Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը
«Հետքի» տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ: Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է: Քննչական կոմիտեից անուն չհայտնեցին, սակայն մամուլի խոնակ Կիմա Ավդալյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վերաբերող քրեական հետապնդման որոշում է կայացվել: Մասնավորապես՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Մեր աղբյուրները հայտնում են, որ դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու՝ դատարանի որոշումը չկատարելու հետ:
Դեռևս 2023թ. օգոստոսի 1-ին գրել էինք քրեական գործի հիմք հանդիսացած գնման գործընթացների մասին: Մասնավորապես՝ «Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել էր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները:
Քաղաքապետարանը, հաշվի առնելով հրատապ կարիքը, ցածր գին առաջարկած «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ մարտի 3-ին, մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով (առանց մրցույթի) կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Գինը կազմել է մոտ 9 մլն 636 հազ. դրամ: Իհարկե, այս պայմանագիրն ավելի փոքր ծավալներ ունի, քան մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը:
Բողոքարկման գործընթացների ավարտից հետո, երբ մերժվել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին «Իմպեքս»-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում: Զուգահեռ նշել է, որ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները պետք է ներկայացվեն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը պետք է լինի 10 տարի:
«Իմպեքս» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Շահնազարյանն առաջին անգամ էր հանդիպում իրավիճակի, երբ պահանջել են 10 տարվա բանկային երաշխիք: Երևանի քաղաքապետարանը նույն բնութագրերով պայմանագրեր է կնքել և նման պահանջ երբևէ չի ներկայացրել:
«Իմպեքս» ՍՊԸ-ն 2023թ. հունիսի 23-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որը վերաբերում է աշխատանքի և ապրանքի 10 տարվա բանկային երաշխիք պահանջելուն: Քաղաքապետարանն օրեր անց՝ հունիսի 30-ին, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել «Իմպեքս» ՍՊԸ-ին:
Դատարանը 2023թ. օգոստոսի 23-ին որոշել է կիրառել հայցի ապահովման միջոց: Արգելվել է Երևանի քաղաքապետարանին իր կարիքների համար Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների ձեռքբերման նպատակով գնման գործընթաց նախաձեռնել մինչև քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Երևանի քաղաքապետարանը ոչ միայն ընկերության հետ լուծել է պայմանագիրը, այլև հայտարարել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման նոր մրցույթ ու փոփոխություն կատարել բնութագրերում: Այլևս չի պահանջվել 10 տարվա բանկային երաշխիք: Իսկ 2023թ. օգոստոսի 1-ին «Իմպեքս» ՍՊԸ-ն քաղաքապետարանից ստացել էր ծանուցում՝ այս անգամ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով մարտին կնքված պայմանագիրը՝ մոտ 5 մլն դրամի չափով, միակողմանի լուծելու մասին: Այս ամենն ընկերության ներկայացուցիչների մոտ կասկած են առաջացրել, որ հաղթող ճանաչված ընկերության նկատմամբ քաղաքապետարանը որոշ վերապահումներ ունի:
Քրեական գործի հիմք է հանդիսացել հենց այս հանգամանքը, որ հայցի ապահովման միջոց կիրառված լինելու պայմաններում, երբ դատարանն ուղիղ արգելել էր քաղաքապետարանին նոր մրցույթ հայտարարել, անտեսվել է ու մրցույթ է հայտարարվել՝ փաստացի չկատարելով դատարանի որոծումը:
5 մլն դրամի չափով պայմանագիրը լուծելու մասին որոշումը ևս դատական վեճի առարկա է դարձել, ընկերությունը դիմել է դատարան:
«Իմպեքս» ՍՊԸ-ի հայցերով դատարանն անվավեր ու ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիրը միակողմանիորեն լուծելու և ընկերությանը գնումների «սև ցուցակում» ներառելու որոշումները:
Քրեական հետապնդում հարուցելը չի նշանակում, որ անձը կատարել է վերագրվող արարքը։ Անձը մեղավոր է ճանաչվում միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել