաև Ուկրաինայի մի քանի քաղաքական գործիչների հետ հարցազրույցներից։
Նշվածներից Ֆարհադ Մամեդովը 2025 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան որպես քաղհասարակության ներկայացուցիչ ադրբեջանական պատվիրակության կազմում։ Նա եղել է Ադրբեջանի նախագահի վերահսկողության տակ գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, իսկ ներկայում Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է։
Ֆիլմում հարցազրույցներից մեկը AnewZ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Օրխան Ամաշովի հետ է, որտեղ նրա խոսքը որպես փորձագիտական կարծիք է ներկայացվում: Նա AnewZ-ի գլխավոր խմբագիրն է 2024 թվականից: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նա մասնակցում էր Լաչինի միջանցքում հավաքված այսպես կոչված «էկոակտիվիստների» հավաքին։ Այդ ժամանակ նա Azernews թերթի գլխավոր խմբագիրն էր։ Ամաշովն իր սոցցանցերում (Instagram, X) և հաղորդումներում ներկայանում է որպես միջազգային իրավաբան ու քաղաքական մեկնաբան, հաճախ է ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով:
Բոլոր նշվածները Վարդանյանին մեղադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին խանգարելու մեջ՝ առաջ քաշելով այն միտքը, թե իբր այդ գործընթացը խաթարելու համար է նրան Արցախ ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանում նկարահանված հարցազրույցները
Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին, բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը (Carmen Dolores Francisco Marques)։ Նա հարցազրույցների կազմակերպման և նկարահանման համար դիմել է Հայաստանում ֆրիլանս ֆիլմարտադրող Միքայել Դիշունցին:
Վերջինիս խոսքով, իր հետ կապ են հաստատել Բուլղարիայից (Դիշունցը հրաժարվել է բացահայտել անունները կամ կազմակերպությունը) և առաջարկել են համագործակցել իսպանական TPTM Media-ի լրագրող Կարմեն Մարկեսի հետ՝ հարցազրույցներ կազմակերպելու և նկարահանելու համար։ Առաջարկին Միքայել Դիշունցը համաձայնել է։ Մարկեսը ներկայացրել է Հայաստանի մասին ծրագրված ֆիլմի նկարագրությունը և մարդկանց ցանկ, ում հետ ցանկանում էր հանդիպել հարցազրույցի նպատակով։
Դիշունցի խոսքով՝ ինքը հաճախ է կազմակերպում նկարահանումներ, և դա իր համար եղել է հերթական պատվերներից մեկը, իսկ կազմակերպությունը (TPTM Media Spain SL) լուրջ տպավորություն է թողել, ուստի կասկածելի չի եղել իր համար։
«Իմ աշխատանքը կայացել է ներկայացված ցանկի մարդկանց հետ կապ հաստատել, պայմանավորվել հարցազրույցի համար ու տեսանկարահանել հարցազրույցները։ Մենք լրիվ ուրիշ թեմայով հարցազրույցներ ենք կազմակերպել ու այստեղ պարզապես ապահովել ենք օպերատորի, լուսավորողի ու թարգմանչի աշխատանքը»,- պատմում է Դիշունցը։
Իրեն ուղարկված ցանկում մոտ տասը հոգու անուն է եղել, որից Դիշունցը կարողացել է խոսել ու պայմանավորվել միայն չորսի հետ։ Ինչպես Միքայել Դիշունցը, այնպես էլ Կարմեն Մարկեսը հրաժարվել են մեզ ասել, թե ի սկզբանե ում հետ պետք է կազմակերպվեին հարցազրույցները։ Հայաստանում նկարահանումները տևել են 5 օր։ Ֆիլմի հրապարակումից հետո, որտեղ ընդգրկված էին նաև Հայաստանում արված հարցազրույցները, Դիշունցը կապվել է Կարմեն Մարկեսի հետ՝ պարզաբանման համար։
«Անցկացված հարցազրույցները Ռուբեն Վարդանյանի մասին չեն եղել, միայն ընթացքում լրագրողը (Կ. Մարկեսը - հեղ.) նաև Ռուբեն Վարդանյանին վերաբերող հարցեր է տվել։ Հրապարակված ֆիլմը որևէ կերպ չի առնչվում ի սկզբանե նկարագրված ֆիլմի հետ»,- ասում է Դիշունցը։
Կարմեն Մարկեսը Դիշունցին ասել է, թե իբր TPTM Media-ն ֆինանսական խնդիրների պատճառով թողել է ֆիլմի նախագիծը ու ստիպված է եղել վաճառել տեսանյութերը։
Ո՞վ է Կարմեն Մարկեսը
«Հետքը» խոսել է հարցազրույցներն անցկացրած լրագրողի՝ Կարմեն Մարկեսի հետ, որի խոսքով՝ TPTM Media-ն կիսատ է թողել ֆիլմի նախագիծը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին։
OC Media-ի տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Կարմեն Մարկեսը եղել է արտադրության առանցքային դերակատարներից մեկը։ OC Media-ն նաև պարզել է, որ Մարկեսը աշխատել է թուրքական պետական TRT World լրատվամիջոցում՝ որպես պրոդյուսեր։
Կարմեն Մարկեսն անցած տարվա փետրվարին կապ էր հաստատել «Հետքի» լրագրողներից մեկի հետ, ներկայացել էր որպես TPTM Media-ի բովանդակության մենեջեր ու առաջարկել համագործակցել այլ թեմայով վավերագրական ֆիլմի արտադրության շրջանակներում։ Մարկեսի հետ նամակագրության արդյունքում «Հետքի» լրագրողը, կասկածելի համարելով նրա գործունեությունը, հրաժարվել է համագործակցել։ Նույն թեմայով, որի առաջարկով դիմել էր Մարկեսը, ֆիլմ է հրապարակվել AnewZ լրատվամիջոցում հունվարի 16-ին՝ Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմից շուրջ մեկ ամիս անց։ Այս փաստերը թույլ են տալիս ենթադրել, որ Կարմեն Մարկեսը նկարահանումները կատարել է հենց AnewZ-ի համար:
Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմի հրապարակումից հետո «Հետքը» կապ էր հաստատել Մարկեսի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Նա հրաժարվել է պարզաբանել, թե ինչու է TPTM Media-ն հայտարարել, որ «թողել է նախագիծը», և ինչպես են Հայաստանում արված հարցազրույցները հայտնվել ադրբեջանական ֆիլմում՝ պատճառաբանելով, թե դա իր ընկերությանը վերաբերող գաղտնի տեղեկություն է։
Հարցին, թե ինչպես է ընտրել մարդկանց, որոնց հետ կազմակերպել են հարցազրույցները, Մարկեսը պատասխանել է, որ դա նույնպես գաղտնի տեղեկություն է, ու ինքը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրները։
«Ես խնդրել եմ ինձ տալ անուններ, ում հետ որ պետք է անեի հարցազրույցները, ես չգիտեմ Հայաստանը, և ես արել եմ հարցազրույցները նրանց հետ, ում հետ որ ինձ ասել են անել»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ նախագիծը թողնելուց հետո ինքը տեղյակ չի եղել տեսանյութերի ճակատագրից, բայց իր կարծիքով՝ «մատերիալը շուկա է գնացել, և տրվել է ինչ-որ մեկին կամ դիստրիբյուտորի, որտեղից էլ ադրբեջանցիները գնել են այն»։
Հարցին, թե ինչպես էր հնարավոր այդ տեսանյութերի վաճառքը, եթե Հայաստանում հարցազրույց տված անձինք համաձայնել են խոսել կոնկրետ ֆիլմի համար, Մարկեսը պատասխանել է․
«Երբ ես արել եմ հարցազրույցները, նրանք ստորագրել են փաստաթուղթ, որտեղ համաձայնել են, որ հարցազրույցները կարող են օգտագործվել տարբեր տեղերում, դիստրիբյուտորի կարող են փոխանցվել։ Օրինական տեսանկյունից, նրանք (հարցազրույց տված անձինք) ոչինչ չեն կարող անել»,- ասել է Մարկեսը մեզ հետ զրույցում։
Սակայն, երբ խնդրեցինք ցույց տալ այդ փաստաթուղթը, Մարկեսն ասաց, որ դա նույնպես գաղտնի տեղեկություն է ու հրապարակման ենթակա չէ:
Միքայել Դիշունցի խոսքով՝ հարցազրույց տված անձինք տեսանկարահանումները ֆիլմում օգտագործելու գրավոր համաձայնություն են տվել, ինչը չի կարող դրանց վաճառքի մասին կետ պարունակել։ Հայաստանում հարցազրույց տված անձինք նույնպես նշում են, որ իրենք որևէ համաձայնություն չեն տվել իրենց հարցազրույցներն այլ, այդ թվում՝ ադրբեջանական ֆիլմում օգտագործելու կամ դրանք որևէ մեկին վաճառելու համար, համաձայնությունը եղել է կոնկրետ ֆիլմի համար։
TPTM Media-ին պաշտոնական հարցում ուղարկելուց և պատասխան չստանալուց հետո փորձել ենք կապ հաստատել TPTM Media-ի կայքում (https://www.tptm-media.com/, կայքը հիմա չի գործում) որպես այս ընկերության աշխատող ներկայացվաած Հելենա Ավիլեսի հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։ Մեր այս հարցումներից հետո Կարմեն Մարկեսը մեզ նամակ է գրել՝ պաշտոնապես ներկայանալով որպես TPTM Media-ի ղեկավար ու հորդորելով չանհանգստացնել ընկերության աշխատողներին ու ֆիլմի շրջանակներում իրենց հետ համագործակցած որևէ մեկի։
TPTM Media Spain SL սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնվել է 2020 թվականի փետրվարին: Բաց աղբյուրների համաձայն՝ Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը այս ընկերության տնօրենն է ստեղծման պահից: Այս փաստը Կարմեն Մարկեսը թաքցրել է մեր առաջին խոսակցության ընթացքում՝ ներկայանալով որպես TPTM Media-ի լրագրող ու ընկերության Լոնդոնի մասնաճյուղի ղեկավար:
Կարմեն Մարկեսը մեզ միաժամանակ գրել է, որ ինքը երբևէ չի պնդել, թե ֆիլմի նախագիծն ընկերությունը թողել է ֆինանսական խնդիրների պատճառով՝ այսպիսով հակասելով ինքն իրեն։
Մարկեսը հավելել է, որ ֆիլմի հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ ֆիլմը հրապարակած ադրբեջանական լրատվամիջոցին, և որ ինքը կամ TPTM Media-ն որևէ պատասխանատվություն չունեն կատարվածի համար:
Ի՞նչ են խոսել Հայաստանում, և ի՞նչ է օգտագործվել
Հայաստանում հարցազրույցներն անցկացվել են Սամվել Բաբայանի, Գրիգորի Մարտիրոսյանի, Ռուբեն Հայրապետյանի և Տիգրան Խզմալյանի հետ։ Սամվել Բաբայանի հետ հարցազրույցը կազմակերպվել է՝ նշելով, որ ֆիլմը վերաբերելու է Հայաստանի եվրաինտեգրմանը, 2023 թվականի արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու Հայաստանի զարգացման հեռանկարներին։ Իսկ, օրինակ, Գրիգորի Մարտիրոսյանի հետ հարցազրույցի կազմակերպման ժամանակ այս թեմաների մասին որևէ խոսք չի եղել։ Նրան ասել էին, թե հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության մասին է լինելու, որի գլխավոր տնօրենը Մարտիրոսյանն է։
Վերջինիս խոսքով՝ հարցազրույցը եղել է Արցախում և Հայաստանում «Մենք ենք մեր սարերը» գործակալության իրականացրած ծրագրերի, մարդկանց կյանքի վրա կազմակերպության ազդեցության և այդ ամենում Ռուբեն Վարդանյանի դերակատարության մասին։
Ժամից ավելի տևած հարցազրույցներից ֆիլմում ընդգրկվել են մի քանի րոպեանոց հատվածներ։ Մասնավորապես, Սամվել Բաբայանից այն հատվածն է, որտեղ նա խոսում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում պետական պաշտոն զբաղեցնելու մասին։
Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցից նույնպես Ռուբեն Վարդանյանին վերաբերող հատվածներն են ներառվել։ Իր խոսքում Խզմալյանն ասում է, որ իր կարծիքով՝ «Ռուբեն Վարդանյանը ռուսական ագենտ էր ու հատուկ առաքելությամբ էր ուղարկվել Արցախ»։
«Հետքի» հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշել է, որ իր ասածի համար չի զղջում, միայն ափսոսում է, որ դա օգտագործվել է ադրբեջանական ֆիլմում։
«Սովորական հարցեր էին, կասկածելի բան չէի տեսնում, միայն ինչ-որ պահի կենտրոնացան Ռուբեն Վարդանյանի վրա, ինչը նորմալ էր ինձ համար, քանի որ Փաշինյանի մասին էլ կային հարցեր»,- ասել է Խզմալյանը։
Գրիգորի Մարտիրոսյանի հետ հարցազրույցից «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության մասին հատվածներն են ներառվել, որտեղ Մարտիրոսյանը պատմում է Արցախում դրա գործունեության, «Դավիթ Բեկ» նախաձեռնության ու Ռուբեն Վարդանյանի՝ շրջափակման ընթացքում իրականացրած գործունեության մասին։
Հայաստանի մասին «չստացված» ֆիլմը
Կարմեն Մարկեսը Միքայել Դիշունցին իր ուղարկած փաստաթղթում, որը հրապարակվել է Սամվել Բաբայանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ներկայացրել է Հայաստանի մասին ֆիլմի նկարագրությունը։ Ֆիլմի վերնագիրը պետք է լիներ՝ «Կամուրջներ եզրին. Հայաստանը մայրցամաքների միջև» (Bridges at the Edge: Armenia Between Continents): Ըստ այս փաստաթղթի՝ վավերագրական ֆիլմում Հայաստանը ներկայացվելու էր որպես «խորը մշակութային արմատներ ունեցող երկիր, որը փորձում է գտնել իր տեղը փոփոխվող աշխարհում»։
Փաստաթղթի համաձայն՝ ֆիլմի մեջ պետք է ընդգրկվեին Հայաստանի և ԵՄ-ի մտերմացող հարաբերությունները, երիտասարդների, քաղհասարակության դերը ժողովրդավարական և կառավարման բարեփոխումների առաջմղման գործում: Հաջորդ մասում պետք է խոսվեր, թե ինչպես են 2023 թվականի արցախյան դեպքերն ազդել ազգային առաջնահերթությունների և քաղաքական խոսույթների վրա։ Ասվում է, որ ֆիլմի նպատակն է ներկայացնել հայերին աշխարհին այնպիսին, ինչպիսին հայերն են իրենք իրենց տեսնում:
Փաստաթղթում ասվում է, որ ֆիլմը արտադրության փուլում է և կներկայակցվի MIPCOM հարթակին՝ միջազգային դիստրիբյուցիայի համար: Միաժամանակ ասվում է, որ իրենք «բանակցությունների մեջ են Fremantle և Netflix կազմակերպությունների հետ, որոնք թեմայի նկատմամբ որոշակի հետաքրքրություն են հայտնել»: Ֆիլմի ռեժիսորն, ըստ փաստաթղթի, Ջեյք Սվանտկոն է: Վերջինս 2020 թվականին արտադրված «Այլախոհը» (The Dissident) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է:
«Հետքը» փորձել է կապ հաստատել Ջեյք Սվանտկոյի հետ՝ պարզելու, թե արդյոք ինքը որևէ կապ ունի Հայաստանի մասին նշված ֆիլմի նախագծի հետ: Մինչ այս պահը նա չի արձագանքել սոցցանցային էջերով իրեն ուղղված մեր նամակներին:
Հավատարմագրվելը պարտադիր է
«Հետքը» հարցում է ուղարկել ՀՀ արտգործնախարարություն՝ տեղեկանալու, թե արդյոք TPTM Media Spain ընկերությունից որևէ մեկը, Կարմեն Մարկեսը կամ հենց ընկերությունը դիմել են ԱԳՆ-ին՝ Հայաստանում հավատարմագրում ստանալու, հարցազրույցներ անելու կամ ֆիլմարտադրության նպատակով: Արտգործնախարարությունը հայտնել է, որ նման դիմում չի ստացել:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ ՀՀ այցելող, օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանում պետք է բացառապես իրականացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում։
Մենք հարցրել ենք Կարմեն Մարկեսին, թե ինչու ինքը կամ ընկերությունը չի դիմել հավատարմագրման համար: Նա այս հարցին չի արձագանքել: Միայն պահանջել է այլևս չփորձել կապ հաստատել իր հետ:
«Հետքը» պաշտոնական մեկնաբանություն է խնդրել նաև ադրբեջանական լրատվամիջոցից, թե ինչպես են այլ ֆիլմի համար նախատեսված հարցազրույցները հայտնվել Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմում: Սակայն լրատվամիջոցը չի արձագանքել նամակին:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ առաջին հերթին խախտվել է հարցազրույց տված անձանց հեղինակային իրավունքը։
«Օրենքի տեսանկյունից հարցազրույցի հեղինակային իրավունքը կիսվում է։ Այս դեպքում նախ հեղինակային իրավունքն է խախտվել։ Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե հեղինակային իրավունքը պայմանագրում կամ համաձայնության մեջ ինչպես է կարգավորվել կամ սահմանվել։ Եթե դա չի արվել, ապա պետք է առաջնորդվել նշված օրենքով»,- ասում է Արա Ղազարյանը։
Արա Ղազարյանի խոսքով՝ հարցազրույց տված անձինք իրավունք ունեն պահանջել, որ ֆիլմը չօգտագործվի, եթե աղավաղվել է դրա բովանդակությունը, իսկ քանի որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանում, կարող են դատարան դիմել Հայաստանում։
Այս պատմությունը ցույց է տալիս, թե պարզ մոլորեցման եղանակով, այլ ֆիլմ նկարելու պատրվակով արված տեսանյութերը՝ լինեն հարցազրույցի, թե այլ կադրեր, ինչպես կարող են օգտագործվել ադրբեջանական պետական քարոզչության նպատակով՝ առանց հարցազրույց տված անձանց համաձայնության և առանց հրապարակային պատասխանատվության: Ադրբեջանը պետական ու հակահայկական քարոզչության համար մեծ գումարներ է ծախսում՝ հաճախ օգտագործելով այլ երկրների լրագրողների ու կազմակերպությունների։
Մինչ բոլոր ներգրավված կողմերը շարունակում են լռել, հարցը մնում է առկախված․ ո՞վ և ի՞նչ պատասխանատվություն է կրում Հայաստանում նկարահանված, սակայն այլ նպատակներով կիրառված նյութերի համար։
Գլխավոր նկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, Հետք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել