HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԹՐԻՓՓ-ը, տնտեսական աճի որակը, խաղադրույքները. Վաչե Գաբրիելյան

Եթե դիտարկենք ԹՐԻՓՓ-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) միայն որպես Մեղրիի հատվածով հատող ճանապարհ, այն տնտեսական իմաստով առանձնապես նշանակալի չէ։ 

Այսինքն՝ եկամուտների տեսանկյունից էական չէ, ներդրումների տեսանկյունից՝ կարող է բերել առավելագույնը 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Այս մասին «Հետքի» տաղավարում նշեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան,  նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ 

Նա չի կարծում, որ Հայաստանն այս հատվածից, որպես տրանզիտ երկիր, էական օգուտներ կունենա բեռնափոխադրումների արդյունքում,  որովհետև հատվածը չափազանց կարճ է։

«Էական է՝ արդյոք ԹՐԻՓՓ-ի իրագործման արդյունքում սահմանային ընդհանուր ճանապարհների բացում տեղի կունենա, թե ոչ։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիայի ծրագիրն այն է, որ բացի Սյունիքից՝ Հայաստանի մյուս հատվածներով երկաթուղին չգործի։ Այդ դեպքում, դա շատ ավելի վատ արդյունք է։ Միևնույն ժամանակ, եթե ճանապարհները բացվում են, դա փոխում է նաև տնտեսության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դինամիկան նաև Վրաստանի երկաթուղով։ Այնտեղ ունենք չափազանց բարձր գներ, որոնք կարող են իջնել»,- նշեց Վաչե Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ եթե Հայաստանն ամբողջությամբ ընդգրկվի հաղորդակցման ուղիների մեջ և ունենա մասնակցություն տարանցիկ ճանապարհներին, ապա Հայաստանի տնտեսական շահերը կարող են լինել շատ ավելին։ Սակայն, այս պահի դրությամբ այդ տնտեսական շահերի վերաբերյալ որևէ առարկայական հստակեցում չկա։ 

«Դրանք կախված են ոչ այնքան Ադրբեջանից, որքան Թուրքիայից։ Թուրքիան այս պահին դրա վերաբերյալ փակագծեր չի բացում, և ներքին օգտագործման խոսույթում նրանք քննարկում են 3-4 մլրդ դոլար ծախսելու թեման, որպեսզի մեր երկաթուղուն զուգահեռ նոր երկաթուղի կառուցեն, որը Կարսից կգնա դեպի Նախիջևան։ Այս պարագայում մենք ունենում ենք լրիվ այլ արդյունք, քան եթե երկաթուղին Գյումրիով մտնի Կարս։ Հստակություններ, որպես այդպիսին, չկան»,- նշեց Գաբրիելյանը։ 

Այս ուղու գործարկումը, ըստ նրա, պատերազմը բացառելու երաշխիք չէ։ 

Թեև, եթե երկրներն առևտուր են  անում, ավելի ցածր է պատերազմական գործողությունների հավանականությունը, որովհետև տնտեսական շահեր կան, բայց սա չի նշանակում, որ դրանք կարող են վճռորոշ լինել. «Եթե այդ տրամաբանությամբ դատենք, ապա առաջին համաշխարհային պատերազմը տեղի չէր ունենա»։ 

Վաչե Գաբրիելյանի հետ զրուցել ենք նաև Թուրքայի և Ադրբեջանի հետ Հայաստանի առևտրի հնարավոր ակտիվացման հետևանքների, Հայաստանի տնտեսական աճի որակի, ներդրումների, շահումով խաղերի ոլորոտի «ծաղկման» և այլ թեմաներից։ 

Տնտեսագետի հետ հարցազրույցն արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցից առաջ, այդ պատճառով ներառված չեն հարցեր այցի ընթացքում քննարկված տնտեսական թեմաներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter