HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիպահ վիրուսի բռնկում Հնդկաստանում․ Ասիայի երկրները խստացրել են սահմանային վերահսկողությունը

Ասիայի մի շարք երկրներ խստացրել են Հնդկաստանից ժամանող ուղևորների ստուգումները։ Պատճառը Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում բռնկված Նիպահ վիրուսն է, որը վտանգավոր է մարդու կյանքի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ներառել է առավել վտանգավոր տասը հիվանդությունների ցանկում, քանի որ համաճարակ առաջացնելու մեծ ներուժ ունի։ 

Նեպալում ստուգում են ոչ միայն Կատմանդուի օդանավակայան ժամանողներին, այլև Հնդկաստանի հետ ցամաքային սահմանային անցակետերով երկիր մուտք գործողներին։  Վերահսկողությունը խստացրել են նաև Ղրղզստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը։ Այս երկրներում դեռևս վարակման դեպք չի գրանցվել։ Վարակման հավանականությունը նվազեցնելու նպատակով նշված երկրների սահմանին խստացվել է նաև սանիտարական վերահսկողությունը։ 

Առաջին վարակվածները Արևմտյան Բենգալի հինգ բուժաշխատողներ են եղել, որոնցից մեկի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է։  

Նիպահ վիրուսը և դրա ախտանիշները

Նիպահ վիրուսը կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Այն կարող է տարածվել նաեւ աղտոտված սննդի միջոցով կամ անմիջականորեն՝ մարդուց մարդ շփման ճանապարհով։ Սակայն վիրուսի հիմնական բնական կրողները մրգակեր չղջիկներն են։ 

Վարակվածների մոտ այս հիվանդությունը կարող է տևել առանց ախտանիշների կամ առաջացնել էնցեֆալիտ (ուղեղի բորբոքում)։ Հիմնական սկզբնական ախտանիշներն են՝ գլխացավ, կոկորդի ցավ, ջերմություն, մկանային ցավ, փսխում, հնարավոր է քնկոտություն։ Դրան կարող են հաջորդել գլխապտույտ, գիտակցության փոփոխություններ, որոնք սուր էնցեֆալիտի նշաններն են։ Որոշ մարդկանց մոտ կարող են զարգանալ թոքաբորբ և ծանր շնչառական խանգարումներ, այդ թվում՝ սուր շնչառական դիսթրես։ Ծանր դրսևորման՝ էնցեֆալիտի դեպքում հիվանդությունը 24-48 ժամվա ընթացքում կարող է հանգեցնել կոմայի։

Սուր էնցեֆալիտը հաղթահարած մարդկանց մեծ մասը լիովին ապաքինվում է, սակայն ոմանց մոտ պահպանվում են երկարաժամկետ նյարդաբանական խնդիրներ։ Մոտ 20%-ի մոտ դիտվում են նյարդաբանական որոշ հետևանքներ՝ ցնցումներ կամ անհատականության փոփոխություններ։ 

Վիրուսի ինկուբացիոն շրջանը (վարակվելուց մինչև ախտանշանների ի հայտ գալը) հիմնականում տևում է 4-14 օր, սակայն գրանցվել են դեպքեր, երբ այդ շրջանը տևել է 45 օր։ 

Քանի որ այս վարակի սկզբնական ախտանշանները առանձնահատուկ չեն, հիվանդության ճիշտ ախտորոշումը, վարակի վերահսկողությունը և բռնկման դեմ արագ արձագանքը բարդանում է։ Նիպահ վիրուսի դեմ պատվաստանյութ կամ բուժում չկա։ Սրանով պայմանավորված՝ մահացության մակարդակը շատ բարձր է՝ վարակվածության դեպքերի 40-75 տոկոսը մահվան ելքով է։  

Ու չնայած Ասիայում արդեն մի քանի անգամ Նիպահ վիրուսի բռնկում է եղել, այն շարունակում է մահացու լինել մարդու կյանքի համար։ 

Վիրուսի առաջին բռնկումը եղել է Մալայզիայում (1999թ․), որը տարածվել էր նաև Սինգապուրում։ Այդ ժամանակ մարդկանց մեծ մասը վարակվել էր Նիպահ վիրուսով հիվանդ խոզերի, դրանց աղտոտված հյուսվածքների հետ անմիջական շփման արդյունքում։ 

Հետագա բռնկումների ժամանակ՝ Բանգլադեշում և Հնդկաստանում, վարակման աղբյուրը եղել են մրգերը, որոնք աղտոտված են եղել վարակված մրգակեր չղջիկների մեզով կամ թքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ մրգերի կամ մրգային արտադրանքի միջոցով միջազգային փոխանցման ռիսկը կարելի է կանխել՝ դրանք լավ լվանալով, կեղևը մաքրելով և չղջիկների կծած հետքեր ունեցող մրգերը դեն նետելով։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանի տարարծքում այս վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն, ինչը նշանակում է՝ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկը ցածր է։ «Հետքը» Առողջապահության նախարարությանը հարցրել է՝ արդյոք ՀՀ սահմանին իրականացվում են ստուգումներ, վերահսկվու՞մ է Հնդկաստանից ժամանողների հոսքը: Նախարարությունը դեռ չի պատասխանել մեր հարցմանը:

Գլխավոր նկարը՝ https://www.news-medical.net/health/What-is-Nipah-Virus.aspx-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter