HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Իշխանությունները խախտում են կրոնական համայնքի ինքնավարության իրավունքը». Արա Ղազարյան

Եկեղեցի-հանրային իշխանություններ հարաբերություններում խորացող լարվածությունը դուրս է եկել քաղաքական հայտարարությունների շրջանակից և մտել սահմանադրական ու մարդու իրավունքների հարթություն։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին միջամտությունը խախտում է կրոնական համայնքի ինքնավարության իրավունքը, որը պաշտպանված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Իրավահարաբերության երկու սուբյեկտ կա՝ մեկը կրոնական կազմակերպություն է, որը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին է, մյուսը համայնքն է՝ եկեղեցու դավանաբանական հետևորդները: Տեսության համաձայն՝ առաջնայինը համայնքն է, որը ստեղծել է կազմակերպություն, որպեսզի կարողանա ոչ միայն իրացնել իրավունքները, այլև պաշտպանվել պետությունից: 

Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ համայնքն ունի շատ կարևոր իրավունք՝ ինքնավարության իրավունքը, որը պետությունը պարտավոր է հարգել՝ չեզոքություն դրսևորելու պարտավորությամբ, ինչն էլ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Այսինքն՝ համայնքի ներսի հարցերը՝ դավանաբանության հետ կապված մեկնաբանությունները, կազմակերպական եղանակը, ընդհուպ Կաթողիկոսի ընտրությունը, բացառապես ինքնավարության շրջանակներում պետք է դիտարկվեն, հանրային իշխանությունն իրավունք չունի միջամտել, քանի դեռ նրանց հետ կապված խնդիրներ չկան: Օրինակ՝ հոգևոր ճեմարանի դասախոսին պահանջներ են առաջադրվում, եթե նա աշխատավարձը ստանում է պետբյուջեից, այդ դեպքում հանրային իշխանությունը կարող է միջամտել բացառապես դասախոսի աշխատանքային իրավունքի կամ արտահայտվելու ազատության տեսանկյունից: Մնացած բոլոր հարցերը պետք է լուծվեն ինքնավարության շրջանակներում:

Կրոնական կազմակերպության ինքնավարությունն այն է, որ այդ կազմակերպությունն ինքն է որոշում իր ներքին հարցերը, առանց պետության կամ այլ արտաքին մարմինների միջամտության։ Ինքնավարությունը ներառում է՝ դավանանքի, հավատալիքների և ծեսերի ազատ իրականացումը, ներքին կառավարման ձևի ընտրությունը, այդ թվում՝ ղեկավար մարմինների ընտրությունը, հոգևորականների նշանակումները, ներքին կարգերի հաստատումը, կանոնական, դավանաբանական մեկնաբանությունները, կրթական, մշակութային և բարեգործական գործունեության կազմակերպումը և այլն:

Հայաստանում, օրինակ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին է որոշում՝ ով դառնա կաթողիկոս, ով դառնա քահանա, ինչպես անցկացվեն եկեղեցական արարողությունները, ինչ կանոններ լինեն եկեղեցու ներսում: Օրենքով պետությունը չի մասնակցում այդ որոշումներին և չի հրահանգում, թե եկեղեցին ինչ անի իր ներսում։ Սա է եկեղեցու ինքնավարությունը։ Կազմակերպությունը միայն իր ներքին հարցերն է ինքնուրույն որոշում, բայց շարունակում է գործել պետության օրենքների շրջանակում: Իսկ օրենքներով ներքին ընթացակարգերը չեն կարգավորվում: 

Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Այդ կազմակերպություններն անջատ են պետությունից: Պետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Սակայն, արդեն 7 ամիս է՝ եկեղեցու և իշխանությունների հարաբերությունները լարված են։ Իշխանությունները մեղադրում են հոգեւոր դասի վերնախավին  կուսակրոնության ուխտը խախտելու և այլ պետությունների շահը սպասարկելու մեջ։ Մայր Աթոռն էլ մեղադրում է իշխանություններին իրենց ներքին գործերին միջամտելու և ճնշումներ գործադրելու համար։ 2026թ. հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման» հայտարարություն են ստորագրել։ 

«Իմ կարծիքով, դրա նպատակն է՝ ստեղծել ինքնավարության նկատմամբ հարգանքի պատրանք, այն է՝ ցույց տալ, որ եկեղեցու բարեփոխման պահանջը գալիս է ներսից, այլ ոչ թե հանրային իշխանությունից։ Սակայն այս մոտեցումը հակասում է Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն անձամբ ու որպես վարչապետ այդ գործընթացին մասնակցելու հանգամանքին, որը դրսևորվեց իր անունը և հանրային ծառայության իր պաշտոնը եպիսկոպոսների անվան կողքը դնելով»,-ասում է Արա Ղազարյանը:

Իշխանությունների հաջորդ թեզը վերաբերում է եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելուն: Սակայն, մինչ  այժմ որևէ փաստ չի ներկայացվել, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ կամ վտանգ է ներկայացնում հանրային իշխանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Հնչել են բազմաթիվ կարծիքներ, վերլուծություններ, մտահանգումներ, եզրահանգումներ, սակայն չի ներկայացված որեւէ փաստ։ 

1991թ. ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ  կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն մասնակցելու հասարակական, քաղաքական կյանքին: Այդ խողովակով Հայ առաքելական եկեղեցին, որպես կազմակերպություն, բարձրաձայնում է հանրային նշանակության խնդիրների մասին, որը չի նշանակում զբաղվել քաղաքականությամբ կամ վտանգել ազգային անվտանգությունը։ 

Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար:

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն մոտ մեկ տարի առաջ հայտարարեց, որ Հայոց եկեղեցին մեծ սպառնալիք է Հայաստանի հարևան բոլոր երկրների համար, իսկ ավելի ուշ եկեղեցին անվանել էր ռևանշիստական կազմակերպություն: 

2025թ. մայիսին Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Գարեգին Բ-ն համաժողովին հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագործություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Նշել էր, որ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ նրանց նկատմամբ իրականացնելով ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Այնուհետև Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ընդունել էր փաստաթուղթ՝ Ադրբեջանի կողմից Արցախում հայ քրիստոնյաների  կրոնական կոթողները, հուշարձանները ոչնչացնելու մասին: Դրանից հետո Հայաստանում ավելի սրվեցին եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները և մեկնաբանվեց, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։

Ավելի վաղ՝ 2020թ. դեկտեմբերին, երբ ավարտվել էր 44-օրյա պատերազմը, իսկ Երևանում բողոքի ցույցեր էին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հորդորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները, որպեսզի կանխվեն հասարակական կյանքում ցնցումները։

Եկեղեցու՝ քաղաքականությանը միջամտելու մասին իշխանությունների հաջորդ փաստարկը վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին: Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ նա բարերար է, օժանդակություն է ցուցաբերել եկեղեցուն, վերջինս էլ նրան պատվում է: Սրանք փաստեր չեն, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ:

«Այսքան ժամանակ որևէ փաստ, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, չի ներկայացվել: Բայց բազմաթիվ փաստեր կան, որ եկեղեցին «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի իր իրավունքներից է օգտվում»,-ասում է Արա Ղազարյանը:

Ա. Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանյայց առաքելական եկեղեցին կարող է դիմել Եվրոպական դատարան, քանի որ հանրային իշխանությունները միջամտում են իր ինքնավարությանը։ Նա դրական պատասխան տվեց: Սակայն մինչ այդ Մայր Աթոռը պետք է դիմի վարչական դատարան՝ ոտնձգությունները վիճարկելու, միջազգային և ներպետական իրավունքի խախտումները ցույց տալու համար:  Արդյունքից դժգոհ մնալու դեպքում կարող է դիմել Եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9 և 11 հոդվածների հիմքով:

Կոնվենցիայի 9-րդ հոդվածը վերաբերում է մտքի, խղճի և կրոնի ազատությանը, իսկ 11-րդ հոդվածը՝ միավորվելու ազատության իրավունքին: Հավատացյալների կրոնի ազատության իրավունքը ներառում է այն ակնկալիքը, որ համայնքին թույլատրվելու է գործել խաղաղ՝ ազատ պետական կամայական միջամտությունից։ Կրոնական համայնքների ինքնավար գոյությունն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության համար և, հետևաբար, 9-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության հիմքում ընկած հարց է։ Այն անմիջականորեն վերաբերում է ոչ միայն համայնքի կազմակերպմանը որպես այդպիսին, այլև կրոնի ազատության իրավունքի արդյունավետ իրացմանը բոլոր ակտիվ անդամների կողմից։ Եթե համայնքի կազմակերպչական կյանքը չպաշտպանվի, անհատի կրոնի ազատության մնացած բոլոր ասպեկտները կդառնան խոցելի:

Այստեղից հետևում է, որ առաջնայինը, որպես իրավահարաբերության սուբյեկտ, կրոնական համայնքն է, իսկ կազմակերպությունը՝ երկրորդային, որը գործիք է՝ համայնքի իրավունքներն իրացնելու  և պետությունից պաշտպանվելու համար։   

«Եկեղեցուց զատ, ՄԻԵԴ կարող են դիմել նաև եկեղեցու հետևորդները: Միայն այն փաստը, որ որոշ անձինք հնչեցրել են բռնության կոչեր և հանրային վայրում հարձակվե՝լ  Մայր Աթոռի տարածքում, դրևորել ագրեսիվ վարքագիծ, որ հավասարազոր է խուլիգանությանը, մինչդեռ ոստիկանությունը ցուցաբերել է անգործություն, նույնպես փաստ է, որ հանրային իշխանությունը թերացել է հավատացյալների իրավունքների պաշտպանության հարցում»,-նշում է իրավաբանը:

Պետության չեզոքության և անաչառության պարտականությունը՝ ՄԻԵԴ-ի վճիռներում

Արա Ղազարյանն ուսումնասիրել է նաև ՄԻԵԴ-ի վճիռները, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպություններին, նրանց ինքնավարությանն ու պետության միջամտությանը: Բազմաթիվ օրինակներ կան առ այն, որ Եվրոպական դատարանն անթույլատրելի է համարել պետության միջամտությունը:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը բազմիցս արձանագրել է, որ պետության չեզոքության և անաչառության պարտականությունն անհամատեղելի է պետության ցանկացած հայեցողության հետ՝ որոշելու՝ արդյոք կրոնական համոզմունքները կամ այդ համոզմունքները արտահայտելու միջոցները օրինական են, թե ոչ: Չեզոքության պարտականությունը արգելում է պետությանը, այդ թվում՝ ազգային դատարաններին, որոշել որևէ անձի կամ խմբի կրոնական պատկանելությունը, ինչը բացառապես տվյալ կրոնական համայնքի գերագույն հոգևոր իշխանությունների իրավասության շրջանակում է:

Սակայն, պետության չեզոքության այս պարտականությունը չի կարող մեկնաբանվել այնպես, կարծես այն կոչված է նվազեցնելու այն կրոնի կամ եկեղեցու դերը, որի հետ տվյալ երկրի բնակչությունը պատմական և մշակութային առումով կապված է: 

ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ պետության չեզոքության պարտավորության խախտում է, երբ իշխանությունները, չպահպանելով իրենց անաչառությունը, զբաղվում են կրոնական առաջնորդների նշանակման հարցերով կամ ներգրավվում հավատացյալների ներքին վեճերում:

Կրոնական համայնքների ինքնավար գոյությունն անփոխարինելի է ժողովրդավարական հասարակության բազմակարծության համար և, հետևաբար, գտնվում է հենց այն էության մեջ, որը պաշտպանում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը: Այս հարցը վերաբերում է ոչ միայն համայնքի կազմակերպչական կառուցվածքին, այլև նրա բոլոր ակտիվ անդամների՝ կրոնի ազատության իրավունքի արդյունավետ իրագործմանը։ 

Տիպիկ է Բուլղարիայի օրինակը: Պետությունը միջամտել է Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու քայքայող վեճին, որը Կառավարությունն էր անմիջականորեն հրահրել 1992թ.-ին՝ անվավեր ճանաչելով Պատրիարք Մաքսիմի ընտրությունը որպես եկեղեցու ղեկավար և նշանակելով ժամանակավոր ղեկավար, այսինքն՝ «այլընտրանքային սինոդ»:

Եվրոպական դատարանը չի ընդունել Բուլղարիայի կառավարության փաստարկը, որ «այլընտրանքային սինոդի» անդամները և նրանց հետևորդներն ազատ էին ստեղծելու և գրանցելու իրենց սեփական եկեղեցին՝ պատրիարք Մաքսիմի գլխավորած եկեղեցու կողքին։ Վեճը, ըստ էության, վերաբերել է ոչ թե կրոնական կազմակերպությունը ճանաչելուց հրաժարվելուն, այլ երկու հիերարխիաների միջև բաժանված համայնքի ներքին գործերին պետության միջամտությանը: Արձանագրվել է, որ օգնելով վեճի կողմերից մեկին ստանալ ներկայացուցչության և ամբողջ ուղղափառ համայնքի գործերի նկատմամբ վերահսկողության բացառիկ լիազորություններ, անտեսելով հակառակ կողմին և ուղարկելով իրավապահ մարմիններին սինոդի հետևորդներին իրենց զբաղեցրած պաշտամունքի վայրերից վտարելուն օգնելու համար՝ Բուլղարիայի պետությունը չի կատարել չեզոքության իր պարտավորությունը:

Հայաստանում ստեղծված իրավիճակը վկայում է, որ եկեղեցի–պետություն հարաբերություններում խախտվում է սահմանադրորեն ամրագրված սահմանը՝ հանրային իշխանությունը, չպահպանելով չեզոքության պարտավորությունը, ներխուժում է կրոնական համայնքի ինքնավար դաշտ։ Եթե այս միջամտությունները շարունակական բնույթ կրեն և ներպետական մակարդակում վեճը լուծում չստանա, կարող է դառնալ Հայաստանի միջազգային պարտավորությունների խախտման առարկա՝ հիմքեր ստեղծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար։

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter