Վնասի հատուցումը՝ պարտավորություն, ոչ թե պատիժը երկարաձգելու գործիք. Արդարադատության նախարարությունը վերանայում է մոտեցումը
Դատարանի որոշումներով դատապարտյալների վարքագիծը հաճախ գնահատվում է ոչ պատշաճ, քանի որ չեն հատուցել տուժողներին պատճառած իրական վնասը: Այդ պատճառով էլ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունները մերժվում են: Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, ըստ որի՝ դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չի կարող դրվել միայն տուժողին պատճառված իրական վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հանգամանքը:
Նախագծով առաջարկվում է, որ դատարանը կայացնի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն:
Նշենք, որ դեռևս 2026թ. հունվարի 12-ին «Հետքը» գրավոր հարցում է ուղարկել Քրեակատարողական ծառայություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժից վաղաժամկետ ազատման ժամանակ հաշվի է առնվում նաև աշխատելու հանգամանքը, հարցրել էինք՝ եթե քրեակատարողական հիմնարկը չի կարողանում ապահովել համապատասխան աշխատանքով, ապա դատապարտյալի համար ինչպե՞ս է այդ հանգամանքը դիտարկվում: 30-օրյա ժամկետ են խնդրել այդ և մի շարք այլ հարցերին պատասխանելու համար: Այս ընթացքում Արդարադատության նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել վերը նշված նախագիծը։
Գործող օրենսդրական կարգավորումներով՝ որպես նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու հանգամանք, նախատեսված է նաև այն, թե արդյոք դատապարտյալը հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը, կամ ստանձնել է վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն։
Արդարադատության նախարարության հիմնավորումներում նշվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը իր բովանդակությամբ առավելապես վկայում է դատապարտյալի պատասխանատվության զգացման, գիտակցված վերաբերմունքի և պատշաճ վարքագծի մասին, այլ ոչ թե ուղղակիորեն կանխորոշում է նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության աստիճանը: Հետևաբար, տվյալ հանգամանքը տրամաբանորեն ավելի համապատասխան է դիտարկել որպես դատապարտյալի վարքագծի ցուցիչ, այլ ոչ թե որպես նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող չափանիշ։
Տուժողի իրավունքների պաշտպանությունն ու պատճառված վնասի հատուցումը քրեական արդարադատության համակարգում կարևոր դեր ունեն։ Սակայն գործնականում նման մոտեցումը մի շարք դեպքերում առաջացնում է խնդիրներ, քանի որ այն ոչ միշտ է հաշվի առնում դատապարտյալի իրական հնարավորությունները և պատժի կրման ընթացքում գոյություն ունեցող օբյեկտիվ սահմանափակումները։
«Անտեսվում է այն օբյեկտիվ իրողությունը, որ ազատությունից զրկված անձինք գտնվում են իրավական և փաստական այնպիսի վիճակում, որը զգալիորեն սահմանափակում է նրանց տնտեսական ինքնուրույնությունը և աշխատելու հնարավորությունները։ Քրեակատարողական հիմնարկներում առկա աշխատատեղերի սահմանափակ քանակը և/կամ տարբեր տեսակների աշխատանքներ առաջարկելու սահմանափակ հնարավորությունները՝ հանգեցնում են նրան, որ դատապարտյալների զգալի մասը զրկված է պատժի կրման ընթացքում աշխատանք կատարելու, եկամուտ ստանալու և այդ եկամտի հաշվին տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ եղանակով հարթելու իրական հնարավորությունից»,-նշված է նախագծի հիմնավորումներում:
Նախարարության դիտարկմամբ՝ նման մոտեցումը կարող է վտանգել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի բուն նպատակն ու նշանակությունը: Այն կոչված է խրախուսելու պատշաճ վարքագիծը, վերասոցիալականացման գործընթացում ակտիվ մասնակցությունը և հասարակություն վերադարձի պատրաստակամությունը։ Երբ վնասի չհատուցումը պայմանավորված է ոչ թե դատապարտյալի անբարեխղճությամբ, այլ օբյեկտիվ սահմանափակումներով, այդ հանգամանքը չպետք է գործի ի վնաս նրա իրավունքների և չպետք է հանգեցնի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման մերժման։ Միաժամանակ առաջարկվող կարգավորումը նախատեսում է իրավական մեխանիզմ, որով դատարանը, պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշում կայացնելիս, կարող է դատապարտյալի վրա դնել տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այն այլ կերպ հարթելու պարտականություն՝ որպես ազատման պայման։
Նախագծով առաջարկվում է դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկել ոչ թե 3-6 ամիս պարբերականությամբ, այլ՝ 3-12 ամիս: Ըստ նախագծի հեղինակների՝ վերասոցիալականացման աշխատանքների արդյունքների օբյեկտիվ գնահատման համար նպատակահարմար է սահմանել ավելի երկար ժամկետ, որպեսզի այդ աշխատանքները չկրեն ձևական բնույթ և չսահամանփակվեն 6 ամսով, քանի որ կախված անձի կողմից կատարված արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից, պատժաչափից, անձնային հատկանիշներից՝ վերասոցիալականացման աշխատանքները կարող են տարբեր լինել և որոշ դեպքերում առավելագույնը վեց ամիս ժամանակահատվածը քիչ է օբյեկտիվ գնահատականի հանգելու համար:
Նշված գնահատումը ենթադրում է դատապարտյալի հետ անմիջական աշխատանք և այդ աշխատանքների շարունակական արձանագրում ու գնահատում: Դատապարտյալի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, տեղեկությունները, նյութերը, անձնական գործը գտնվում են քրեակատարողական հիմնարկում: Նախագծով առաջարկվում է պայմանական վաղաժամկետ ներկայացման գործընթացի շրջանակում պահանջվող գործողությունները (զեկույցի կազմում, դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու որոշում, դատարանում հանդես գալ)՝ վերապահել քրեակատարողական հիմնարկին:
Կարդացեք նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել