Հայաստանում ՄԻԱՎ-ի մասին դեռ խուսափում են խոսելուց. մեկ տարվա ընթացքում 514 նոր դեպք է հայտնաբերվել
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին Հայաստանում շատերը դեռ զգուշությամբ են խոսում կամ լռում են։ Սակայն, մասնագետները վստահեցնում են՝ ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս վերահսկել վարակը և կանխել տարածումը, եթե հասարակությունն ավելի տեղեկացված լինի և չխուսափի հետազոտությունից։ 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցված է ՄԻԱՎ-ի 6625, ՁԻԱՀ-ի՝ 2972 դեպք: Հայաստանում գտնվող օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 490 դեպք, ՁԻԱՀ-ի՝ 122:
Կարինեն (անունը փոխված է) արդեն 2 տարի ապրում է Երևանում: Ծնունդով Սյունիքի մարզից է: Պատահմամբ է իմացել, որ ՄԻԱՎ-ով է վարակված: Այդ պատճառով ամուսնալուծվել է, նույնիսկ իր մերձավոր ազգականները խուսափել են իր հետ շփվել: Զգալով օտարացումը՝ որոշել է տեղափոխվել Երևան՝ վարձակալած բնակարանում առանձին ապրելու:
Կարինեի ամուսինը, Հայաստանում մշտական աշխատանք չունենալով, պարբերաբար մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու: Տարվա ընթացքում ընդամենը 3-4 ամսով է եկել Հայաստան։
Երբ Կարինեն հղիանալու նպատակով հերթական անգամ այցելել է բժշկական զննման, հետազոտության ժամանակ տեղեկացել է վարակված լինելու մասին: Անմիջապես կռահել է, որ վարակը փոխանցվել է ամուսնուց: Խնդրել է, որ նա Ռուսաստանից գա և ստուգում անցնի, սակայն մերժում է ստացել։ Ամուսինը Կարինեին մեղադրել է անհավատարմության մեջ:
«Նա այդպես էլ չեկավ, ինձ մեղադրեց, որ դավաճանել եմ իրեն ու ամուսնալուծվեցինք: Սկեսրայրս ինձ տնից դուրս արեց: Գնացի հայրական տուն, այլ տեղ չունեի: Բայց ծնողներս ինձ հետ սեղան չէին նստում, խուսափում էին շփվելուց, որ իբր իրենք էլ չվարակվեին: Ես ստիպված դուրս եկա նաև իմ հայրական տնից»,-ասում է Կարինեն:
Նա հոգեբանական ծանր վիճակում է եղել, օրերով սենյակից դուրս չի եկել, մարդկանց հետ չի շփվել, իր պատկերացմամբ՝ վարակը չփոխանցելու համար: Ասում է՝ տեղեկացվածության պակասից էր, չգիտեր, որ պարզ մարդկային շփումով կամ օդակաթիլային եղանակով վարակը չի փոխանցվում։ Նոր է գիտակցում, որ եթե վարակն այդպես փոխանցվեր, համաճարակ կլիներ:
«Հիմա մի քիչ հանդարտվել եմ, արդեն գիտեմ՝ ինչպես վերահսկել վարակը: Պարբերաբար ստուգումներ եմ անցնում։ Չեմ խուսափում մարդկանց հետ շփումներից, թեև խուսափում եմ ասել, որ ՄԻԱՎ-ով վարակված եմ: Չեմ ամաչում, մտածում եմ՝ իրենք կխուսափեն ու աշխատանքս կկորցնեմ»,-ասում է Կարինեն և հավելում, որ սուպերմարկետներից մեկում վաճառողուհի է:
ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ուղիների մասին հասարակությունը դեռ լավ տեղեկացված չէ: Շատերը կարծում են, թե ՄԻԱՎ-ի փոխանցողը տղամարդն է կամ միայն կինն է, մինչդեռ վիրուսը սեռ չի ճանաչում:
Թվերի հետևում մարդկային ճակատագրեր են
Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) վնասում է մարդու իմունային համակարգը` օրգանիզմի պաշտպանությունը հիվանդություններից։ Այն փոխանցվում է անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ, վարակված արյան միջոցով, մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ժամանակ և այլն:
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) ՄԻԱՎ վարակման վերջին՝ ծանր փուլն է։ Այդ փուլում իմունային համակարգն այնքան է թուլանում, որ օրգանիզմը երբեմն չի կարողանում պայքարել տարբեր վարակների և հիվանդությունների դեմ։
ՄԻԱՎ-ը փոխանցվում է որոշակի կենսաբանական հեղուկների միջոցով, երբ դրանք մտնում են մարդու օրգանիզմ, օրինակ՝ անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ, արյան միջոցով, երբ նույն ներարկիչը կամ ասեղն է օգտագործվում (հատկապես՝ թմրամիջոցների ներարկման դեպքում), ոչ ստերիլ բժշկական կամ կոսմետիկ գործիքների օգտագործման ժամանակ: Վիրուսը կարող է փոխանցվել նաև մորից երեխային՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրելիս և այլն:
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում գրկախառնությունից կամ ձեռք սեղմելուց, համատեղ սպասք օգտագործելուց, համբույրից (եթե արյունահոսող վերքեր չկան), օդից կամ ջրից, միջատների խայթոցից, նույն զուգարանը կամ լողավազանը օգտագործելուց և այլն:
Ռիսկային իրավիճակում կարևոր է ՄԻԱՎ թեստ հանձնել։ Թեստավորումն օգնում է վաղ հայտնաբերել և բուժում սկսել։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ 2018-2025թթ-ին ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 3717, ՁԻԱՀ-ի՝ 1489 նոր դեպք: Միայն 2025թ. ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 514, ՁԻԱՀ-ի՝ 156 դեպք: ՄԻԱՎ-ի հայտնաբերված դեպքերից 467-ի կրողը ՀՀ քաղաքացիներ են, իսկ ՁԻԱՀ-ինը՝ 152: Ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա վերջին 8 տարիներին նրանց շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 350 նոր դեպք, ՁԻԱՀ-ի՝ 64: Նրանցից 242-ը ՌԴ քաղաքացիներ են, 20-ը՝ Կուբայի, 14-ը՝ Ուկրաինայի, 12-ը՝ Հնդկաստանի և այլն:

2018-2025թթ. տվյալներով՝ Երևանն «առաջատար» է ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի արձանագրված նոր դեպքերով, համապատասխանաբար՝ 1000 և 393 դեպք: Իսկ մարզերից ամենաշատ նոր դեպքեր հայտնաբերվել են Շիրակի մարզում՝ ՄԻԱՎ-ի 453 և ՁԻԱՀ-ի 190 դեպք: Այնուհետև Լոռու մարզն է՝ ՄԻԱՎ-ի 389 նոր դեպք, ՁԻԱՀ-ի՝ 144:
Ամենաքիչ թվով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նոր դեպքեր արձանագրվել են Վայոց ձորի մարզում՝ համապատասխանաբար 56 և 25: Այս մարզը նաև համեմատաբար նոսր է բնակեցված: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Վայոց ձորի բնակչությունը 49 հազ. 600 մարդ է, Շիրակինը՝ 242 հազ. 200, իսկ Լոռիում ապրում է 229 հազ. 100 մարդ: Նշված օրվա դրությամբ Երևանի բնակչությունը եղել է 1 մլն 144 հազ. 700 մարդ:
Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ից մահվան դեպքերին, ապա վերջին 8 տարիներին ամենաշատը Երևանում են գրանցվել՝ 223 մարդ, այնուհետև Շիրակի մարզում՝ 92, Սյունիքում՝ 73 դեպք: Ամենաքիչ մահվան դեպքերը գրանցվել են Վայոց ձորի մարզում՝ 16 մարդ:
Այս տվյալները վերաբերում են միայն ՀՀ քաղաքացիներին, օտարերկրացիների վերաբերյալ, ըստ մարզերի, վիճակագրություն չի վարվում:

Մահվան դեպքերի մեծ մասն արձանագրվում է 50 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ 381 դեպք, այնուհետև 40-49 տարեկանների շրջանում՝ մահվան 249 դեպք: 25-39 տարեկանների շրջանում մահվան 137 դեպք է գրանցվել: Համեմատաբար քիչ են 0-14 և 15-24 տարիքային խմբերում գրանցված մահերը՝ 2-ական դեպք:
2018-2025թթ. մահացած 771 մարդուց 595-ը տղամարդ է, 176-ը՝ կին: Մահվան 30 դեպք գրանցվել է օտարերկրացիների շրջանում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գրանցված նոր դեպքերի մեծ մասը ևս բաժին է ընկնում արական սեռին: 2018-2025թթ.-ին ՄԻԱՎ-ով վարակման 2624 նոր դեպք է գրանցվել տղամարդկանց, 1093-ը՝ կանանց մոտ, ՁԻԱՀ-ի 1102 նոր դեպք գրանցվել է տղամարդկանց, 387 դեպք՝ կանանց մոտ:

ՄԻԱՎ և ՁԻԱՀ նոր դեպքերի մեծ մասը գրանցվում է 25-39 տարեկանների շրջանում, համապատասխանաբար՝ 1696 և 550 դեպք, այնուհետև՝ 40-49 տարեկանների մոտ՝ 893 ՄԻԱՎ-ի և 458 ՁԻԱՀ-ի նոր դեպք:
Վերջին 8 տարիներին 0-14 տարեկանների մոտ գրանցվել է ՄԻԱՎ-ի 39, ՁԻԱՀ-ի՝ 19 նոր դեպք։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ վարակը մեծամասամբ փոխանցվում է սեռական ճանապարհով՝ 3421 դեպք, ապա՝ թմրանյութերի օգտագործման եղանակով՝ 229 դեպք: Մորից երեխային վարակի փոխանցման 34 դեպք է գրանցվել:

2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանում բուժում է ստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող 4258 ՀՀ քաղաքացի, որից 2819-ը տղամարդ է, 1439-ը՝ կին: Նշված օրվա դրությամբ Հայաստանում բուժում է ստանում 110 օտարերկրացի՝ 84-ը՝ տղամարդ, 26-ը՝ կին:

Բուժվողների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմում 25-39 տարեկանները՝ 1445 մարդ, այնուհետև՝ 40-49 տարեկանները՝ 1361 մարդ: Նրանցից 44-ը 0-14 տարեկան են, 90-ը՝ 15-24 տարեկան: 50 և բարձր տարիքի 1318 մարդ ևս բուժում է ստանում:
Խարանն ու վախը՝ բուժում ստանալու գլխավոր խոչընդոտ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ասում է, որ Հայաստանում իրավիճակը հասկանալու համար պետք է անդրադառնալ տարածաշրջանին և աշխարհին, քանի որ կա փոխկապակցվածություն:
Երկրներ կան, որ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի շրջանակում թիրախներ են սահմանել, որպեսզի մինչև 2030թ. վերջ դնեն ՁԻԱՀ-ին, այսինքն՝ բնակչության առնվազն 95%-ը պետք է իմանա իր ՄԻԱՎ կարգավիճակը, հետազոտվի, ստանա կանոնավոր բուժում և այլն:
Ինչ վերաբերում է տարածաշրջանին՝ Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա, այստեղ ՄԻԱՎ-ի դեպքերը ոչ միայն չեն նվազում, այլ աճում են՝ վերջին տարիներին նոր դեպքերի 40-50% աճ է գրանցվել:
«Հարևան երկրներ են, միգրացիոն հոսքեր կան, մարդիկ անընդհատ շարժի մեջ են, չի կարող այդ իրավիճակը չազդել Հայաստանի վրա: Հիմնական պատճառը, որ մեր տարածաշրջանը չի հասնում 95% կանխարգելման ցուցանիշներին, ՄԻԱՎ-ի հետ կապված խտրականությունն է, ինչը խոչընդոտում է, որ մարդիկ ստանան կանոնավոր բուժում»,-ասում է Ժենյա Մայիլյանը:
ՀԿ նախագահը բերում է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) օրինակը: Այդ երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ովքեր ՌԴ քաղաքացի չեն, արտաքսում են՝ կոնկրետ ժամկետով կամ ցմահ: Մարդու ամբողջ կյանքը փոխվում է, և սա իմանալով՝ մարդիկ խուսափում են հայտնվել առողջապահական համակարգում, ստանալ դեղամիջոցներ, իսկ եթե դեղամիջոց չեն ստանում, վիրուսային ծանրաբեռնվածությունը և նրանցից փոխանցման հավանականությունը մեծանում է: Վատանում է նաև մարդու առողջական վիճակը, հայտնվում է ՁԻԱՀ-ի փուլում:
«Այդ մարդիկ, երբ վերադառնում են Հայաստան, նրանց մոտ արդեն ՁԻԱՀ-ի փուլն է: Սա ոչ միայն ֆինանսական, սոցիալական տեսանկյունից է անբարենպաստ մարդու համար, այլև առողջության»,-նշում է Ժ. Մայիլյանը:
Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում իրավիճակն այլ է: Պետությունը ոչ միայն ստանձնում է օտարերկրացու հետազոտությունները, դեղորայքով ապահովում, այլև կոնտակտային կանխարգելումն է իրականացնում: Ժենյա Մայիլյանի փոխանցմամբ՝ եթե տարաշածրջանային բոլոր երկրները նույն քաղաքականությունը որդեգրեին, չունենային պատժող օրենքներ, և մարդը չվախենար իր ՄԻԱՎ կարգավիճակից, պատշաճ բուժում կստանար և չէր փոխանցի այլ անձանց:
Ժենյա Մայիլյանն ասում է, որ Հայաստանում դեռևս ցածր է մարդկանց իրազեկվածությունը, սակայն մեծ է խարանն ու խտրականությունը: Մարդիկ խտրական վերաբերմունքի են արժանանում նաև առողջապահական համակարգում, քանի որ ստիպված են այնտեղ պատմել իրենց կարգավիճակի մասին: ՄԻԱՎ-ի պատճառով մարդիկ ազատվում են աշխատանքից, ընտանիքներում կոնֆլիկտներ են լինում, տարածվում են մարդկանց անձնական տվյալները, այդ թվում՝ բժշկական գաղտնիք պարունակող և այլն:
ՀԿ նախագահն ասում է, որ Հայաստանում բուժումը հասանելի է: Բուժվել ցանկացողներն անվճար դեղորայք են ստանում։
Թե ինչու է Շիրակի մարզն առաջատար ՄԻԱՎ/ՁԻԱՀ նոր դեպքերի թվով, Ժենյա Մայիլյանը երկու գործոն նշեց՝ միգրացիան և ներերակային թմրանյութերի օգտագործումը, ինչն ապացուցվել է նաև իրենց աշխատանքի արդյունքում: Հնարավոր է նաև, որ Շիրակի մարզում շատ ծրագրեր են իրականացվել, և ախտորոշումներն են շատ եղել: Սակայն, խնդիրը միայն միգրացիան չէ, քանի որ Գեղարքունիքում ևս միգրացիոն մեծ հոսք կա, մինչդեռ նոր դեպքերի թվով երկրորդ տեղում Լոռու մարզն է:
Ժ. Մայիլյանն ասում է, որ դեպքերի 40%-ից ավելին ախտորոշվում է ՁԻԱՀ-ի փուլում՝ շատ ուշ: Դա նշանակում է, որ 5-12 տարի նրա օրգանիզմում եղել է ՄԻԱՎ-ը: Սա պայմանավորված է ոչ միայն բժիշկի ուշ դիմելով, այլև առողջապահական հարցերով: Ըստ ՀԿ նախագահի՝ մարդը կարող է ամիսներով այս հիվանդանոցից այն հիվանդանոց ուղարկվել, տարբեր ստուգումներ անել, բայց չմտածել ՄԻԱՎ-ի ստուգման մասին:
«Այնպես չէ, որ առողջապահական համակարգը շատ լավ ճանաչում է վիրուսը: Վերապատրաստումների կարիք կա, բայց մյուս կողմից էլ, եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ չի առնչվել, չգիտի, չի մտածում, որ կարելի է այդ ուղղությամբ էլ հետազոտել: Իհարկե, ինչ-որ բաներ արվում են, բայց բավարար չեն»,-ասում է Ժ. Մայիլյանը և հավելում՝ վիրուսը լայն տարածում չունի Հայաստանում, հետևաբար բժիշկներն էլ չեն կենտրոնանում դրա վրա:
Միգրացիան՝ նոր դեպքերի աճի պատճառ
Առողջապահության նախարարության Ինֆոկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ 2018թ.-ից սկսած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման դեպքերն ավելացել են, սակայն վերջին 3-4 տարիների ընթացքում նկատվում է նաև կայունացում:
Դա պայմանավորված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության տվյալների, ինչպես նաև՝ թիրախային բնակչության շրջանում նպատակային հետազոտությունների ավելացմամբ: Այլ կերպ ասած՝ հետազոտությունների ավելացմամբ մեծացել է հայտնաբերման ցուցանիշը:
«Նոր դեպքերի ավելացումը պայմանավորված է նաև միգրացիոն գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն ուղղված աշխատանքային միգրացիայով, քանի որ ՌԴ-ում տարածվածությունը մի քանի անգամ մեծ է Հայաստանի համեմատ»,-նշել է Արմեն Օհանյանը:
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքով կարգավորվում է հիվանդության կանխարգելման ախտորոշման և հսկողության իրականացման կարգը: Օրենքը տարածվում է թե ՀՀ քաղաքացիների, թե ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումն առաջնային է` ելնելով հասարակության, ինչպես նաև՝ մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց բուժման և սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև՝ օրենքով չարգելված այլ միջոցներով:
Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ըստ բժշկական ցուցումների, կազմակերպվում և իրականացվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշում, ՄԻԱՎ վարակով բուժառուի դիսպանսերային (շարունակական) հսկողություն, հակառետրովիրուսային դեղերով բուժում, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիթորինգ և գնահատում, առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում և այլն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բժշկական օգնության ծառայության ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում:
ՄԻԱՎ-ը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր է արդյունավետ վերահսկել։ Պարբերական հետազոտությունն ու պաշտպանված վարքագիծը շարունակում են մնալ վարակի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները։
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Գլխավոր նկարը պատրաստվել է արհեստական բանականությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել