HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնոջական գուլպաներ. անոնք նուրբ են ու սիրուն... Զարեհ Որբունի (մաս 1)

Ժանսոն տան ցուցափեղկի առջև

Արտասովոր մարդ էր Զարեհ Որբունին: Պնդում էր, թե գրականություն ստեղծելը ապրել է իր համար: Բայց շատ դժվար էր գրում, ուրեմն՝ դժվար էր ապրո՞ւմ: Գրում էր դանդաղ, ծուլորեն՝ օրերով, ամիսներով գրական պարապուրդի մատնված: Ի՞նչն էր այդպես խանգարում նրան՝ Մարսել Պրուստի գրականության սիրահար,  «Հալածուածները» վիպաշարի հրաշալի հեղինակին: Երբ ջահել էր, սիրում էր գրել սրճարանների աղմուկի մեջ: Մենակությունը և լռությունը «ներշնչումիս արգելք կ’ըլլան: ...Ժխորը ինձ չի խանգարեր: Ընդհակառակը կը կեդրոնացնէ միտքս: ...Թերեւս հոգեբանական յատուկ կառուցուածք ունիմ եւ որ արդիւնքն է կեանքիս պայմաններուն...»: Եվ իրոք, չէր սխալվում. իր կյանքի պայմանները տարօրինակ էին, և իր հոգեբանական կառուցվածքը՝ ևս: Գաղթական տղա էր, Մարսելով Փարիզ հասած, այն նույն սերունդից, ինչ Շահնուրը, Նարդունին, Շուշանեանը, Ն.Սարաֆեանը և մյուսները, որ Հայրենիքից դուրս, հընթացս կազմակերպվող սփյուռք երևույթի մեջ, ստանձնել էին հայ նոր գրականության  ստեղծման «բեռը»: Նրանցից ոմանց համար, գրականություն ստեղծելու ու կյանքի հարվածները կրելու միջակայքում, կանայք էին: Որբունիի պարագային՝ առավելապես. գեղեցիկ և ոչ այնքան, երիտասարդ և ոչ այնքան,  այրիներ և ամուսնացյալներ, որոնք կարծես երկու գործառույթ ունեին՝ բավարարել Զարեհի պահանջմունքները և, միևնույն ժամանակ, բզկտել նրան: «Սիրահարութիւնը  հիւանդութիւն մըն է»՝ ասում էր: Նաև ինքն իրեն համոզում էր, որ պետք է շուտ ամուսնանա և հայ կին ունենա՝ «այլապէս այլասերումը կեցած է ամեն մէկուս դիմացը»: Կնոջ  հիշեցնող ամեն բան, թե՛  ներշնչանքի և թե՛ երևակայությունը  արթնացնող  աղբյուր էր, ինչպես երևակայության աղբյուր էին  դեռևս  անմատչելի կանայք: «Անծանօթ կը նշանակէ երեւակայութեան դուռ, բաց դուռ...Այնքան ատեն որ մերը չեն հմայքը կը տեւէ»: Փարիզի Ժանսոն վաճառատան սադրիչ ցուցափեղկերի դիմաց քարանում էր և մտովի ստեղծում իր փոքրիկ «սեռավեպը»՝ օրագրում անցկացնելու և մեզ պատմելու համար: «...Կնոջական գուլպաներ: Անոնք նուրբ են ու սիրուն: ...Կը հիանամ անոնց վրայ եւ  զգայնութիւնս զիս հեռուները կը  տանի: Օ՜, կնոջ գուլպաներ...գգուելու, շոյելու եւ շօշափելու փափաք մը կ’ունենամ: ...Ու ահա ընդարձակ ու գեղեցիկ ննջասենեակի մը մէջ եմ առաւօտուն, անկողնէս ելած եմ ու գեղեցկուհին գուլպաները կ’ուզէ: Անոր սրունքները կախուած են անկողնին եզերքն ի վար: Կը դիտեմ գուլպաները՝ որոնց մէջ կը սահին մանրիկ ոտքերը, յետոյ՝ սրունքները, յետոյ՝ ծունկերէն վեր եւ կը սեղմեն զիստերուն մէկ մասը: Չեմ սիրեր բնական, հում մերկութիւնը, սակայն կը սիրեմ մորթի գոյն գուլպաները...»:

Զարեհ Որբունի, Մարսել,1924.jpg (1.07 MB)

Զարեհ Որբունի, Մարսել, 1924

…երբ ան մեր կինը չէ

Շատ էր սիրում Ավինյոնում լինել՝ Պրովանսյան  այս քաղաքում: Քանի-քանի գիշերներ էր անցկացրել այնտեղ՝ իր «խեղճ օրերու ապաստան»-ում՝ Ժան Ժօրէս պողոտայում, բանաստեղծ-ժամագործ Խաչիկ Չուլֆաեանի կրպակում: Քնում էր նրա աշխատասեղանի վրա՝ «քարիյեօններու թիք թաքով օրօրուած»: Սիրում էր այս քաղաքի արևը, սրճարանները, Հանրապետության փողոցը, երբ գարնանը «աղջիկները կայտառ ու գրգռիչ» էին: Իր ընկերներից հայտնի լուսանկարիչ Հակոբ Սէմէրճեանի հետ թափառում էր Ավինյոնով. Հակոբն ասում էր՝ «Եղբայր, սարսափելի բան է այս քաղաքը, աղջիկները գրեթէ մերկ են, անանկ տնկեր են կուրծքերնին... չես դիմանար»: «Տնկեր են թնդանօթներուն պէս եւ ամեն վայրկեան կը կարծես որ ահա հրաձգութեան պիտի ենթարկուիս...»՝ իրականությունից անչափ գոհ, հաստատում էր Զարեհը: Ինչո՞ւ էր  իր  ապրած մարմնական հաճույքները, կամ տհաճությունները մանրամասնորեն արձանագրում օրագրի  մեջ՝ անպայման հրատարակված տեսնելու որոշմամբ: Գուցե որովհետև օրագրությունը հենց իր կյանքի վեպն էր, թեև ասում էր, ամեն «...մեր գրածներուն տակը նորէն մենք ենք, որ պահուտեր ենք սատանայի պէս, թերևս ալ` հրեշտակի պէս: Ո՞վ գիտէ»: Ասում էր, թե  «միշտ վախկոտութիւն մը ունեցած եմ  Լիլի, Լուլու, Ֆիֆի եւ այլն անուն կրող կիներէն»: Իր ալզասցի կինը Լիլի էր՝ Էլիզաբեթ Հեռ, որ բավական տանջվեց   ամուսնու անսանձելի  կրքի պատճառով:

IMG_2449.jpeg (444 KB)

Կինը` Էլիզաբեթ Հեռ

Ըստ Զարեհի՝ դրա համար էլ սրվեց հիվանդությունը, որ ի վերջո Էլիզաբեթին տարավ այն աշխարհ: Այնինչ նրանց սիրավեպը  շատ գեղեցիկ սկիզբ էր ունեցել Ստրասբուրգում, 1933 թվականին, ուր տեղափոխվել էր Ֆրանսիայի ծովեզերյա շրջաններից: Էլիզաբեթը 21 տարեկան էր, առողջ, գեղեցիկ, «իր գեղեցկութեան հրապոյրէն աւելի ձայնին գրաւչութիւնն էր զիս հմայողը, ...խոր, թաւ իր սիրազեղ պահերուն... Այն ատեն համոզուծ էի որ Լիլին ողբերգակ դերասանուհիի մը խմորը ունէր...»: Ամուսնացան 1937-ին:  «Կինը կը սիրենք իր գեղեցութեան համար: Մերը՝ իր առաքինութեան» և «Ի՜նչ գոռոզութեամբ կը խօսինք աղջկան մը մարմնական յատկութիւններու վրայ, երբ ան մեր կինը չէ...»՝ այսպիսի ճշմարտություն: Զարեհը ամեն օր կնոջ հետ անկողին էր մտնում ժամը 11-ին, «որպէսզի կռնակիս փարած կարելի ըլլայ քնանալ: Անկարելի է, առանց ատոր չի կրնար քնանալ: ...գիշերուան այս ամենէն խաղաղ ժամերը կը վատնուին այսպէսով»: Եվ ամեն առավոտ հայերենով ««բարի լոյս» կըսէ ինծի, իմ Հայութիւնս ըզգացնելու համար իր դէմքին վրայ վարդի պէս բացուած ժպիտին մէջէն»: Իհարկե՝ ժամանակի ընթացքին  անպայմանորեն կռնակին փարվելու «ավանդույթը» չեղարկվեց: Կյանք է:

Զ.Որբունին Հրաչ Չուլֆաեանի եղբոր՝ Օնիկի հետ, Ավինյոն.jpg (740 KB)

Զ.Որբունին Հրաչ Չուլֆաեանի եղբոր՝ Օնիկի հետ, Ավինյոն

 Թարգմանվածը

Բայց ով էր Զարեհը՝ այս տաղանդավոր գրողը, որի Էօքսիւզեան  ազգանունը աշակերտական տետրակի մեջ Որբունի էր դարձրել: Վարժարանի ուսուցիչերից մեկը՝ Հարություն Պէրպէրեանը, մոլուցք ուներ ազգանուններ հայացնելու, մինչդեռ իր Պէրպէրեան-ը այդպես էլ Սափրիչեան-ի չփոխեց: «Այս դարը երկու տարիէ ի վեր աչքերը բացած էր, երբ ես իմիններս բացի... Ուրեմն, ծնած եմ 1902 թ., մայիսի 24-ին: Բայց ի՞նչ կարևորութիւն ունի ասիկա և զո՞վ կը հետաքրքրէ, եթէ  ոչ քեզի պէս խենթ մը կամ աստղաբաշխերը»,- գրեց Գուրգեն Մահարիին՝ ի խնդրանք իր մասին մանրամասների՝ «Կենսագրական շաղակրատութիւն Գ. Մահարիի հետ» նամակում այնպիսի մի սոսկալի ձեռագրով, որ խեղճ Մահարին առանց մի բառ հասկանալու, այն հանձնեց Գրականության և արվեստի թանգարանին՝ հույս ունենալով, որ կգտնվի մի խենթ գիտաշխատող՝ այն  վերծանելու համար: Ի միջի այլոց՝ նամակի առաջին էջը գրված է Փարիզի Լամարթին 6 հասցեում գտնվող “Longue vie”՝ Ջ. Օսավայի սննդակարգի համաձայն գործող «ճափոնական» ռեստորանի ճաշացանկի դարձերեսին, որ տնօրինել է Զարեհը. ապուրներ, ճապոնական թացաններ, հիմնական ուտեստ՝ սուկիյակիից մինչև սաշիմի, ըմպելիքի տեսականի՝ քոմբիչա, ջրիմուռներից թեյ, yannoh «սուրճ», սաքի և, ի գիտություն այցելուների՝ սպասարկման 12 տոկոս վերադիր: Օսավայի մասին՝ անպայման, բայց՝ հետո: Այդպես էլ եղավ՝ Գրականության և արվեստի թանգարանում  խենթերից մեկը Արփիկ Ավետիսեանն էր: Իսկ վերջնական սրբագրումների և տակավին անընթեռնելի հատվածների վերծանման համար, օգնության հասավ, Զարեհ Որբունու լավ բարեկամ, Փարիզաբնակ գրականագետ Գրիգոր Պըլտեանը, ում անունը այևս կապվում է Որբունու ձեռագիր ժառնգությանը «հարություն տալու» հետ: Ինչևէ: Այդուհանդերձ իր օրագրում գրում է, որ Մայիս 24-ը «...խնդրական ըլլալու է...», քանի որ այդպես էլ մորից չի կարողացել ճշտել՝ այս օր հին, թե՞ նոր տոմարով է: «Ասիկա զգուշացնելու համար աստղագէտները, եթէ խելքներին փչէ աստղերով փնտռել ճակատագիրս կամ  նկարագրիս գիծերը»:

Սև ծովի կողմերից

Հայրը՝ Մարտիրոսը, որ Տրապիզոնի մոտերքից էր, Օրդու քաղաքից իր համար կին ընտրեց՝ «Սեւ ծովի եզերքը կորսուած Բագրատունիներէն» Արաքսիին: Ունեցան 4 զավակ՝ Մելանոյշ, Նուրհան, Կարապետ և Զարեհ: Հայրը երազում էր իր  զավակներից երաժշտական քառյակ կազմել՝ Զարեհը՝ ջութակ, Մելանոյշը՝ դաշնամուր, եղբայրներից մեկը՝ սրինգ, մյուսը՝ թավջութակ: Իսկապես Զարեհը սկսեց  ջութակ պարապել, «բայց գաղթը այս երազին եւս վերջ տուաւ»: Օրդուն ոչ միայն դարձավ Զարեհի ծննդավայրը, այլև այն տեղը , որտեղ առաջին անգամ ճաշակեց սիրո համը, զգաց, թե դա ինչ բան է: 10-11 տարեկան Գոհարիկ  Վարդերեսեան անունով աղջիկը պարգևեց այդ «աստուածանուէր տառապանքս...», որ «դժոխքի կրակներուն մէջ նետած էր ինծի: ...Այսօր, երբ դեռ կը մտածեմ կեանքիս վրայ, կը տեսնեմ, որ բոլոր սէրերս եղած են Գոհարիկին կրկնութիւնները» :

Քույրը՝ Մելանոյշը, եղբայրը՝ Նուրհանը և մայրը՝ Արաքսին.jpg (327 KB)

Քույրը՝ Մելանոյշը, եղբայրը՝ Նուրհանը և մայրը՝ Արաքսին

Մի օր ակամա լսեց հոր ասածը, թե Եվրոպայում պատերազմ է սկսվել ու, թեև  Տաճկաստանը դեռ պատերազմի մեջ չի մտել, «...բայց չէր կրնար անմաս մնալ անկէ: ...Այս անգամ այս մարդիկը մեզի պիտի լմնցնեն»: 1914 թվականն էր: Ընտանիքը փրկելու համար  ձևականորեն իսլամ ընդունեց: «Հայրս ամեն օր մզկիթն էր` վստահութիւն ներշնչելու համար, այնքան գետինը կը ծռէր աղոթքներու ժամանակ, որ ճակատին «Տաս փարա» կազմուած էր»: Բայց «թրքութիւն» ընդունելը միայն 2 ամսվա «ապահովություն» բերեց  Էօքսիւզեաններին: Եկավ աքսորի հրաման: Հորը և  հորեղբորը սպանեցին: Երեխաները  մնացին ծանոթ թուրքի մոտ, մինչև մայրը  վերստին գտավ նրանց և իր մոտ առավ: 

«Տաւարիշչի-կրաժտանի» բոռացողների ժամանակը

Էօքսիւզեանների պատմությունը ցեղասպանությունով անցած հարյուր հազարավոր ընտանիքների հետ պատահած, առաջին հայացքից ընդհանրական, գրեթե նմանօրինակ թվացող մի «դիպաշար» է՝ մինչև մահ հոգեկան չսպիացող մեծ վերքով: Բայց որքան տարբեր են այդ պատմությունների ետևում անհատական  ճակատագրերը՝ իրենց ոդիսականներով և ավարտներով: Ապրելու համար Զարեհը անցնում էր քաղաքից քաղաք՝ մոր պատրաստած փեշտըմպալները՝  սփածանելիները՝ բաղնիքում մերկ մարմինները ծածկող այդ նուրբ կերպասները վաճռելու համար, որ ապրուստի միակ միջոցն էր: Հետո, արդեն Ֆրանսիայում ՝ որպես կոմիվոյաժոր  դռնեդուռ ընկած ապրանք վաճառելիս՝ կհիշի իր պատանության այս «հացաբեր» աշխատանքի շրջանը, որ «երանելի օրեր կը թուին»: Հետո նորից փախուստ, այս անգամ հոր երազանքը կատարելու համար: Այն դեպի Ղրիմ էր՝ Սևաստոպոլ կամ Սեպասթաբոլ, ինչպես ասում էր Զարեհը: «Ես հայ կոշկակարի մը մօտ աշակերտ էի, քաջ Անդրանիկի քաղաքէն: Շատ լաւ, ճաշակաւոր, համեստ արհեստաւոր մըն էր վարպետս: Երանի թե շարունակէի. այսօր գեղեցիկ արհեստ մը ունեցած պիտի ըլլայի»: Շուտով քաղաք մտան բոլշևիկները: «Քանի մը օր կռուեցան և ծով նետեցին յույն նաւազները և սպիտակ բանակը: ...Կը զգայի, որ աշխարհը պիտի փոխուէր, և ես կ’ուզէի ականատես ըլլալ, վայելել: Նախիմովսքիի վրայ, ուր է՜ր հիմա աշխատած տունս` հացարարատունը (պուլոչնայա) ..., մէկ մայթէն միւսը կը ցատկռտէի` մինչդեռ պուլվարին երկու ծայրերէն  արձակուած փամփուշտները շուրջպար կը բռնէին: Առաւօտ մը քաղաքը լեցուեցան բանուորական հագուստներով մարդիկ.... կը պոռային «տաւարիշչի-կրաժտանի...»»: Եթե երեխաներին Պերպերեան վարժարանում կրթություն ապահովելու հորից մորն անցած մտասևեռումը չլիներ, Զարեհը գուցե դառնար սովետական քաղաքացի, մանավանդ որ հակված էր համայնավարական գաղափարներին և շուտով հայտնվեր Սիբիրում կամ գնդակահարվեր, չէ որ  ամբաստանվել էր տրոցկիստ լինելու համար և պնդում էր, թե «Ստալին մեռցուց, թաղեց համայնավարութիւնը»: Ուրեմն՝ թողնելով Սևաստոպոլը, իր կոշկակար վարպետին, հացթուխի մոտ իր աշխատանքը և այն հրաշալի ռուս  աղջկան, «...որուն անունը մոռցած եմ», բայց որի մեջ Գոհարիկ Վարդերեսեանին էր  փնտրել, ամբողջ ընտանիքով հասան Կոստանդնուպոլիս: Զինադադար էր՝ հույսերի, սպասումների խաբուսիկ ժամանակաշրջանը: Մտավ Պերպերեան վարժարան: Եվ հանդիպեց Մատթէոս Զարիֆեանին: «Զարիֆեանին նշանածին ծնողքին մօտ  բանսիոնն էի: Զարիֆեանը յաճախ կու գար: Ճաշի սեղանին վրա, կամաց մը աթոռը ետ-ետ կը քաշէր ու կ’երթար ճաշասենեակին մէկ անկիւնը: Նոյեմին քնքուշ կը մրմջէր. «Նորէն եկան մուսաները»: Այս շրջանին էր, որ ինքն էլ սկսեց «թուղթ ճմռթել»՝ բանաստեղծություններ գրել. «...օրական մինչև 20 քերթուած կը գրէի...:...Ինծի համար բանաստեղծութիւններս խօսակցութիւն, հաղորդութիւն էին Մելինէի հետ, որ կ’արհամարհէր զիս, ան որ չէր գիտեր անգամ, թէ մէկը կը տառապէր իրեն համար, ան զոր օր մը տեսած էի Պէրպէրեանի աղջկանց վարժարանի բակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter