Մարտի 1-ից ուժեղացված ստուգումներ կանցկացվեն սննդի առաքիչների մոտ
Երևանում օր օրի ավելի հաճախ ենք տեսնում սննդի առաքիչների։ Սնունդ պատվիրելը տուն կամ աշխատավայր դարձել է մարդկանց առօրյայի մի մասը։ Այդպես մարդիկ ժամանակ են խնայում, սակայն մեծանում է տարբեր վարակների տարածման հավանականությունը. նման համոզմունք ունի Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
Մարտի 1-ից ՍԱՏՄ-ն սանիտարական գրքույկի առկայության ուժեղացված ստուգումներ է իրականացնելու սննդի առաքիչների շրջանում։
Տեսչական մարմնի այս որոշումը պայմանավորված է «վերջին շրջանում հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքով» եւ արձագանք է մարդկանց մեծաթիվ բողոքներին ու ահազանգերին։
Առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության կարգի համաձայն՝ սննդի արդյունաբերության ոլորտի, սննդամթերքի պահեստների աշխատողները, որոնք առնչվում են սննդամթերքին դրանց արտադրման, պահպանման և իրացման ընթացքում, բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքին անմիջականորեն առնչվող անձինք, հանրային սննդի, սննդի առևտրի կազմակերպությունների աշխատողները պետք է ունենան սանիտարական (բժշկական) գրքույկ։ Նրանք աշխատանքի ընդունվելիս պետք է անցնեն թերապևտի, մաշկավեներաբանի, պալարախտի, սիֆիլիսի, քերուկի, ինչպես նաև՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և հելմինթակրության նկատմամբ զննում։ Թվարկված որոշ զննումներ պետք է պարբերաբար անցնեն՝ նաև աշխատանքի ընդունվելուց հետո։
Եթե առաքիչները նախնական ու պարբերական բժշկական զննություն անցած չլինեն, սանիտարական (բժշկական) գրքույկ չուենան, ՍԱՏՄ-ն վարչական պատասխանատվության կենթարկի առաքման ծառայություն մատուցող կազմակերպություններին։
«Վերջիններիս պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը»,- նշում է տեսչական մարմինը։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել