HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

50 օր ուշացած արձագանք ՊԵԿ-ից և մաքսային վերահսկողության բացեր. ինչ է պատմում Optimax-ի ներկայացուցիչը

Հայաստանում «Optimax» անվամբ կեղծ ախտահանիչների շրջանառության վերաբերյալ «Հետքի» հրապարակումից հետո, որն ապրանքը ներկրող ընկերության ահազանգից 50 օր անց էր եղել, ՊԵԿ-ն արձագանքել է խնդրին։ Այդ ընթացքում ապրանքը մնացել է շուկայում՝ պոտենցիալ վտանգ ստեղծելով մարդկանց առողջության համար։ Հունվարի 20-ին «Խաչպար» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սմբատ Բալասանյանին ՊԵԿ-ը հրավիրել է հանդիպման։ Բալասանյանի խոսքով՝ իր անհանգստությունը վերաբերում է ոչ միայն կեղծ արտադրանքին, այլև պետական վերահսկողության համակարգային բացերին՝ հատկապես մաքսային հսկողության փուլում։

Ապրանք՝ առանց արտադրության ժամկետի

Ըստ Սմբատ Բալասանյանի՝ կիրառման ժամկետ ունեցող բոլոր ապրանքները, անկախ նրանից՝ սննդամթերք են, կոսմետիկ, ախտահանիչ կամ բժշկական միջոց, պարտադիր պետք է ունենան արտադրության ամսաթիվ և պիտանիության ժամկետ։

«Եթե տարայի կամ պիտակի վրա չկա արտադրության ամսաթիվը, ապա անհնար է հասկանալ՝ ապրանքը երբ է արտադրվել։ Դա կարող է լինել մեկ, հինգ կամ նույնիսկ քսան տարի առաջ։ Այդպիսի ապրանքն ինքնին դառնում է պոտենցիալ վտանգավոր»,-ասում է նա։

Կեղծ Optimax-ի վրա բացակայում են արտադրության ամսաթիվը և հստակ մակնշումները, իսկ պիտակների վրա առկա են տառասխալներ, որոնք պետք է արդեն իսկ կասկած հարուցեին մաքսային ծառայողների մոտ։ 

Մաքսային օրենսդրության պահանջները

ՀՀ մաքսային օրենսդրության և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝

  • ապրանքի մակնշումը պետք է լինի հստակ, ճշգրիտ և ամբողջական,
  • սպառողին պետք է հասանելի լինի տեղեկություն արտադրողի, արտադրության ամսաթվի, կիրառման ժամկետի և անվտանգության վերաբերյալ,
  • այդ պահանջներին չհամապատասխանող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում։

Բալասանյանի համոզմամբ՝ տվյալ դեպքում մաքսային մարմինը պարտավոր էր ապրանքը կամ չթույլատրել մաքսազերծել, կամ անմիջապես առգրավել և ոչնչացնել։

«Սա այն դեպքն է, երբ նույնիսկ մեկ փաստը՝ արտադրության ժամկետի բացակայությունը, բավարար էր, որպեսզի ապրանքը չմտներ Հայաստան, այն էլ՝ որպես ախտահանիչ, որը հավասարեցված է բժշկական պարագաներին ու նյութերին»,֊ընդգծում է նա։

50 օր ուշացած արձագանք

Սմբատ Բալասանյանի խոսքով՝ իր դիմումից ավելի քան 50 օր անց Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կապ են հաստատել իր հետ և հրավիրել հանդիպման։ Հանդիպման ընթացքում նրան տեղեկացրել են, որ ՊԵԿ-ը որոշ գործողություններ է իրականացրել, մասնավորապես՝ այցելել են վաճառքի կետեր, առգրավել որոշ քանակի ապրանք և դադարեցրել դրա վաճառքը։ ՊԵԿ-ի գործությունների՝ առգրավման, վարչարարության մասին ոչ Սմբատ Բալասանյանը, ոչ էլ «Հետք»-ը պաշտոնական գրություն չի ստացել։

ՊԵԿ աշխատակիցները Բալասանյանին ասել են, թե իրենց գործունեության շրջանակը սահմանափակ է,  ընդգծել, որ իրենք հիմնականում իրականացնում են հարկային և ակցիզային վերահսկողություն, ստուգում են ներմուծման փաստաթղթերը, մաքսային վճարների և հարկերի վճարումը։ Նրանց խոսքով՝ ապրանքը մաքսազերծվել է, վճարվել են համապատասխան մաքսային վճարները, և այդ փուլում իրենց գործառույթները համարվել են ավարտված։

Սմբատ Բալասանյանն, իր խոսքով, հակադարձել է՝ նշելով, որ ՊԵԿ գործառույթները չեն սահմանափակվում միայն վճարների գանձմամբ։ ՊԵԿ աշխատակիցները պետք  է իրականացնեին ապրանքի մակնշման, օրինականության և անվտանգության ստուգում։

Բալասանյանի փոխանցմամբ՝ ՊԵԿ աշխատակիցները հրաժարվել են հրապարակել ներմուծողի, արտադրողի և մատակարարման շղթայի վերաբերյալ որոշ տեղեկություններ՝ առևտրային գաղտնիքի պատճառաբանությամբ։ Միայն հայտնել են, որ ապրանքը Չինաստանից է ներմուծվել։

ՊԵԿ-ի ներկայացուցիչներն առաջարկել են, որ Սմբատ Բալասանյանը որպես շահագրգիռ կողմ ինքնուրույն ապրանքը ներկայացնի լաբորատոր փորձաքննության։ Վերջինս, սակայն, ընդգծել է, որ նման փորձաքննությունը չի կարող իրավական հիմք հանդիսանալ, քանի որ փորձաքննությունը պետք է իրականացվի պետության կողմից, որպեսզի դրա արդյունքները հավաստի համարվեն ներմուծողի և վերահսկող մարմինների համար։

«Ո՞նց եք պատկերացնում՝ որպես շահագրգիռ կողմ ես գնամ փորձաքննության ներկայացնեմ, իրենք դա հաշվի կառնե՞ին, մի քանի հոգով նստել ու ինձ համոզում էին, որ խնդիրը համակարգի թերի աշխատանքը չէ»,-ասում է նա։

Սմբատ Բալասանյանի խոսքով՝ հանդիպման ավարտին աշխատակիցները կրկին հղում են արել իրենց ընթացակարգերին՝ նշելով, որ օրենքով սահմանված ժամկետներում ունեն մինչև 60 օր պատասխան տրամադրելու հնարավորություն։ Սակայն նա հակադարձել է՝այս դեպքում խնդիրը ոչ թե պատասխան գրելու ժամկետն է, այլ այն, որ այդ ընթացքում շուկայում շարունակել է շրջանառվել կասկածելի և վտանգավոր ապրանք։

Սմբատ Բալասանյանի խոսքով, արտադրող ИНТЕРСЭН-плюс ընկերությունը դեռ դեկտեմբերի 1-ին էր ՊԵԿ ուղարկված պաշտոնական գրությամբ հայտնել, որ հայտնաբերված ապրանքն իրենց արտադրանքը չէ։ ՊԵԿ-ը, սակայն, չի պատասխանել արտադրողին։

«Հարցն այն չէ, թե ինչ նյութ կա դրա մեջ։ Հարցն այն է, որ այս ապրանքը Հայաստանի տարածք ներմուծելու իրավունք չկար։ Սա մաքսային հսկողության բացթողում է, ես ներմուծողին չեմ մեղադրում, քանի որ նա տեսել է էժան ապրանք, բերել է, հարկերը մուծել և վաճառել, իր սխալն այն է, որ չի մտածել, որ կարող է վնասել որևէ մեկին։ Քանի որ ախտահանիչը սովիրական օճառ չէ։ 50 օրվա ընթացքում այդ ապրանքը կարող էր վաճառվել տասնյակ մարդկանց։ Իսկ ախտահանիչների դեպքում սա նշանակում է, որ մեկ շիշը կարող են օգտագործել մինչև մեկ տարի։ Քանի որ 1 լիտր խտանյութը կարելի է նոսրացնել մինչև 200 լիտր ջրում, իսկ ստացված լուծույթն օգտագործել բազմակի։ Այսինքն՝ վտանգը չի ավարտվում անգամ վաճառքի դադարեցմամբ, իսկ թե երբ են դադարեցրել վաճառքը, ոչ ոք չգիտի»,-ասում է նա։

Սմբատ Բալասանյանը կոչ է անում մարդկանց չկիրառել կեղծ ախտահանիչները, եթե ձեռք են բերել։ «Սա իրական արտադրողի արտադրանքը չէ և չունի օրինական ներմուծման թույլտվություն։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ դրա օգտագործման արդյունքում։ Քանի որ պաշտոնական ներկայացուցիչը ես եմ, հնարավոր խնդիրների դեպքում առաջինն իմ դուռն են թակելու՝ որպես Optimax ներմուծող»,-ընդգծում է նա։

Սմբատ Բալասանյանի գնահատմամբ՝ խնդիրը համակարգային է, և այս օրինակը ցույց է տալիս, որ վտանգավոր կամ կասկածելի ապրանքները կարող են հայտնվել շուկայում, քանի որ մաքսայինի աշխատակիցները թերի ուսումնասիրություն են կատարել։

«Եթե այսօր նման ապրանքը մտել է երկիր, վաղը կարող է մտնել մեկ ուրիշը։ Եվ եթե այս դեպքը չստանա համարժեք իրավական գնահատական, նույն սխալները կկրկնվեն»,- ասում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter