HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Չգրանցված դեղեր, աշխատանքային իրավունքի խախտումներ․ Տեսչական մարմինը՝ տուգանքների ու սահմանափակ լիազորությունների մասին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստացած բողոքների թվում գերակշռում են չգրանցված դեղերի ազատ շրջանառության, առցանց հարթակներում վաճառվող կասկածելի դեղամիջոցների և աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգերը։ Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Հետքը» հարցրեց՝ ինչո՞ւ են խախտումները շարունակվում՝ չնայած տուգանքներին, ի՞նչ սահմանափակումներ ունի լիազոր մարմինը, և որտե՞ղ են ավարտվում նրա լիազորությունները։

Տուգանքները՝ որպես կանխարգելման միջոց

Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ տեսչական մարմինը ոլորտը վերահսկելիս երկու հիմնական ուղղության վրա է շեշտը դնում՝ չգրանցված և օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր։ Առաջին դեպքում հայտնի չեն դեղերի ներմուծման եղանակը, ընթացակարգը, երկրորդի դեպքում ներմուծման ընթացակարգը հայտնի է, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել պատասխանատու մարմնին՝ Առողջապահության նախարարությանը։ Երկու դեպքում էլ առկա է խնդիր։

Թեև Տեսչականը պարբերաբար արձանագրություններ է կազմում, վարույթներ նախաձեռնում և տուգանքներ կիրառում, հարց է ծագում՝ արդյոք դրանք կանխում են հետագա խախտումները, քանի որ տնտեսվարողի համար ավելի հեշտ է մուծել տուգանքը և շարունակել վաճառել, քան դադարեցնել չգրանցված, բայց պահանջարկ ունեցող դեղերի վաճառքն ու ֆինանսական կորուստներ կրել։ Սարգսյանը նշում է, որ Տեսչական մարմինը կարող է միայն իրազեկում և վերահսկողություն իրականացնել։ Նրա խոսքով՝ դժվար է գնահատել տուգանքների կանխարգելիչ ազդեցությունը, հույս ունի՝ կգա ժամանակ, երբ տուգանքը չէ, որ կստիպի տնտեսվարողին ավելի բարեխիղճ գործել։ Խոշոր իրավախախտումների բազմաթիվ գործեր ներկայում դատարաններում են։

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, լրատվամիջոցների կամ քաղաքացիների գրավոր դիմումները կարող են հիմք հանդիսանալ հսկիչ գնումների համար, սակայն նրանց ձեռք բերած դեղերը չեն կարող ծառայել որպես ապացույց՝ վարչարարություն իրականացնելու համար։ 

Հիշեցնենք, որ «Հետքը» պարբերաբար գրում է հայաստանյան շուկայում ազատ վաճառվող, բայց օրինական գրանցում չունեցող դեղերի մասին։ 

Օրենսդրական բացերի մասին

«Հետքի» հարցին՝ արդյոք ոլորտում առկա են օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտում են վերահսկողության արդյունավետությանը, Սլավիկ Սարգսյանը նշեց, որ վերահսկողական գործիքները մշտապես քննարկվում են։ Նրա խոսքով՝ հսկիչ գնումների մեխանիզմը ներդրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ և դիտարկվում է որպես արդյունավետ գործիք։

Սարգսյանը ընդգծում է, որ վերադաս բողոքների քննությունը տեսչական մարմնի համար կարևոր աղբյուր են՝ հասկանալու, թե որտեղ կարող են լինել իրավական կամ գործնական բացեր։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման դեպքից հետո կառույցը փորձում է հետևություններ անել և անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնել լիազոր մարմիններին կամ տեսչական համակարգը համակարգող կառույցներին՝ օրենսդրական կամ ընթացակարգային փոփոխությունների համար։

Միևնույն ժամանակ շեշտում է, որ վերահսկողության շրջանակում Տեսչական մարմինը գործում է միայն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, իսկ հնարավոր փոփոխությունները կախված են նաև օրենսդրական նախաձեռնություններից և ոլորտը կարգավորող այլ պետական մարմիններից։

Անանուն դիմումներ չեն ընդունվում

Աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումներին Տեսչական մարմինն ընթացք չի տալիս։ Սա, ըստ Սարգսյանի, պայմանավորված է փաստերի ստուգման բարդությամբ և ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ։

Այն մտահոգությունը, թե որոշ դեպքերում քաղաքացիները խուսափում են իրենց անունով դիմել՝ վախենալով տեսուչների և գործատուների հնարավոր պայմանավորվածություններից կամ գործատուի հետագա ճնշումներից, Սարգսյանը տարակուսելի է համարում։ Ասում է՝ առաջին անգամ է նման պնդումներ լսում, թե տեսուչները կարող են տնտեսվարողների հետ համաձայնության գալ և քողարկել աշխատանքային խախտումների դեպքերը։  Այնուամենայնիվ, չի բացառում, որ առանձին աշխատակիցների կողմից կարող են լինել ոչ օրինական գործողություններ։ Նրա խոսքով՝ նման դեպքերի համար գործում են վերահսկող մեխանիզմներ, իսկ վերադաս բողոքներն անձամբ ինքը կամ տեղակալները քննության են առնում։ «Եթե նույնիսկ կասկած կա, դիմումը կստուգվի, և անհրաժեշտության դեպքում համապատասխան ընթացք կտրվի»,-նշում է նա։

Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակի մասին խոսելիս Սարգսյանը պարզաբանում է, որ, օրինակ, աշխատավարձի կամ վերջնահաշվարկի չվճարումը հստակ օրենսդրական խախտում է, և Տեսչականը մարմինը պարտավոր է միջամտել։ Սակայն կարգապահական տույժերի կամ աշխատողի և գործատուի միջև գնահատողական անհամաձայնությունների դեպքում խոսքն արդեն աշխատանքային վեճի մասին է, որը պետք է լուծվի դատական կարգով։

Առցանց դեղերի վաճառք․ վերահսկում՝ հնարավորության սահմաններում

Առցանց հարթակներում դեղերի վաճառքի առնչությամբ Սարգսյանը նշում է, որ Տեսչական մարմինը փորձում է վերահսկողություն իրականացնել, սակայն խնդիրներ են առաջանում, երբ հնարավոր չէ բացահայտել վաճառողին։ Նրա խոսքով՝եղել են դեպքեր, երբ դեղի անվամբ գործող ֆեյսբուքյան էջի նկատմամբ վերահսկողություն է իրականացվել, սակայն պատասխանատու անձին հայտնաբերել չի հաջողվել։

Տեսչական մարմինն ուսումնասիրում է նաև առցանց շուկան՝ համեմատում Հայաստանի դեղերի գրանցամատյանի տվյալների հետ և խախտումների դեպքում վարչական պատասխանատվության ենթարկում։ Սարգսյանը կոչ է անում քաղաքացիներին կասկածելի դեպքերի մասին գրավոր դիմումով տեղեկացնել, քանի որ միայն հիմնավոր ահազանգը կարող է հիմք հանդիսանալ վերահսկողական գործողությունների համար։

Լուսանկարում՝ Սլավիկ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter