Պատերազմի արձագանքները. դաշնամուրի կոնցերտ ձախ ձեռքի համար
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակահար Պաուլ Վիտգենշտեյնը ավստրո-հունգարական բանակի զինվոր էր, կոմպոզիտոր Մորիս Ռավելը՝ ֆրանսիական բանակում բեռնատարի վարորդ։
Ռազմաճակատում երիտասարդ դաշնակահարը կորցրեց աջ ձեռքը, կոմպոզիտորը՝ մտերիմ ընկերներին։ Պատերազմից հետո Վիտգենշտեյնի համար Մորիս Ռավելի՝ ձախ ձեռքի համար գրված դաշնամուրային կոնցերտը դարձավ 20-րդ դարի ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը։
1914 թվականին, երբ սկսվեց պատերազմը, բասկյան արմատներով ֆրանսիացի կոմպոզիտորը 39 տարեկան էր։ Գործիքավորման մեծ վարպետ Ռավելի ստեղծագործությունները միախառնում էին իմպրեսիոնիստական նրբագեղությունը և դասական հստակ կառուցվածքը։ Նրա գրած «Իսպանական ռապսոդիան», «Դափնիս և քլոե» բալետը արդեն մեծ ճանաչում և հռչակ էին բերել կոմպոզիտորին։
Աշխարհը մոլեգնած և չորս տարի տևած պատերազմի առաջին օրերից կոմպոզիտորը փորձում էր մեկնել ռազմաճակատ, բայց մերժում էր ստանում ֆիզիկական տվյալների և առողջական վիճակի պատճառով։ Ռավելն, ի վերջո, մեկնում է ճակատ որպես բեռնատար մեքենայի վարորդ։ Արևմտյան ճակատում՝ ռմբակոծությունների տակ, Ռավելը վիրավորներ, զենք-զինամթերք էր տեղափոխում բեռնատար մեքենայով։ Կոմպոզիտորի շատ ընկերներ զոհվում են մարտերում։ Պատերազմից հետո նա գրում է Le Tombeau de Couperin (Կուպերենի դամբարանը) դաշնամուրային սյուիտը, որտեղ յուրաքանչյուր մաս նվիրված է զոհված ընկերներից մեկին։
Հակառակ ճամբարում՝ ավստրո-հունգարական բանակ զորակոչված դաշնակահար Պաուլ Վիտգենշտեյնը 27 տարեկան էր, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Դրանից մեկ տարի առաջ՝ 1913 թվականին, հրեական արմատներով ավստրիացի դաշնակահարը Վիեննայում մենահամերգ տվեց, որով նշանավորվում էր խոստումնալից վիրտուոզ դաշնակահարի մուտքը մեծ բեմ։ Լեհական ճակատում ստացած աջ ձեռքի հրազենային վիրավորումը ճակատագրական դարձավ. Վիտգենշտեյնի ձեռքն անդամահատեցին։
«Ես կորցրեցի ձեռքս, բայց ոչ՝ կամքս». պատերազմից հետո իր նամակներից մեկում գրում է «Արիության մեդալ» ստացած դաշնակահարը։ Նա շարունակում է նվագել։ Վիտգենշտեյնի համար դաշնամուրի մեկ ձեռքի ստեղծագործություններ սկսեցին գրել ժամանակի մեծանուն կոմպոզիտորներ Սերգեյ Պրոկոֆևը, Ռիխարդ Շտրաուսը, Պաուլ Հինդեմիթը, Բենջամին Բրիտենը։ Նամակներից մեկում դաշնակահարը գրում է. «Կոմպոզիտորներից ես չեմ խնդրում կարեկցանք, ես պահանջում եմ երաժշտություն»։
1929 թվականին Մորիս Ռավելը սկսում է գրել ձախ ձեռքի համար դաշնամուրի «Ռե մինոր» կոնցերտը։ Թե կոմպոզիտորի, թե դաշնակահար Պաուլ Վիտգենշտեյնի համար այն մեծ մարտահրավեր էր, որը պսակվեց հեղինակի և կատարողի անգերազանցելի հաղթանակով։
Մեկ ձեռքի հնարավորությունների սահմաններում Ռավելը ստացավ ամբողջական, բազմաշերտ հնչողություն։ Լայն թռիչքային շարժումները, արպեջոները և խիտ ռիթմիկ պատկերները կոնցերտում երկու ձեռքով նվագի պատրանք էին ստեղծում։ Տեխնիկական սահմանափակումը ոչ թե թուլացնում, այլ հակառակը՝ խտացնում և խորացնում էր երաժշտական արտահայտչականությունը։
Դաշնամուրային կոնցերտի պրեմիերան տեղի ունեցավ 1932 թվականի հունվարի 5-ին, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մենակատար՝ Պաուլ Վիտգենշտեյն։
Մեկ ձեռքի սահմանափակումը դաշնամուրային կոնցերտում վերածվում է ներքին լարվածության և պայքարի սիմվոլի. երաժշտությունը շարադրվում է մռայլ, ծանր բասերից դեպի պայծառ, ջազային ռիթմեր, գրոտեսկային դրվագներ՝ հիշեցնելով կորստի, դիմադրության և հաղթահարման ընթացքը։ Այն պահանջում է վիրտուոզ կատարողական տեխնիկա, բայց ոչ թե ցուցադրության, այլ դրամատուրգիական պատումը լիարժեք արտահայտելու համար։
Պատերազմի աղետների, կորուստների միջով անցած կոմպոզիտորի և կատարողի երաժշտական այս հզոր երկխոսությունն ազդարարում է մարդկային կամքի և գոյաբանական դիմադրության հաղթանակը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել