Կնոջական գուլպաներ. անոնք նուրբ են ու սիրուն... Զարեհ Որբունի (մաս 3)
Մոռացումը ժամանակի գործն է, անշուշտ՝ մոռացում առանց մոռնալու...
Հաճախ պարբերականների խմբագրապետերը՝ տպագրելով Զարեհ Որբունու գործերից, ստիպված էին լինում որոշ բառերի կամ տեսարանների նկարագրությունների փոխարեն բազմակետեր շարել՝ սեռական մանրամասնություններով ցնցումի չենթարկելու ընթերցողին: Որբունին չէր կաշկանդվում թղթի առջև, գրում էր բաց՝ եղածին պես: Այդպես էր նաև իր անձնական կյանքում: Բաց էր իր օրագրի առջև ևս: Բազում կանայք՝ հաճախ իր կյանք մտած միաժամանակ՝ հայուհիներ և ֆրանսուհիներ, կրքոտ պատմություններ, որոնք սոսկալի խանդ, տխրություն և, վերջապես, բարկություն էին հարուցում կնոջը՝ Էլիզաբեթին: ...Եվ ամենից ճակատագրականը Ժինեթն էր: «Ինչպէս դիմադրել երբ սէրը կը յարձակի վրադ, ինչպէս ովկիանոսին ալիքները կը նետուին վրադ ու քեզ իր խռոված ջուրերուն խաղալիք կը դարձնէն»: 43 տարին, որ բաժանում էր նրանց, ոչինչ չէր նշանակում: Դա «խելագար սիրախտ» էր: «Այս պզտիկ աղջիկը պիտի խենթեցնէ զիս»: 70 ամյա Զարեհ Որբունին՝ ոգևորված Գյոթեի փորձով, երբ վերջինս 80 տարեկանին 20 տարեկան սեր ուներ, վստահ էր, որ եթե Գյոթեն սեր էր անում 20 տարեկան կնոջ հետ և «զուգաւորման կարողութիւն ունէր», ուրեմն դա «յուսադրիչ է ինծի համար», չէ որ դեռ 10 տարի ուներ Գյոթեի տարիքին հասնելու համար: Ինչ դժվար և դանդաղ էր անցնում Ժինեթին սպասումը: ժամանակը կարծես կանգ էր առնում: «Աքացի մը տալ կ՛ուզեմ, վազցնել տալու համար..»: Ժինեթի պատճառով մեկ ուրիշը՝ Ա. Տատրեանը «գահընկէց թագուհիի մը պէս» էր իրեն զգում: Իսկ ի՛նչ ասես Էլիզաբեթի մասին: Ընտանեկան հարաբերությունները լարվում էին. «չենք կրնար իրարու հետ ըլլալ, նաև չենք կրնար իրարմէ հեռու բաժնուած ըլլալ»: Հավերժական վեճեր, նախատինքների «քրեշշենտօ»: Էլիզաբեթը վերածվել էր մի անհավասարակշիռ էակի: Մեկ հեռանում էին, մեկ կրկին փարվում իրարու: Գիշերները սկսվում էր հիստերիան, առավոտները Լիլին մեղմ ու հոգատար էր Զարեհի հանդեպ: Բայց կասկածը միշտ այնտեղ էր՝ նրանց միջև և քայքայում էր Լիլիին: Չէր վստահում իր միակ և հավերժական սեր Զարեհին, անգամ երբ նա գրասեղանի առջև էր նստած: Ի՞նչ էր գրում որո՞ւ համար: Ասում էր՝ «պէտք է լուրջ հայերու դիմեմ սա գրականութեանդ մասին տեղեակ ըլլալու համար...ով գիտէ, ի՜նչ ստորին բան է, սեռային հալածախտով, աղտոտ, ցեխոտ, թո՛ւ...»: Մի օր էլ «մարդասպան» կոչեց ամուսնուն... Քաղցկեղը նորից գլուխ էր բարձրացնում: «Երբ ինծի «մարդասպան» ըսաւ, պարապ տեղը չէր: Ան գիտէր իր ըսածը:.. Ա՜խ Ժինէթ, Ժինէթ, ի՜նչ աւեր գործեցիր»: Այլևս այս վիճակից հոգնած՝ Էլիզաբեթը առաջարկեց Զարեհին թողնել իրեն և գնալ Ժինէթի մոտ, «...ես գիտեմ, թէ ի՛նչ կընշանակէ այս որոշումը կնոջս համար. Փճացումը իր կեանքին, կեանքին իմաստին փճացումը... Քառասուն տարուայ հիանալի հովուերգութիւն մը՝ որուն ընթացքին պաշտամունքի առարկայ եղած էի: Դրախտէն վռնտուած Ադամին կը նմանիմ»:
...կինդ եմ, բայց կը մոռնաս որ կի՛ն մըն ալ եմ...
Կյանքը դառնում էր անտանելի. մեղքի զգացումի հետ մեկտեղ, կնոջն օգնելու անկարողություն էր զգում, նաև գլխի էր ընկնում, որ գրեթե միշտ մոռացել էր, որ Էլիզաբեթը իր կինը լինելուց զատ, պարզապես կին էր: Բայցևայնպես, զարմանալի, անբացատրելի թրթիռներ և էներգիա կար նրանց միջև: Չէր կարողանում ուտել, երբ Լիլին այլևս դա անել չէր կարողանում: «Մազոշիստական վէպ մը գրելու մտադրութիւն ունիմ..»: Երբ հիվանդությունը դեռ շատ չէր խորացել, որոշեցին միասին ճամփորդել՝ հեռու Ժինեթից և մոտ միմյանց: Բայց Զարեհին` իր Նանսենյան անձնագրով թույլ չտվեցին սահմանը հատել: Այնպես որ, Լիլին ստիպված եղավ միայնակ ճամփորդելու: Հետո պատմում էր, որ ոչ մի գեղեցկություն, ոչ մի բան իրեն չէր հրապուրում, չէր ուզում նոր վայրեր հայտնաբերելու վայելքը առանց Զարեհի ապրել: «Եթէ մեր երկուքին աչքերով չենք տեսներ մեր տեսածները, չարժէ: Միշտ ցաւ մը՝ որ դուն չես տեսներ իմ տեսածներս»: Թեպետ «սէրի արտակարգ ծարաւ» ունեցող այդ աղջկանից բաժանվեց, բայց մտքից չկարողացավ հանել նրան: Իրենց կրքոտ սիրավեպը վերածվեց միտք մաշեցնող մի վերքի. «Հիմա Ժինէթ նշանածին թեւերուն մէջ կը քնանայ: Ծանր ու խաղաղ քունով մը՝ թրծուած երիտասարդական աւիւնով զուգաւորումի յոգնութեամբ, որուն շնորհիւ քիչ ետքը պիտի արթննան կայտառ, զուարթ ու ցատկեն նախաճաշին վրայ ու լափեն փոքրիկ անասուններու պէս»:
Զ. Որբունին և կինը՝ Էլիզաբեթը
1978 Սեպտեմբեր 4-ին, ժամը 12:30 Լիլին մահացավ: Նրա մահից ճիշտ մեկ ամիս անց՝ հրաժարվելով սնունդից և ջրից, սատկեց նրանց շունը՝ Վոտին, որ այնքան կապված էր տիրուհուն: «Լռութիւն, լռութիւն, կ’ըսէ Տէրեան: Քանի հոգի իջած է լռութեան մէջ հասկնալու, զգալու համար ամբողջ տարողութիւնը անոր, ամբողջ ողբերգութիւնը»: Մնացին դուստրը՝ Լուիզեթը, թոռնուհին՝ Աննը, իր «Հալածվածները» վիպաշարի հերոսները` թղթի վրա կամ դեռ մտքի մեջ: Չէր կարողանում գրել՝ «Քանի որ գրելը տօնական օրեր ապրիլ է, ինչպէս կրնամ գրել այս սուգի մէջ»: Մտածեց. գուցե գյուղի տուն տեղափոխվելով՝ մի բան կփոխվի: «Կ’ուզեմ բան մը չընել, կ’ուզեմ երկըննալ, քալել դաշտերուն մէջ, այնքան քալել որ յոգնած, գալ պառկիլ եւ չմտածել...»:
Իմ պապերուս, իմ երկրիս հողը...
Երեք անգամ եղավ Հայաստանում: Երբ 1946-ին, առաջին անգամ Երևան հասնելու համար, օդանավը հայտնվեց Սև ծովի վրա, վերակենդանացան մանկության պատկերները. Ինչպես էր բոբիկ վազում ծովի և ավազի սահմանագծին… մինչդեռ արդեն 27 տարի է «վարագոյր մը քաշեր էի անցեալիս վրայ...»: Շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են զգում մարդիկ՝ առաջին անգամ Հայրենիքի հողի վրա կանգնելով: Որբունին ասում էր, որ հիմա, այստեղ առաջին անգամ լինելով, իրեն լիիրավ մարդ զգաց: «Շնորհիւ քեզի, իմ երկիրս ...որ մաքառեցար, կռուեցար, պահպանեցիր ինքզինքդ որպէս զի հայ մարդը, բոլոր հայ մարդերը քեզմով, ա՜հ, պարզապէս ըլլան,...անգոյէն գոյութիւն ըլլան»: 9-10 ժամ պահանջվեց 1946-ին օդանավով Մոսկվայից Երևան հասնելու համար: Պատրանքի և իրականության միջակայքում էր: Մի զգացողություն, որն ունենալու համար հայ պետք էր լինել՝ տարագիր հայ, «որուն ոտքերուն տակ ամէն տեղ հողը լպրծուն է եղած, միշտ մերժողական, հիմա հողը... իմ պապերուս, իմ երկրիս հողը ...իր տոկուն կռնակը կը բերէ ոտքերուս տակ դնելու»: Այս այցի շարժառիթը Գրողների միության 2-րդ համագումարն էր: Տպավորությունները մեծ էին. և դրանցից մեկը, Երևանին բացառիկ հմայք տվող, Ավետիք Իսահակեանն էր, որ ասել էր իրեն, թե հայրենադարձները մեծ խանդավառությամբ շտապում են այստեղ «... աւելի մեծ խեղճութեան մէջ իյնալու համար»: Հիշում էր, որ Վարպետը առաջարկել էր «անդորր» բառը գործածել «խաղաղութիւն» բառի փոխարեն՝ «խաղաղութիւնը ինքնին մի պատերազմ է»` ասելով: Արման Կոթիկեանը, որին ճանաչել էր Փարիզից, պատմել էր, թե ամբողջ երկրում սուգ է, չկա մի տուն, որ աքսորյալ չունենա...:
Հայաստանը՝ «...ուր կը թաքնուի սփիւռքի փրկութիւնը...»
1967-ի Նոյեմբերին, նորից Երևանում էր: Փարիզյան «Աշխարհ» թերթում գրեց «Մեր Երևանը» ակնարկը՝ խոստովանելու համար թե՝ «Շատ մայրաքաղաքներէ անցած եմ, բայց անոնցմէ ոչ մէկուն փողոցները այսպէս կը մօտենան իրենց վրայ ճեմողին, մտերմօրէն ու կարծես թևանցուկ կ’ըլլան անոր հետ, ինչպէս Փարիզի եւ Երեւանի փողոցները»: Այս անգամ եկել էր մասնակցելու Ծիծեռնակաբերդում խոյացող Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի բացմանը: Ավելորդ է նկարագրությունը: Հետո, նոր հիմնված Երևանի Դրամատիկական թատրոնում ներկայացում էր դիտել, տպավորված էր Հրաչյա Ղափլանեանով: Ընդհանրապես՝ տպավորված էր ամեն բանով՝ մարդկանցով, ամենուրեք լսվող հայերենով, բացօթյա սրճարաններից հնչող հայկական, եւրոպական մեղեդիներով, և, ո՜վ զարմանք՝ ջազով: Սնունդի հարցում ժուժկալ և փիլիսոփա Զարեհը ապշած էր հյուրերին անպայման կերակրելու, հաճախ վայրենի, բայց այնքան տեղական սովորությամբ՝ «նախ և առաջ ստամոքսնիդ կը թխմեն, չեն հարցներ թէ տէղ ունի՞ք ձեր ստամոքսին մէջ»: Սա Հայաստանն էր՝ այն երկիրը, «... ուր կը թաքնուի սփիւռքի փրկութիւնը, նիւթեղէն եւ հոգեղէն...»:
Ծիծեռնակաբերդի սրբացած բլուրը...
Հետո եկավ 1975-ին՝ Ավ. Իսահակեանի 100 ամյակը սփյուռքի և Հայրենիքի մտավորականներով և ժողովրդով տոնելու: Հյուրերին տեղավորեցին «Անի» հյուրանոցում: Անսպասելիորերն փողոցում հանդիպեց օպերային տաղանդավոր երգիչ, լիբանանահայ Տիգրան ժամկոչեանին, որ եկել էր Հայաստանի ռադիոյում ձայնագրվելու համար: Սայաթ Նովա-Աբովեան փողոցների հատման կետից մինչև գլխավոր հարապարակ և այնտեղ տեղակայված Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե ընկած ճանապարհը խճողված էր իրենց հայկականությունը վերստին գտած, աշխարհի ամեն անկյունից այստեղ հավաքված տարագիրներով: Այս օրերին մասնակցեց նաև Իսահակեանի թոռան՝ Ավիկի հարսանիքին:. «...համադամ կերակուրներու...տեսակները իրարու կը հետեւին սեղանին վրայ, ինչպէս «Հազար ու մէկ գիշերներուն» մէջ, եւ ես կը համտեսէի զանոնք ինչպէս մարդ մը մշակոյթ մը կը վայելէ: Կերակուրները քաղաքակրթութեան մը տեսանելի նշաններն են եւ անոնք հին հին դարերէ կու գան կը քալեն մեր ժողովուրդին հետ ու խրախճանք մը կ’ընեն իր կեանքը»: Ժամանակ գտավ այցելելու Գրականության և ավեստի թանգարան՝ երկու հրաշալի տիկնանց հանդիպելու` Գոհար Ազնավուրեանին, որի համառության շնորհիվ արտասահմանից քանի-քանի արխիվներ բերվեցին Հայաստան, նաև՝ իր արխիվը և գիտաշխատող Արփիկ Ավետիսեանին: «Կ’ուզէք Ձեր արխիվի արկղիկը տեսնել»՝ հարցրեց: «Կ’ուզես որ ես իմ գերեզմա՞նս տեսնեմ...»:
Գիշերային կյանքը Երևանում ուրիշ էր: Այստեղ թատրոններից, համերգներից հետո մարդիկ տուն չէին շտապում, ինչպես դա անում էին Փարիզում «անմիջապէս պառկելու եւ մեր տպաւորութիւնը խեղդելու քունէն պաղած ուղեղին մէջ»: Իսահակեանի 100 ամյակի տոնակատարության շքեղ օրը ավարտին էր մոտենում Վարպետի տուն թանգարանում, երբ Սիլվա Կապուտիկեանը Որբունուն հրավիրեց մեքենա նստելու՝ «Ծիծեռնակաբերդ պիտի երթանք, մենք միշտ Ծիծեռնակաբերդով կը վերջացնենք այսպիսի օրերը...»: Հասան այդ «Սրբացած բլուրին... կը ծռիմ բոցին շուրջ կլոր երիզին վրայ ու ձեռքիս մեխակը կը դնեմ հոն կուտակուած մեխակներու դէզին վրայ: Յանկարծ ներսս կարծրութիւնը կը փշրուի, կը ջրոտի ու աչքերս կը թրջէ: Կարծես պիտի խեղդուիմ, երբ կը կը փորձեմ որ արցունքներս վար իյնան: Սիլվան կամաց մը քովէս հեռանայ «Դուք ատկէ անցեր էք» ըսելով»:
Մեր հոգիները անդադար կերտելու համար, մեզի Հայաստանը պէտք է
1975-ի ավարտին, Երևանյան հիշատակներով հարուստ, վերադարձավ Փարիզ՝ «անոնցմով ատեն մը ապրելու համար պանդուխտին կեանքիս մէջ»: Եվ ապրեց ևս 5 տարի այս այցից ի վեր և 2 տարի՝ կնոջ՝ Էլիզաբեթից հետո: 2-րդ կաթվածը նրան տարավ 1980թ. Դեկտեմբեր 1-ին: «Խոր ցաւով կը հաղորդենք մեր սիրելի Որբունիի մահը, որ պատահեցաւ երկուշաբթի առտու, Դեկտ. 1-ին: Վերջին ներկայացուցիչներէն երեսունական թուականներու ֆրանսահայ գրականութեան, Զարեհ Որբունի, մօտ երկու տարի է յաճախակի տագնապներ կ’ունենար բայց ամէն անգամ կը յաջողէր յաղթահարել մահուան եւ ի վերջոյ համոզուած էինք թէ այդպէս ալ պիտի շարունակուի, միշտ: Ու յանկարծ կը մեռնի, առանց տագնապի, քունին մէջ, ին՜չ անոյշ մահ:...Չորեքշաբթի օր, իր աղջկանը բնակարանին մէջ, ուր կը մնար իր հիւանդութենէն ի վեր, ամէնօրեայ գուրգուրանքի ենթակայ, հայ քահանային՝ «Տան Կարգ»էն ետք, Որբունիի մարմինը կը փոխադրուի Տանժէ, թաղուելու համար իր կնոջ մօտ» ՝ գրեց «Յառաջ»ը: Ընդամենը 2 ամիս առաջ էր, որ նույն այս թերթի էջերին հայտնվել էր Զարեհ Որբունու «Երկու կաթիլ արցունք» սիրուն պատմությունը. Երբ մի օր գնացել էր Մոնպառանասի կողմերը «հայու երես տեսնելու» և հայերեն խոսելու կարոտն առնելու համար: Այնտեղ էր Շավարշ Նարդունին, այնտեղ էր «Յառաջ»ի խմբագրատունը իր բացառիկ Շավարշ Միսաքեանով: Կանգնել էին Հայաստանի քարտեզի առջև, Միսաքեանը քանոնով անցնում էր մեր Հայրենիքի վրայով Արցախից մինչև Վասպուրական, Տիգրանակերտից Գեղարդ, Անից Երևան...: «Մեր հոգիները անդադար կերտելու համար, մեզի Հայաստանը պէտք է ...տեսայ իր պղտորած աչքերուն երկու կողմերը հանգչող խոռոչներուն մէջ մէյ-մէկ արցունքի խոշոր կայլակները»: Որբունին արթմնի և քնի մեջ երազներ տեսնելու «վարպետ» էր: Եղել էին դեպքեր, երբ նրա հոգին անջատվել է մարմնից և սավառնել: Հոգու՝ մարմին վերադարձից հետո, նա հստակ նկարագրել էր այդ թռիչքների մանրամասները իր օրագրում, ինչպես նաև պարտաճանաչ կերպով գրի էր առել քնի մեջ տեսած երազները և մեկնել դրանք: «Մարդուն ամենամեծ բարեկամը երազն է: Երազը ձեռքէդ կը բռնէ ու պէտք եղած տեղը կը տանի քեզի երբ դժուարութեան ու անձկութեան մէջ կը գտնուիս»: Հիմա էլ «Յառաջ»ի խմբագրությունում՝ Շ. Միսաքեանի հետ միասին քարտեզի առջև արթմնի երազի մեջ կտրեցին-անցան Հայաստանը ծայրեծայր: Եվ այդ երևակայական ճամփորդությունից միայն ցավի արցունքների «խոշոր կայլակներ» ծնվեցին:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել