HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էդուարդ Հակոբյան. «ԹՐԻՓՓ-ով անցնող ադրբեջանական բեռները կզննվեն»

ԹՐԻՓՓ («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») ճանապարհին Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է։ Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանում գործում է նշված միության մաքսային իրավական համակարգը, և դա տարածվում է նաև այս դեպքում։ Այս մասին այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Ըստ նրա՝ այդ ճանապարհով անցնող ադրբեջանական բեռները կզննվեն։

«Մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն՝ այս առաջին կիսամյակի ընթացքում, որը ցամաքային կետերում միանալու է մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները։ Բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով։ Եվ համակարգը կամ վերլուծողի, կամ արհեստական բանականության միջոցով ընտրելու է թիրախները, որոնք պետք է զննվեն։ Եթե ինչ-որ մի տեղ բան կբացահայտվի, իհարկե, կարիք կլինի միջամտելու»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։ 

Ըստ նրա՝ քննարկվող «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը ունի վերը նշված տրամաբանությունը։ «Դա նշանակում է, որ դու բեքօֆիսային աշխատանք ես կատարում, թիրախավորում ես ռիսկերը, հետո բեք օֆիսի տեսուչը կամ աշխատակիցը դուրս է գալիս համապատասխան վայր և անում է զննում կամ այլ գործառույթներ»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ գործելու է նաև Մաքսայինի կոմիտեի ռիսկերի համակարգը։ 

Էդուարդ Հակոբյանը համոզված է, որ այս համակարգը թույլ է տալիս քիչ շփվել այն մարդկանց հետ, որոնք անցնում են սահմանը: Թե ինչ կազմակերպություններ են սպասարկելու, օրինակ, «ֆրոնտ օֆիսը», հայտնի չէ. «Այդ հարցերի պատասխանները ժամանակի ընթացքում կլինեն»։ 

Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան սահմանին վերազինման աշխատանքներին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ հայկական կոմից պարբերաբար այցելում են այնտեղ, որ ցանկացած պահի ամբողջությամբ պատրաստ լինենք գործարկելու այդ կետը։ «Այդ ենթակառուցվածքը դեռևս նախանցած տարի, ըստ էության, պատրաստվել է։ Մենք ամբողջությամբ վերազինված պատրաստ կետ ունենք։ Ունենք նաև աշխատակիցների խումբ՝ ըստ անհրաժեշտության, ովքեր սահմանը բացելու որոշման ժամանակ ծառայություն կմատուցեն»,- նշեց Էդուարդ Հակոբյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter