
19 տարեկանում մահապատժի դատապարտված զինվորը 18 տարի է՝ բանտում է - մաս 1
Այս լուսանկարը մոտ 19 տարվա պատմություն ունի, այնքան, որքան լուսանկարում պատկերված երիտասարդ զինվորն է: 19 տարեկան շարքային զինվոր, Նոր Հաճնի բնակիչ, Նոյեմբերյանի Կոթի գյուղում տեղակայված զորամասում ծառայող Արթուր Մկրտչյանն է, ով այդպես էլ չհասցրեց զորացրվել ու վերադառնալ տուն: Փոխարենը արդեն 18 տարի է` անազատության մեջ է՝ ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Արթուրին մեղադրել են հինգ ծառայակիցների սպանության մեջ՝ առանց անհերքելի ապացույցների, մեկ վկայի իրարամերժ ցուցմունքները դնելով դատավճռի հիմքում, Արթուրի աչքի առջև խոշտանգելով ու երկու ամիս պահելով նրա ողբորը՝ Գուրգենին, ով նույնպես ծառայել է հայոց բանակում: Անգամ Արթուրի հագուստի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, իսկ սպանված զինվորներից մեկի հագուստն անհետացել է քննիչի սենյակից:
Դատարանների կենտրոնական արխիվում ծանոթացա արդեն 37 տարին բոլորած Արթուր Մկրտչյանի քառահատոր քրեական գործին: Խունացած, դեղին թղթեր, անհասկանալի, վերծանման ենթակա ձեռագրեր, մի քանի լուսանկար, մի քանի մեքենագրած փաստաթղթեր, վկաների անվերջանալի ցուցմունքներ, իսկ վերջում՝ մահապատժի դատավճիռ (2003-ին նախագահի հրամանագրով 42 նախկին մահապատժի դատապարտվածների պատժատեսակը փոխարինվում է ցմահ ազատազրկման):
Արթուրն ու իր հարազատները բազմաթիվ անգամ են դիմել բոլոր երեք նախագահներին՝ քրեական գործի վերաբացման խնդրանքով, սակայն՝ քար անտարբերություն: Մի քանի անգամ Արթուրը դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի՝ անժամկետ հացադուլի՝ դարձյալ նույն պահանջով՝ գործի վերանայում, սակայն նորից անարդյունք: Տարիներ առաջ, հանրապետության նախկին նախագահ Ռ.Քոչարյանի ղեկավարման տարիներին, Արթուրի մայրը ինքնահրկիզման փորձ է կատարել նախագահական նստավայրի դիմաց: Այս գործի անկատարությանը դեռ տարիներ առաջ մամուլում անդրադարձել է լրագրող Ժաննա Ալեքսանյանը, «Ինտերնյուզ» ՀԿ նկարահանել է փաստագրական ֆիլմ՝ լրագրողական հետաքննության ժանրում:
![]() |
![]() |
18 տարի առաջ՝ 1996 թ-ի հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Կոթի գյուղում տեղակայված զորամասի թիվ 18 պահակակետում հայտնաբերվել է պահակակետի 6 զինծառայողներից 5-ի դին (Արթուր Չալաբյան, Արմեն Մանուկյան, Էմիլ Մաթևոսյան, Արմեն Մխիթարյան, Վարդան Մարտոյան):
Ողջ է մնացել միայն զինվոր Վիգեն Ծատուրյանը, ով առավոտյան 5-ի սահմաններում հրամանատարական կազմին հայտնել է տեղի ունեցածի մասին: Ըստ Վիգեն Ծատուրյանի ցուցմունքների, հենց շարքային զինվոր Արթուրն է կրակել բոլոր հինգին, ցանկացել է նաև իրեն սպանել, սակայն ինքը կարողացել է փախչել ու պահակակետից իջել է զորամաս: Բանն այն է, որ Արթուրն առհասարակ չէր ծառայում 18 հենակետում, այլ՝ 17-րդում, որտեղ և, ըստ իրեղեն ապացույց ճանաչված գրքի և դասակի հրամանատար Հարությունյանի ցուցմունքի, հունիսի 10-ին գտնվել է Արթուր Մկրտչյանը: Ավելին՝ Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հունիսի 10-ի երեկոյան ստուգել է ծառայողների կազմը: Հենց նա է տվել նաև Արթուրի դրական բնութագիրը նախաքննական մարմնին, ըստ որի` նա բնութագրվել է որպես համեստ, դրական զինվոր:
![]() |
![]() |
Վիգեն Ծատուրյանը նախ գործով դարձել է վկա, ապա իր իսկ ինքնախոստովանական ցուցմունքով, թե տղաներից մեկին ինքն է կրակել, ներգրավվել է որպես կասկածյալ, հետո նաև՝ մեղադրյալ, այնուհետև նորից դարձել վկա: Հենց Վիգեն Ծատուրյանի պարբերաբար փոփոխվող ցուցմունքները, նաև նախաքննության փուլում խոշտանգումների հետևանքով կորզված Արթուրի ինքնախոստովանական ցուցմունքը հիմք են դարձել շարքային Արթուր Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու, նաև Գերագույն դատարանի զինվորական գործերով կոլեգիայում այդ մեղադրանքը հաստատված համարելու համար: Արթուրը ինքնախոստովանական ցուցմունք է տվել այն բանից հետո, երբ եղբորը՝ Տավուշի զորամասերից մեկում ծառայող Գուրգենին, իր աչքի առաջ երկու ամիս պահել են Ռազմական ոստիկանությունում: Նրանց հայրը՝ Համբարձում Մկրտչյանը «Հետքին» պատմեց, որ Գուրգենին սարսափելի վիճակում է տուն տարել. «Ոչ մեկին չեմ ցանկանա այն, ինչ ես ու որդիներս ենք տեսել: Մյուս որդուս հոսանք են տվել, էլեկտրաշոկ, ծեծել են, ասել են Արթուրին, որ իր վրա վերցնի հինգ զինվորների սպանությունը, թե չէ մի օր կարթնանա ու կտեսնի, որ եղբայրը կախվել է: Իսկ երբ ես սկսեցի սեփական հետաքննություն վարել, ինձ վրա գործ սարքեցին, թե, իբր, հրամանատարին Արթուրի համար արձակուրդ ձևակերպելու համար կաշառք եմ տվել՝ մագնիտոֆոն: 3,5 տարի էլ ինձ ազատազրկեցին»:
Թե՛ դատարանում, թե՛ տարիներ անց անգամ զոհված տղաների հարազատները չեն հավատացել ու չեն հավատում նախաքննական մարմնի՝ զինդատախազության մեղադրանքին ու դատարանի դատավճռին, չեն հավատում, որ Արթուրն է իրենց զավակներին զրկել կյանքից: Անգամ սպանված զինվորներից մեկի՝ Վարդան Մարտոյանի հայրը՝ Ռաֆիկ Մարտոյանը ֆիլմում մեջբերել է քննիչ Սուրեն Թարվերդյանի խոսքերը, թե այս պատմության մեջ մի 40 մարդ կա խառնված. «Թարվերդյանն ինձ ասաց, որ հերթով բոլորին պիտի մեջտեղ բերենք, բայց դատապարտեցին միայն մեկին՝ Արթուրին»: Անգամ զոհվածների ծնողները դատավարության ժամանակ բողոքել են, քանի որ տեսել են, թե ինչպես է քննիչ Թարվերդյանը առանձին հանդիպում ու ցուցումներ տալիս Վիգեն Ծատուրյանին:
Իսկ թե որն է եղել նախաքննության առաջ քաշած սպանության մոտիվը, ինչու պիտի մեկ զինվորը կրակ բացեր 5 զինվորի վրա, որոնցից 3-ին` կացարանում քնած վիճակում, իսկ 2-ին՝ 100 մետր հեռավորության վրա գտնվող բլինդաժում, կանդրադառնանք հաջորդիվ:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել