HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պայմանական վաղաժամկետ ազատումը շրջանցում է ցմահ ազատազրկվածներին

9 տարի պայմանական վաղաժամկետ ազատման սպասումով

Հունիսի 25-ին կլրանա 29 տարին, ինչ Արթուր Մկրտչյանն ազատությունից զրկված է: Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 1997թ. հունիսի 18-ի դատավճռով նշանակվել է մահապատիժ՝ գնդակահարության միջոցով (պատժի սկիզբը՝ 25.06.1996թ.): Հանրապետության նախագահի 2023թ. օգոստոսի 1-ի հրամանագրով Ա. Մկրտչյանին ներում է շնորհվել, և նրա նկատմամբ նշանակված մահապատիժ պատժատեսակը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

«Հետքը» դեռ տարիներ առաջ անդրադարձել է Արթուր Մկրտչյանի քրեական գործին:

Արթուրն ազատությունից զրկվել է այն ժամանակ, երբ մոտ 19 տարեկան էր, այժմ 49 տարեկան է: 5 տուժողի իրավահաջորդներից 4-ը ներկայացրել է նոտարական վավերացմամբ հայտարարություն, որ Արթուր Մկրտչյանից պարտք ու պահանջ չունեն և դրական են արտահայտվել պատժից պայմանականորեն ազատելուն: Չի փոխհատուցվել միայն տուժողներից մեկի 2000 ԱՄՆ դոլար վնասը, ինչի հետ կապված էլ վերջինս բացասական դիրքորոշում է հայտնել դատապարտյալին վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

Ինչպես արձանագրված է Արթուրի անձնական գործում, քրեական ենթամշակույթի նկատմամբ ունի բացասական վերաբերմունք, հակումներ, կախվածություններ չունի, մասնակցում է վերասոցիալականացման ծրագրերին:

Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից հաստատում են, որ Արթուր Մկրտչյանը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և ստացել հավաստագրեր:

Քրեակատարողական ծառայության եզրակացության համաձայն՝ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ զեկույցը դրական է: Իսկ ըստ Պրոբացիայի ծառայության զեկույցի՝ Արթուրը պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, «սակայն դատապարտյալի նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ»: Սա Պրոբացիայի ծառայության «շաբլոնային» նախադասություններից է, որը կարմիր թելով անցնում է դատապարտյալների գործերով:

Իսկ ինչպե՞ս է այդ ռիսկը բարձր, ի՞նչ է արել դատապարտյալը, ըստ որի այդ ռիսկը բարձրացել է կամ մնացել է բարձր, ի՞նչ պիտի անի դատապարտյալն ռիսկը նվազեցնելու համար, որ չի արել, արդյոք պետությունը բավարար պայման ստեղծե՞լ է դրա համար և այլն: Հարցեր են, որոնց պատասխանները չկան կամ վերացական են: Դատապարտյալն ակտիվ մասնակցում է վերասոցիալականացման ծրագրերին, պատժի կրման ընթացքում Արթուրը 86 դասընթացի ու միջոցառման է մասնակցել, որոնց համար երբևէ չի խրախուսվել, փոխարենը մինչև հիմա, երբ դատարան է ներկայացվում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու միջնորդություն՝ դատարանները հիշում են, որ, օրինակ՝ 1998թ․-ին վիճաբանել և քաշքշել է խցակցին, ինչի համար զրկվել է հերթական հանձնուք ստանալու իրավունքից: Իսկ, եթե դատապարտյալը չի ուղղվում, գուցե պետությունն իր պարտականությունը պատշաճ չի կատարում կամ այդ ծրագրերն են անարդյունավետ, որ բավարար չափով դրական արդյունք չի արձանագրվում:

Բնականաբար, պետության բացթողումները քննարկման թեմա չեն դառնում, և միշտ մեղավոր է դատապարտյալը՝ բոլոր բացասական հետևանքներով: Դատարաններին, կարծես թե, դրանք չեն հետաքրքրում, նրանք էլ իրենց վերացական տեքստն ունեն՝ «հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը»: Եթե անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ուրեմն կատարել է առանձնապես ծանր հանցագործություն, և այն փոխել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ ինչու՞ են օրենքով նախատեսված պայմանական վաղաժամկետ ազատման կարգավորումները, որոնք վերաբերում են նաև ցմահներին:

Արթուր Մկրտչյանի մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը, ասում է, որ 2018թ․-ից հետո շատ բան չի փոխվել՝ նույն անորոշությունը պահպանվում է:

«Հիմա մի քիչ այլ է: Գիտեք՝ ինչի հետ կարող եմ համեմատել, որ երեխային կոնֆետ են ցույց տալիս, բայց չեն տալիս, ասում են՝ հետո կտամ, իսկ հետոն երբ է՝ ոչ ոք չգիտի: Նույնը ցմահների դեպքում է, կարգավորումը կա, բայց չեն կիրառում, ասում են՝ հետո: Պետությունը պետք է համարձակ քայլերի գնա: Մտածում եմ՝ հանրային ճնշումից են վախենում, որ չասեն՝ տեսեք, հիմա էլ ցմահներին են ազատում»,- ասում է Ջավահիր Մկրտչյանը:

Փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ պետությունը որքան էլ ջանում է թափանցիկ համակարգ ստեղծել պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, որպեսզի անազատության մեջ հայտնված անձի համար տեսանելի կամ կանխատեսելի լինի, այնուամենայնիվ լուրջ խնդիրներ կան:

Փաստաբանի դիտարկմամբ՝ Հայաստանի արդարադատության համակարգում անձի վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները մինչ օրս անկատար են: Օրինակ՝  պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու միջնորդությունները հաճախ մերժվում են այն պատճառով, որ անձը չի մասնակցել քրեակատարողական հիմնարկի տարածքում իրականացվող աշխատանքներին: Բայց, ըստ Ֆանյանի, հարց է առաջանում՝ պետությունը անձի կարիքները բավարարող ի՞նչ աշխատանք է ստեղծել քրեակատարողական հիմնարկներում, կամ վերասոցիալականացմանն ուղղված ի՞նչ կոնկրետ ծրագրեր են իրականացվում, ինչպես են կարողանում դատապարտյալներին շահագրգռել և ներգրավել այդ աշխատանքների կատարմանը:

«Ասում են՝ այսինչ աշխատանքներին չի մասնակցել: Գուցե անձն ունի ինտելեկտուալ կարողություններ, որին հարմարեցված աշխատանք է պետք ստեղծել ՔԿՀ-ում»,- ասում է Արմինե Ֆանյանը և հավելում՝ պատրանքը, որ ստեղծել է պետությունը, թե  պայմանական վաղաժամկետ ազատման կառուցակարգերը պարզ են, դրանց հիման վրա օբյեկտիվ զեկույցներ են կազմվում, իրականում՝ թերի են և շատ դեպքերում՝ անտրամաբանական:

Ինչ վերաբերում է ցմահներին, ապա փաստաբան Արմինե Ֆանյանը նշում է, որ դեռ մնացել է հետխորհրդային երկրներին բնորոշ պատժողական քաղաքականությունը: Պետությունը դեռ շարունակում է կախված մնալ Դատախազության դիրքորոշումներից, որը պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում 99%-ով բացասական է:

«Եթե քրեակատարողական հիմնարկը պայքարում է, որ անձը վաղաժամկետ ազատ արձակվի, ապա Դատախազությունը դրան դեմ է արտահայտվում: Իսկ ցմահ ազատազրկվածների հետ կապված ունենք կարծրատիպային մոտեցում, եթե ցմահ է, ուրեմն վերջ: Իսկ նոր հանցանք կատարելու հավանականությունը 20-30 տարի անց այնքան է կորցնում իր արդիականությունը, որ դրա գնահատման չափանիշը չկա»,- ասում է Ա. Ֆանյանը և հիշեցնում, որ այդ տարիներին գործող Քրեական օրենսգիրքը, որով անձինք դատապարտվել են ցմահ ազատազրկման, այնքան խոցելի է եղել իր կառուցակարգերով, այնքան թերի քննություն է իրականացվել, որ եթե օբյեկտիվ քննություն իրականացվի, դեռ հարց է, թե այսօր ցմահ դատապարտվածներից քանիսի նկատմամբ դարձյալ ցմահ ազատազրկման դատավճիռ կկայացվի:

82 ցմահ ազատազրկվածներից 46-ը պատիժը կրում է 20 տարուց ավելի

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում ցմահ ազատազրկման դատապարտված 82 դատապարտյալ: Այդ անձանցից կեսից ավելին՝ 46 հոգին, անազատության մեջ է արդեն 21 և ավել տարի, որից 8-ը՝ 31 և ավել տարի: 2018թ. իշխանափոխությունից հետո ցմահ ազատազրկվածների ընտանիքների անդամների մոտ հույս արթնացավ, որ բարեփոխումներ կիրականացվեն քրեաիրավական ոլորտում, և իշխանությունը կվերանայի ցմահ դատապարտվածների նկատմամբ որդեգրած կարծրացած մոտեցումները: Սակայն, խոստումներից բացի, էական տեղաշարժ չգրանցվեց: 

Ցմահներ1.jpg (317 KB)

Քրեական օրենսգրքով նախատեսված է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու մեխանիզմ, որը վերաբերում է նաև ցմահ դատապարտյալներին: Կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի` օրենքով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը: Ցմահ դատապարտվածների դեպքում պետք է պատիժը կրած լինի ոչ պակաս, քան 20 տարի:

Դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա պետք է համոզվի, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու, քանի որ պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և նրա՝ հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Հաշվի առնելով օրենսդրական վերը նշված հնարավորությունը՝ 82 ցմահ դատապարտյալից առնվազն 46-ը, որոնք 20 և ավել տարի անազատության մեջ են, պայմանական վաղաժամկետ ազատվելու ակնկալիք ունեն: Իհարկե նրանցից ոչ բոլորը կարող են հայտնվել ազատության մեջ՝ հաշվի առնելով նրանց վարքագիծը և նոր հանցագործություն կատարելու ռիսկը, սակայն «հերթի» մեջ սպասում են նաև անձինք, որոնց ռիսկայնությունը բավականին ցածր է, սակայն պատժից պայմանական չեն ազատվում՝ պետության ցանկության բացակայության պատճառով:

Ցմահներ2.jpg (127 KB)

Քրեակատարողական ծառայությունից «Հետքին» հայտնել են, որ 2018թ․-ից մինչև 2025թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներից պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է ցմահ ազատազրկված 4 դատապարտյալ: 

Մասնավորապես՝ 2018թ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է մեկ ցմահ դատապարտյալ, որը պատիժը կրել է 22 տարի, 2020-ին՝ 2 դատապարտյալ՝ կրելով պատիժը 24 տարի, իսկ 27 տարի պատիժ կրելուց հետո 2021թ.-ին պատժից պայմանական ազատվել է մեկ ցմահ դատապարտյալ: Արդեն 3,5 տարի է՝ որևէ ցմահ դատապարտյալ պատժից պայմանական վաղաժամկետ չի ազատվել:

Վերջին 15 տարվա ընթացքում ցմահ դատապարտվել և պատիժը կրում է 8 անձ: Ցմահ ազատազրկվածների մեջ գերակշռում են 16-20 տարի պատիժ կրողները՝ 28 մարդ, այնուհետև 21-25 տարի պատիժ կրողները՝ 24 անձ:

Սա նշանակում է, որ անձանց զգալի մասը ցմահ դատապարտվել է 1990-ականների և 2000-ականների սկզբի դատավճիռներով, երբ ընդունված էր անձանց դատապարտել ցուցմունքների հիման վրա, իսկ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվում էին բռնության ու խոշտանգումների սպառնալիքներով ու իրագործմամբ:

Նշենք, որ ցմահ դատապարտյալներ չեն պահվում միայն «Գորիս» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Իսկ ամենաշատ ցմահները պահվում են «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter