HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

9.1% աճ՝ 2025 թվականին. որ ոլորտների հաշվին է աճում տնտեսական ակտիվությունը

2025 թվականին (հունվար-դեկտեմբեր), նախորդ տարվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.1%-ով։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ 

Աճի տեմպով առաջատարը շինարարության ոլորտն է։ 2025 թվականին շինարարության ծավալները Հայաստանում կազմել են 811 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 20.2%-ով։ 

Նույն ընթացքում ծառայությունների ոլորտի հասույթը կազմել է շուրջ 4.1 տրիլիոն դրամ՝ աճելով 10.5%-ով։ 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 3.3 տրլն դրամ է։ Արդյունաբերության ոլորտում 4.7% աճ է գրանցվել։ 

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը մոտ 1.1 տրլն դրամ է, աճը՝ 5.6%։ 

Տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը խիստ տատանվել է։ Ամսական կտրվածքով՝ ամենամեծ աճը գրանցվել է դեկտեմբերին, ամենացածրը՝ փետրվարին։ 

Կտրուկ տատանվել են արդյունաբերության ցուցանիշները։ Մինչև հուլիս ոլորտում անկում է գրանցվել, որից հետո արդյունաբերական արտադրանքի ծավալը սկսել է աճել։ Հատկապես բարձր աճեր են գրանցվում նոյեմբեր-դեկտեմբերին, որի ներքո թաքնված վիճակագրությանն ու երևույթներին կանդրադառնանք առանձին։ 

Ինչ վերաբերում է տարվա սկզբում գրանցված անկումներին, գրել ենք, որ դրա գլխավոր «մեղավորը» հիմնական մետաղների արտադրության ոլորտն է։ 2024 թվականի սկզբում ոսկերչության ոլորտում, որի տվյալները հետագայում ներառվեց հիմնային մետաղների արտադրության մեջ, «բում» էր։ Մինչդեռ իրականում մեկ ընկերություն պարզապես մեծ ծավալների ոսկերչական իրերի վերաարտահանմամբ էր զբաղված։ Արդեն 2025-ի սկզբին հոսքերը դադարեցին, որի հետևանքով 2024-ի սկզբի համեմատ, պայմանավորված բազայի էֆեկտով, անկում է գրանցվել։ 

Առևտրի ոլորտը հունվարին գրանցված երկնիշ աճից հետո միանգամից թուլացել է։ Շինարարության աճը ամբողջ տարվա ընթացքում բարձր է մնացել։ Ծառայությունների ոլորտի աճը ևս պարբերաբար տատանվել է։

Գյուղատնտեսության տվյալները ինֆոգրաֆիկայում բացակայում են, քանի որ դրանք հրապարակվում են ոչ թե ամսական, այլ՝ եռամսյակային կտրվածքով։ 

Ըստ տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանի՝ Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճերը թեև դրական երևույթ են, սակայն չեն խոսում լուրջ զարգացումների մասին, դրանցում նաև մեծ ռիսկեր կան, քանի որ դրանք հիմնականում ոչ թե ներքին տնտեսական զարգացումներով են պայմանավորված, այլ՝ արտաքին ժամանակավոր գործոններով։

«Ռուս-ուկրաինական պատերազմը ինքնին արհավիրք է, բայց Հայաստանի տնտեսության համար ժամանակավորապես այնպիսի ներուժ ստեղծեց, որ մինչև հիմա զարմացած նայում ենք։ Ընդ որում՝ սա մարում է, իհարկե, բայց շարունակվում է»,- «Հետք»-ի տեղավարում նշել է Ասատրյանը։ 

Տնտեսագետի կանխատեսումներով՝ 2025 թվականին տնտեսական աճը՝ ՀՆԱ-ի աճը, կկազմի շուրջ 7%։ Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ու ՀՆԱ-ի աճը, թեև մոտ ցուցանիշներ են, սակայն հաշվարկվում են տարբեր եղանակներով։ 

«Լավ է, որ ծրագրայինից ավելի բարձր տնտեսական աճ է գրանցվել։ Միջնաժամկետ ծրագրով 2025 թվականի համար սպասվող տնտեսական աճը ընդամենը 5.1% էր ծրագրված։ Մեր աճի իրական պոտենցիալը ես անգամ 5%-ն եմ կասկածելի համարում, ավելի քիչ է, եթե նայենք մեր աճի ճյուղային կառուցվածքը»,- նշում է Բագրատ Ասարյանը։ 

Ըստ նրա՝ հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության աճը ապահովել է մեծ մասամբ շինարարության ոլոտը։ Էական նպաստում ունի ծառայությունների ոլորտը։

Իսկ արդյունաբերության աճը հունվար-նոյեմբերի կտրվածքով 0.5% է, ինչը նշանակում է, որ տարեկան աճը դեկտեմբերի հաշվին է գրանցվել, որի բացատրությունը կտեսնենք, երբ Վիճակագրական կոմիտեն հրապարակի տվյալների բացվածքը։ 

«Իհարկե, լավ է, որ արդյունաբերության կամ շինարարության ոլորտում աճ կա, բայց համակարգային իմաստով պետք է մտորել։ Եվ եթե սրանք են լինելու զարգացումները, մենք հասկանում ենք, որ երաշխավորված չէ հետագա բարձր տեմպերով աճը»,- ասել է Բագրատ Ասատրյանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտուրը շարունակում է նվազել։ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 8.4 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 36.1%-ով։ 

Նույն ընթացքում Հայաստան է ներմուծվել 13 մլրդ դոլարի ապրանք, որը նվազել է 23.6%-ով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter