HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական բանականությունը «հաստատվել է» Գագարինում. Eleveight AI տվյալների կենտրոնը

Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում մարդկանցից ու տներից շատ արևային վահանակներ կան։ Այստեղ ստեղծվել է արհեստական բանականության նորարարական տվյալների կենտրոն, որն այս պահին տարածաշրջանում եզակի կառույց է։

Կենտրոնը Eleveight AI ընկերության նախաձեռնությունն է։ Ծրագրի պլանավորման աշխատանքները սկսել են դեռևս նախորդ տարվա սկզբից, տարվա կեսից անցել նախագծման փուլին: Այս պահին աշխատանքներն ավարտական փուլում են,  նախատեսվում է կենտրոնը լիարժեք հզորությամբ գործարկել 2026-ի երկրորդ կիսամյակի սկզբից։

Eleveight AI ընկերության գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը նշում է՝ Գագարինը պատահական ընտրություն չէ։

«Կան մի քանի կարևոր գործոններ։ Նախ՝ այդ տարածաշրջանը Հայաստանի լավագույն վայրերից մեկն է արևային կայանի արդյունավետ աշխատանքի համար, իսկ մեզ համար սկզբունքային էր ապահովել վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուր։ Բացի այդ, ընտրված տեղակայումը ընդհանուր առմամբ շատ հարմար է էներգետիկ ենթակառուցվածքների տեսանկյունից։ Կլիմայական պայմաններն էլ բավականին նպաստավոր են, ինչը դրական ազդեցություն ունի ինչպես էներգախնայողության, այնպես էլ ընդհանուր արդյունավետության վրա»,- ասում է Ալեքսանյանը։

Դեռևս 2024-ին շուրջ 6․4 հա տարածքում 9000-ից ավել ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել։ Այդ ժամանակ տվյալների կենտրոն ստեղծելու գաղափար չեն ունեցել, որոշել են էներգիա արտադրել, հետո մտածել են այն արդյունավետ օգտագործելու մասին, ու ծնվել է Eleveight AI-ը։

 Արևային կայանի հզորությունը 5 ՄՎտ է, իսկ կենտրոնի էլեկտրաէներգիայի սպառումը՝ մոտ 1.5 ՄՎտ։ Ալեքսանյանն ասում է՝ ապագայում ընդլայնման ծրագրեր ունեն։ Թե՛ ներկա, թե՛ ապագա փուլերում, Ալեքսանյանի խոսքով, կենտրոնը աշխատելու է բացառապես վերականգնվող էներգիայով։

Իսկ ի՞նչ է արհեստական բանականության տվյալների կենտրոնը

Արհեստական բանականության տվյալների կենտրոնը մասնագիտացված հզոր ենթակառուցվածք է, որը նախատեսված է ԱԲ մոդելների ստեղծման, ուսուցման և աշխատանքի համար։

Եթե սովորական տվյալների կենտրոնները կարելի է համեմատել հսկայական «թվային պահեստների» հետ, ապա ԱԲ տվյալների կենտրոնները նման են «թվային գործարանների», որտեղ տեղի է ունենում տվյալների ինտենսիվ մշակում։

ԱԲ մոդելների ուսուցման համար օգտագործվող գրաֆիկական պրոցեսորները (GPU) աշխատում են բարձր ծանրաբեռնվածությամբ։ Ի տարբերություն սովորական սերվերների, ԱԲ չիպերն արտադրում են մի քանի անգամ ավելի շատ ջերմություն, որը չեզոքացնելու համար ջուր է պետք։ Ընկերության տնօրենն ընդգծում է՝ այս հարցում հաճախ թյուրըմբռնում կա, որոշ մարդիկ ասում են՝ Սևանին մոտ է կառուցվել, որ լճի ջուրն օգտագործվի։

«Հովացման համակարգերը աշխատում են փակ ցիկլով և օգտագործում են հատուկ տեխնիկական հեղուկներ։ Այսինքն՝ ջրային ռեսուրսների սպառումը գործնականում զրոյական է»,- նշում է Ալեքսանյանը։

Կենտրոնը կառուցելու համար շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում է կատարվել։ Ալեքսանյանը կարծում է, որ այս ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն կարևոր է և նպաստում է Հայաստանում ոլորտի զարգացմանը։

«Eleveight AI-ում կիրառվում են NVIDIA-ի նորագույն տեխնոլոգիաները։ Ծառայությունների տեսանկյունից մենք առաջարկում ենք հանրային ամպային լուծումներ՝ սարքավորումների վարձակալության հետ զուգահեռ, ինչը մեզ հնարավորություն է տալիս տարբեր շուկաների համար առավել ճկուն և հասանելի լինել։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև մեր որդեգրած կայուն զարգացման ծրագիրը։ Եթե տեխնոլոգիական տեսանկյունից Eleveight AI-ը եզակի է տարածաշրջանում, ապա վերոնշյալ բոլոր գործոնների համադրությամբ այն կարելի է դիտարկել որպես եզակի նախագծերից մեկը նաև համաշխարհային մակարդակում»,- նշում է ընկերության տնօրենը։

Eleveight AI-ն աշխատելու է NVIDIA Blackwell B300 սերնդի գրաֆիկական պրոցեսորներով (GPU), որոնք բարձր արտադրողականությամբ հաշվարկային քարտեր են՝ նախատեսված  արհեստական բանականության մոդելների ուսուցման, գեներատիվ ԱԲ-ի, բարդ վերլուծությունների և մեծածավալ տվյալների մշակման համար։ GPU-ների ներմուծման համար անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի թույլտվությունը։

Արման Ալեքսանյանը նշում է՝ ներմուծման գործընթացը իսկապես հեշտ չէր, սակայն էական խոչընդոտներ չեն եղել։ 

«Կարծում եմ՝ սա նաև վերջին շրջանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների աննախադեպ զարգացման արդյունք է»,- ասում է Ալեքսանյանը։

Eleveight AI ընկերության տնօրենը շեշտում է՝ արհեստական բանականության համար նախատեսված հաշվողական հնարավորությունները արդեն դառնում են անհրաժեշտություն, և մոտ ապագայում դրանց նշանակությունն էլ ավելի կաճի։ 

«Խոսքը վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին՝ արդյունաբերությունից և գիտությունից մինչև անվտանգություն։ Այդ իմաստով նման կենտրոնները ունեն ռազմավարական նշանակություն, այդ թվում նաև երկրի թվային սուվերենության ապահովման տեսանկյունից»,- ասում է նա։ 

Կարծում է՝ կարող են մրցունակ լինել նույնիսկ խոշոր միջազգային շուկաներում։ Արդեն ունեն գործընկերներ Ճապոնիայում, բայց Eleveight AI-ի առաջնահերթություններից է նաև տեղական շուկան, հատկապես ստարտափները, որոնց համար հատուկ համագործակցության ծրագրեր են մշակել։ Համագործակցության ուղիներ են տեսնում նաև Կառավարության հետ։

Այս պահին կենտրոնն ունի շուրջ 50 աշխատող, նախատեսում են հետագայում ավելացնել թե՛ աշխատողների քանակը, թե՛ կենտրոնի հաշվողական հզորությունը։

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter