Վահագն Չախալյանի խափանման միջոցի փոփոխության հարցը չքննարկվեց․ նա հայտարարեց՝ նիստերին ներկայանալն անիմաստ է
«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը դատարանին այսօր կրկին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը և այլընտրանքային խափանման միջոց կամ խափանման միջոցների համակցություն ընտրել։
Նշենք, որ 18 մեղադրյալներից կալանքի մեջ են միայն Վահագն Չախալյանը և Բագրատ Սրբազանը։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հիշեցնենք՝ պաշտպանը նախորդ դատական նիստին ևս նման միջնորդություն էր ներկայացրել, ասել էր, որ պատրաստ են 2 մլն 100 հազար դրամի չափով գրավ վճարել։ Ըստ նրա՝ Չախալյանի ընտանիքը շատ վատ սոցիալական վիճակում է։ Սակայն դատարանը հարկ չէր համարել միջնորդությունը քննարկել, քանի որ նոր հանգամանքներ առկա չէին։ Դատավորն ասել էր՝ երբ միջնորդությանը կցեն ընտանիքի՝ վատ վիճակում հայտնվելու հիմքերը, հարցը կքննի։
Այս դատական նիստին Վահագն Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը, ներկայացնելով այդ հիմքերը, ասաց, որ Չախալյանի ավագ որդին սովորում է համալսարանում, տարեկան ուսման վարձը 950 000 դրամ է, դուստրը սովորում է «Հայ ասպետ կրթահամալիրում», տարեկան վարձը 850 000 դրամ է, կրտսեր որդին էլ դպրոցական է։ Ըստ պաշտպանի՝ Վահագն Չախալյանի կալանքը նրա ընտանիքին սոցիալական վատ դրության մեջ է գցել, վարկեր ունեն։
Այլ պաշտպաններ էլ նշեցին, որ վկաներից որևէ մեկը Չախալյանի վերաբերյալ կամ դեմ, նրա մասին ցուցմունք չի տվել։ Ուստի, խնդրեցին նրա խափանման միջոց կալանքը փոխարինել ավելի մեղմ խափանման միջոցով։
Դատախազ Հայկ Հովհաննիսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ ներկայացված հիմնավորումներում չտեսավ մի այնպիսի հանգամանք, որն էականորեն կփոփոխեր խափանման միջոցի իրավաչափության պայմանները։ Այդուհանդերձ, եթե դատարանը գտնի, որ դրանք կարող են դիտարկվել որպես նոր հանգամանք, և միջնորդությունը քննարկվի, պատրաստ է դիրքորոշում հայտնել։
Դատարանն արձանագրեց, որ նշված հանգամանքները չեն կարող նոր դիտարկվել, ուստի միջնորդությունը քննարկման ենթակա չէ։
Որոշումից հետո մեղադրյալ Վահագն Չախալյանը նշեց, որ այսուհետ անիմաստ է համարում նիստերին ներկայանալը:
Պաշտպանական կողմը շարունակեց ներկայացնել հետազոտման ենթակա ապացույցների ցանկը
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը շարունակեց ներկայացնել հետազոտման ենթակա՝ պաշտպանական կողմի ապացույցների ցանկը։ Խուդոյանը թվեց արձանագրություններ մի շարք խոսակցությունների վերաբերյալ, որոնց բովանդակությունը ցույց է տալիս, որ խոսողները բացառապես օրինական գործողություններ են պլանավորում։
Այնուհետև պաշտպանը ներկայացրեց խոսակցությունների արձանագրություններ, որոնցում քննարկվում էին ոչ բռնի պայքարի մեթոդներ, ընդգծվում էր, որ ապօրինի գործողություններ չպետք է իրականացվեն։
Պաշտպանական կողմը հետազոտման ենթակա ապացույցները կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ ժամը 15.00-ին։ Կքննարկվեն նաև մեղադրյալների խափանման միջոցի հարցեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել