HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կեղծ բժշկություն, աշխատանքային անվտանգության նորմերի եւ ջրի որակի խախտումներ. ԱԱՏՄ-ն ամփոփեց 2025-ը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Սլավիկ Սարգսյանը այսօր՝ փետրվարի  12-ին կայացած ասուլիսում ամփոփեց 2025-ի ընթացքում Տեսչական մարմնի գործունեությունը և ներկայացրեց 2026-ի ծրագրերը։

Ըստ այդմ՝ ԱԱՏՄ-ն 2026 թվականին 817 ստուգում կիրականացնի 790 տնտեսվարողի մոտ։ hlib.am կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ ստուգումները կատարվելու են հետևյալ ոլորտներում՝

Բժշկական կենտրոններ և ատամնաբուժարաններ. 2025-ի ընթացքում իրականացված ստուգումներով բացահայտվել է կեղծ բժշկության 38 դեպք և կեղծ դիպլոմով բժշկական ծառայություն իրականացնելու 10 դեպք։ Սրանք այս ոլորտում ամենահաճախ հանդիպող խախտումներն են։ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։ 2026-ին շեշտը դրվելու է լիցենզիայի և բժշկական անձնակազմի որակավորման վրա։

Կրթական հաստատություններ. ստուգվելու են սանիտարահիգիենիկ նորմերը և խմելու ջրի որակը։ Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, սրանով արձագանքելու են սոցցանցերում պարբերաբար հնչող մտահոգություններին։

Արտադրական և շինարարական ընկերություններ. Տեսչական մարմինն արձանագրելու է աշխատանքի անվտանգության նորմերի խախտումները։

Նախորդ տարի՝ 2025-ին, Տեսչական մարմինն իրականացրել է 10939 կանխարգելիչ միջոցառում, 3603 վերահսկողական աշխատանք, 1189 ստուգում՝հրապարակված հանձնարարագրերով։ 859 ստուգում իրականացվել է տարեկան ծրագրի շրջանակներում (պլանային)։ 314 վերստուգում (նախկինում տրված հանձնարարականների կատարողականը ստուգելու նպատակով) եւ 16 ստուգում՝ ըստ անհրաժեշտության։

Հարուցվել է 2414 վարչական վարույթ, որից 835-ը՝ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա։ Ստացված դիմումների թիվն անցել է 950-ը, սակայն մի մասը վերահասցեագրվել է այլ մարմինների՝ լիազորությունների շրջանակից դուրս լինելու պատճառով կամ հիմքերի բացակայության պատճառով կարճվել է։ Հարուցվել է 1579 վարույթ՝ սեփական նախաձեռնությամբ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումների և մոնիթորինգի հիման վրա։ 2042 վարչական որոշում է կայացվել տույժ նշանակելու մասին, 521 նախազգուշացում։ Տրվել է 450 կարգադրագիր՝ խախտումները վերացնելու պարտադիր պահանջով։

Հաշվետու տարում կարճվել է 1741 վարույթ։ Սլավիկ Սարգսյանը հատուկ պարզաբանեց, որ վարույթի կարճումը միշտ չէ, որ նշանակում է՝ խախտում չի եղել։ Շատ դեպքերում խախտումն արձանագրվում է, բայց օրենքի ուժով հնարավոր չէ տալ կարգադրագիր, օրինակ՝ եթե աշխատողն արդեն ազատվել է աշխատանքից կամ անցյալում կատարված բժշկական զննության բացթողումն այլևս հնարավոր չէ «ֆիզիկապես» շտկել։

Տեսչական մարմնի 2025-ի հաշվետվությունը հարուստ է թվերով՝ 10 000-ից ավելի կանխարգելիչ միջոցառում, 2 000-ից ավելի տույժ։ Սակայն, երբ հարցը վերաբերում է համակարգային փոփոխություններին, ԱԱՏՄ ղեկավարը  հղում է անում օրենսդրական սահմանափակումներին՝ նշելով, թե անում են օրենքով իրենց վերապահված ամեն գործողություն։

Տեսչական մարմինը չունի լիազորություն՝ առանց նախազգուշացման ստուգումներ իրականացնելու տնտեսվարողի մոտ։ Ստուգումները դառնում են ձեւական այցեր, քանի որ տնտեսվարողները նախապես դրա մասին տեղեկացվում են։

Ասուլիսի ընթացքում Սլավիկ Սարգսյանն անդրադարձավ նաև առցանց իրեն ուղղված մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես տեսչական մարմնի գործիքակազմին, այնպես էլ առանձին ստուգումներին։

Ուշագրավ էր Արևիկ Խառատյանի դեպքը, ով ներկայացրել էր իր ծաղկի սրահում ստուգման ընթացքում տեսուչների կողմից ենթադրյալ անճշտությունները՝ ապօրինի գործողությունները։

Սլավիկ Սարգսյանը նշեց, որ չնայած նշանակված ծառայողական քննությունը խախտումներ չէր հայտնաբերել տեսուչների գործողություններում, կառույցը պատրաստ է քննարկել ցանկացած դժգոհություն։

«Տնտեսվարողի պատրաստակամությունը՝ տեղում շտկելու թերությունը, օրինակ՝ փոխել սարքը կամ լրացնել բացակայող զննությունը, միայն ողջունելի է։ Սակայն դա չի նշանակում, որ տեսուչի կողմից արձանագրված նախնական իրավիճակը սխալ էր»,-ասաց նա։

ԱԱՏՄ ղեկավարը շեշտեց՝ իրենք բաց են թափանցիկ աշխատանքի համար և հորդորեց բոլոր տնտեսվարողներին՝ անհամաձայնության դեպքում օգտվել բողոքարկման իրավական ուղիներից կամ դիմել անձնական ընդունելության, որը պարբերաբար իրականացնում է։

Խմելու ջրի որակի վերաբերյալ մարդկանց մտահոգություններին ի պատասխան՝ ԱԱՏՄ ղեկավարը ներկայացրեց 2025-ի վիճակագրությունը. իրականացվել է 134 վերահսկողական գործառույթ, որից 108-ը՝ վարչական վարույթներ՝ հիմնականում ահազանգերի հիման վրա։ Սարգսյանը հավաստիացրեց, որ ջրի որակի վերաբերյալ ահազանգերին տրվում է առաջնահերթություն։ «Մենք չենք սպասում օրենքով սահմանված եռօրյա ժամկետին։ Եթե կա ռիսկ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, արձագանքում ենք նույն օրը՝ ներգրավելով լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցներին»,-ասաց նա։

Առցանց հարց ուղղած մարդկանցից մեկին հետաքրքրում էր, թե ինչպես է Տեսչական մարմինը նախատեսում բարձրացնել աշխատավայրերում աշխատանքային անվտանգության մակարդակը։ Ի պատասխան՝ Սլավիկ Սարգսյանը շեշտեց, որ պատրաստ են ընդլայնել համագործակցությունը մասնագիտական կառույցների հետ՝ իրականացնելով համատեղ սեմինարներ և իրազեկման դասընթացներ։

Խոսելով տուգանքների արդյունավետության մասին՝ նա նկատեց, որ ոլորտում սահմանված տուգանքները երբեմն համադրելի չեն խախտումը վերացնելու համար անհրաժեշտ ծախսերի հետ։ «Լինում են դեպքեր, երբ խախտումը վերացնելն արդեն իսկ մեծ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար։ Սակայն մեզ համար առաջնայինը ոչ թե տուգանելն է, այլ անվտանգ պայմանների ապահովումը»,-ասաց նա։

Այնուամենայնիվ, Տեսչական մարմինը կիրառում է խիստ մեխանիզմներ կարգադրագրերը չկատարողների հանդեպ. տուգանքները կարող են տատանվել 300 000-400 000 դրամի սահմաններում և կրել շարունակական բնույթ, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի։

Լուսանկարում՝ ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter