HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ամանորյա հանգիստ՝ առանց սննդի. տուժողներին չեն փոխհատուցում

Ծաղկաձորի «Ավրորա ռեզորթ» հյուրանոցում ամանորյա հանգիստ անցկացրած ընտանիքները խաբեության զոհ են դարձել. հանգստի փաթեթը չի համապատասխանել նախապես ներկայացված պայմաններին, իսկ փաթեթը վաճառած ընկերությունը խուսափում է փոխհատուցումից։ 

«Հետքի» խմբագրություն դիմած Լուսինե Չ-ն (ազգանունը չենք հրապարակում իր խնդրանքով) պատմում է, որ Ամանորյա փաթեթը ձեռք է բերել «Ուան Մենեջմենթ» (One Management) ընկերությունից։

«Ուան Մենեջմենթ»-ը, ըստ պաշտոնական կայքի, ծառայություններ է մատուցում հյուրընկալության, հյուրանոցային ու ժամանցային ոլորտներում՝ ներառյալ բիզնեսի կառավարման, շուկայավարման մասնագիտական խորհրդատվություն։ 

Ընկերության գովազդը Լուսինեն տեսել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Այն այժմ հեռացված է։

Ըստ Լուսինեի՝ ամանորյա փաթեթի արժեքը երկու անձի համար 480 հազար դրամ էր։ Այն ներառում էր գիշերակաց երկու օրվա համար, սնունդ և ամանորյա գալա ընթրիք։ Լուսինեն հինգ հոգու համար վճարել է մեկ միլիոն դրամից ավելի՝ 2 հյուրանոցային համարի համար։

«Փաստացի, երբ դեկտեմբերի 31-ին հասանք Ծաղկաձոր, պարզվեց, որ փաթեթում նշված ընթրիքը չկա։ Մտածեցինք, դե ոչինչ։ Կողքի սրճարանից ուտելիք պատվիրեցինք, կերանք։ Հետո, երբ եկավ ամանորյա գալա ընթրիքի ժամը, սեղանին ընդամենը մի շիշ ջուր, մի փոքր շիշ ջերմուկ, մի շիշ գազավորված ըմպելիք, ամառային աղցան, տոլմա և հայկական փրփրուն գինի էր։ Նոր տարվա սեղանին մրգեր, բազմազան ուտեստներ, որ փաթեթով նախատեսված էին, պարզապես չկար»,- ասում է նա։

Լուսինեի խոսքով, երբ հանգստացողները բողոքել են, հյուրանոցի ղեկավարությունը խոստացել է խնդիրը կարգավորել, սակայն հաջորդ օրն էլ իրավիճակը չի փոխվել։ Լուսինեն հաջորդ օրվանից սկսել է տեսագրել և լուսանկարել հյուրանոցի առաջարկած սնունդը, որպեսզի հետագայում ապացույցներ ունենա։ Հաջորդ երկու օրերին էլ նրանք ստիպված են եղել ուտելիք պատվիրել այլ տեղերից, քանի որ հյուրանոցը նորմալ սնունդ չի տվել։

Երբ բողոքել են, հյուրանոցը խոստացել է վերադարձնել սննդի համար վճարած գումարը։

«Երկու օրվա սնունդ էին հաշվել, անձը՝ 27 000 դրամ, գալա ընթրիքը՝ մեկ անձի համար 26 հազար դրամ։ Բողոքելուց հետո գալա ընթրիքի միայն 50 տոկոսն էին պատրաստ վերադարձնել»,- նշում է նա։

Լուսինեի պնդմամբ, հյուրանոցը ընդհանուր հաշվով պետք է իրեն վերադարձներ 300 000 դրամից ավել գումար, սակայն մինչ օրս չի փոխանցել։ Գործընթացը ձգձգվել է։ Օրեր անց հյուրանոցը պարտավորագիր է տվել գումարի վերադարձի մասին, որտեղ որպես վերջնաժամկետ նշված էր հունվարի 15-ը։ Սակայն մինչ օրս Լուսինեն և հյուրանոցում հանգստացած մյուս հյուրերը իրենց գումարները չեն ստացել։

Հունվարի 14-ից հետո Լուսինեի բոլոր զանգերը «Ուան Մենեջմենթ»֊ի ղեկավարությանը մնացել են անպատասխան։ Հունվարի 16-ին նա դիմել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ 

Լուսինեն միակ տուժածը չէ «Ուան Մենեջմենթ» ընկերության գործունեությունից։ Ծաղկաձորի  «Ավրորա ռեզորթ» հյուրանոցում Ամանորն անցկացրած բոլոր մարդիկ նույն խնդրին են առնչվել։ Նրանցից ոմանց ընկերությունը որպես փոխհատուցում առաջարկել է հանգիստ՝ իր ցանցի հյուրանոցներից մեկում։

Լուսինեն նման առաջարկ չի ստացել։ Ավելին՝ պնդում է, որ վատ կազմակերպման պատճառով այդ օրերին չեն կարողացել հանգստանալ, ֆինանսական կորուստներ են ունեցել, քանի որ ստիպված են եղել 3 օր, օրը  3 անգամ տարբեր տեղերից սնունդ պատվիրել։

«Ինձ համար կարևոր է, որ ամեն ինչ կազմակերպված լիներ այնպես, ինչպես նշված էր գովազդում, բավականին մեծ գումարի դիմաց չենք ստացել այն, ինչ պետք է նախատեսվեր, եթե ընկերությունը մեղավորություն չունենար, պարտավորագիր չէր տրամադրի տուժածներիս և գումարի վերադարձ չէր խոստանա»,֊ասում է նա։

«Ուան Մենեջմենթ»֊ի ցանցում, ըստ կայքում առկա տվյալների, հայաստանյան 3 հյուրանոց է գործում՝ «Ավրորա ռեզորթ»-ը՝ Ծաղկաձորում, «Նաչո» հյուրանոցը՝ Երևանում և «Կոնը»՝ Դիլիջանում։ Երեք հյուրանոց էլ Վրաստանում է գործում։ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ուան Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 30-ին։ 

Ընկերության կայքում, ֆեյսբուքյան էջում շեշտը դրված է բրենդի և ծառայությունների վրա, ղեկավարության վերաբերյալ տեղեկատվություն չկա։ 

Ռեգիստրում առկա տվյալների վերջին թարմացմամբ 2025 թվականի դեկտեմբերի 4-ից ընկերության 100 % բաժնետեր է Հրանտ Աղասյանը։

Հայաստանում «Ուան Մենեջմենթ»֊ի ղեկավարած երեք հյուրանոցների վարկանիշը Google-ում բավականին բարձր է։ Կան և դրական և բացասական մեկնաբանություններ։ Բացասական մեկնաբանությունները վերաբերում են հյուրանոցներում մատուցված սննդին, սանհանգույցների վիճակին, անձնակազմի վերաբերմունքին, նաև՝ փոխհատուցումներին։ Մի քանի հաճախորդներ նշել են, որ հյուրանոցներում առաջացած խնդիրների համար փոխհատուցում չեն ստացել, երբ բարձրաձայնել են դրանց մասին, ղեկավարությունը չի արձագանքել։

«Հետքը» փորձեց կապ հաստատել «Ուան Մենեջմենթ» ընկերության հետ։ Զանգահարեցինք կայքում նշված հեռախոսահամարով, պատասխան չստացանք, մեկ ժամ անց զանգեց ընկերության աշխատակիցներից մեկը։ Նրան հայտնեցինք, որ ղեկավարության հետ ենք ուզում խոսել ու որևէ տվյալ խնդրեցինք։ Ասաց, որ մեր խնդրած տեղեկությունը խորհրդապահական է, և քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է, ղեկավարությունից գրասենյակում ոչ ոք չկա։ Առաջարկեց զանգահարել հաջորդ օրն առավոտյան։ Այդպես էլ արեցինք, սակայն հեռախոսազանգին պատասխանող չեղավ։ Հաղորդագրություն գրեցինք՝ խնդրելով պատասխանել: 

Քիչ անց զանգահարողը ներկայացավ որպես ընկերության փոխտնօրեն, սակայն հրաժարվեց իր անունն ասել, միայն ազգանունը նշեց՝ Հովհաննիսյան։ Ասաց, որ միայն թեմայի մասին իմանալուց հետո կարող է որոշել՝ մեկնաբանություն տա՞, թե ոչ։ Երբ լսեց մեզ, ասաց, որ մեկնաբանություն չունի, քանի որ բոլորին փոխհատուցել են, իսկ բողոքողները կարող են ուղիղ կապ հաստատել իրենց հետ։ 

Հունվարի 22-ի դրությամբ Լուսինեն դեռևս արձագանք չի ստացել «Ուան Մենեջմենթ» ընկերությունից։ Նրա զանգերին ընկերության աշխատակիցները չեն պատասխանում։ 

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հունվարի 22-ին կապ են հաստատել Լուսինեի հետ և նշել, որ ընկերությանը երկշաբաթյա ժամկետ են տվել փոխտատուցելու համար, հակառակ դեպքում ընկերությունը վարչական պատասխանատվության կենթարկվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter