Ցմահ և 20 տարվա ազատազրկում՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
Բաքվի ռազմական դատարանը այսօր՝ փետրվարի 5-ին, հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը։ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ մեղադրող դատախազը նշել էր, թե իբր Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ևս մեղադրվում են ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործությունների մեջ, սակայն, քանի որ նրանք 65 տարեկան են, միջնորդել էր նրանց դատապարտել 20 տարվա ազատազրկման` համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատավարության մանրամասները, հայերին վերագրվող հայտարարությունները:
Այս գործով անցնում է ևս 8 հայ գերի։ Նրանցից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ Մեղադրող դատախազը Մադաթ Բաբայանին ևս մեղադրում էր ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործությունների մեջ, բայց քանի որ նա ևս 65 տարեկան է, դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում։
Մյուս 7 գերիների դատավճիռների մասին ադրբեջանական լրատվամիջոցները դեռ չեն հայտնում։ Մեղադրող դատախազը Մելիքսեթ Փաշայանին առաջարկել է դատապարտել 20 տարվա, Դավիթ Ալավերդյանին՝ 18 տարվա, Գարիկ Մարտիրոսյանին՝ 19 տարվա, Լևոն Բալայանին՝ 17 տարվա, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին և Գուրգեն Ստեփանյանին՝ 16 տարվա ազատազրկման։
15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից եւ էթնիկ զտումից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել