HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առողջության ապահովագրությունը չպետք է իրականացվի բժիշկների հաշվին». ահազանգում են բժիշկները 

Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության նոր համակարգի ներդրումը հերթական անգամ քննարկման ու քննադատության տեղիք է տվել: Համակարգի ռիսկերին, բացերին ու չլուծված հարցերին վերաբերող քննարկում էին կազմակերպել մի շարք բժիշկներ: Նրանք պնդում են, որ առողջության ապահովագրությունը չպետք է իրականացվի իրենց՝ բժիշկների հաշվին։ Հակառակ դեպքում համակարգը, որը ներկայացվում է որպես սոցիալական մեծ ձեռքբերում, երկար չի տևի ու կդառնա հերթական ձախողված ծրագիրը։

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը նշում է, որ առողջության համընդհանուր ապահովագրությամբ գործող սակագները հստակ հաշվարկված չեն: 

«Դրանք «կաբինետային» որոշումների արդյունք են, որոնք հաշվի չեն առնում բժշկական ծառայության իրական բարդությունը, ռիսկերը կամ բուժաշխատողի պատասխանատվության աստիճանը»,- ասում է Անուշ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ տարբեր բարդության միջամտությունների համար սահմանված նույն սակագինը կբերի նրան, որ կխրախուսվի ոչ թե որակյալ բուժումը, այլ պարզապես քանակի ապահովումը։ Նա միաժամանակ նշում է, որ բարեփոխումների ներդրումից առաջ բուժաշխատողները չեն անցել համապատասխան վերապատրաստում և չեն ունեցել հստակ տեղեկություններ՝ իրենց անելիքների մասին։

«Բժիշկներն այսօր աշխատում են ահռելի հաշվետվողական բեռի տակ, բայց առանց համարժեք վարձատրության։ Բժիշկը սկսում է մտածել ոչ թե հիվանդին բուժելու, այլ պատժից խուսափելու մասին։ Սա կարող է բերել դեպի արտերկիր բժշկական ռեսուրսների արտահոսքի»,- ահազանգում է Անուշ Պողոսյանը։

Նա նշում է, որ Երևանի հիվանդանոցների ու բժիշկների բեռը թեթևացնելու համար պետք է նախապես գույքագրվեին մարզերի հիվանդանոցների ռեսուրսները։ 

Բժիշկ-ռադիոլոգ Կարինա Աղալարյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ նեղ մասնագիտական խորհրդատվության գները խիստ նվազել են։ Եթե նեղ մասնագիտական խորհրդատվությունն արժե 10-15, երբեմն՝ 30 հազար դրամ, ապա ապահովագրությամբ հաշվարկվում է ընդամենը 3000-6000 դրամ։ Թե ինչպես է հաշվարկվել այս թիվը՝ բժիշկները տեղյակ չեն։ Միայն նշում են, որ փորձառու և սկսնակ բժիշկների աշխատանքը չպետք է նույն կերպ գնահատվի։ 

Խոսվեց նաև «Արմեդ» համակարգի գերծանրաբեռնված լինելու մասին։ 

Կարինա Աղալարյանը նշում է, որ բժիշկը դժվարանում է և՛ սպասարկել բուժառուին, և՛ մուտքագրել տվյալները համակարգ։ 

Առողջապահության ոլորտի գործիչ Ծաղիկ Վարդանյանի փոխանցմամբ՝ թերապևտների աշխատանքը եռապատկվել է, իսկ 413 բժշկական կազմակերպություններ միացել են փաթեթին՝ առանց օրենքով սահմանված պայմանագրերի։

Իսկ ապահովագրության ոլորտի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը շեշտում է, որ համակարգը ներդրվել է առանց հստակ վիճակագրական տվյալների, բայց համակարգի ներդրումը, այնուամենայնիվ, անհրաժեշտություն է։ 

Քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 16-ին Ռամադա հյուրանոցում։ Քննարկման մասնակիցները պատրաստվում են առաջարկների փաթեթ ներկայացնել։ Նրանք նշում են, որ եթե առաջարկները հաշվի չառնվեն, կդիմեն այլ մարմինների՝ սկսած Մարդու իրավունքների պաշտպանի կառույցից մինչև միջազգային դերակատարներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter