HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հրազդանի սանիտարական աղբավայրը զգալիորեն մեծացրել է համայնքների ֆինանսական բեռը

Հրազդանի սանիտարական աղբավայրը կառավարող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» (ԿԿԹԿ) ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 2025թ․ մայիսի 7–ին փոփոխություն է գրանցվել։ Ընկերությունում 0,96% բաժնեմասով բաժնետեր են դարձել վերջին տարիներին վարչատարածքային բաժանման արդյունքում Կոտայքի մարզում ձևավորված ևս 4 համայնքներ` Գառնի, Ջրվեժ, Ակունք և Արզնի։ Այժմ ընկերությունը 16 բաժնետեր ունի՝ Կոտայքի մարզի՝ 11 և Գեղարքունիքի մարզի 5 համայնքները։

Ըստ այդմ, բնակչության քանակով և բնակավայրի մեծությամբ պայմանավորված, ընկերությունում ամենամեծ բաժնեմասերն ունեն Աբովյան և Հրազդան համայնքները՝ 19,23%, Չարենցավան, Գավառ և Սևան համայնքները՝ 9,6%, Մարտունի, Վարդենիս, Նաիրի, Նոր Հաճն, Բյուրեղավան՝ 4,8%, Ճամբարակ՝ 2,88% և Ծաղկաձոր համայնքը՝ 1,92%, Ակունք, Արզնի, Գառնի և Ջրվեժ համայնքները՝0,96%։

Հիշեցնենք, որ ընկերությունը 2016թ․ սեպտեմբերին հիմնադրել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի  նախկին 12 քաղաքային համայնքները՝ երկու մարզերին աղբահանության ծառայություն մատուցելու համար։ Հայաստանի Հանրապետության, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2017թ․ հունիսի 30-ին դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել։ Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ երկու մարզերի բոլոր համայնքները «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի հիմնադիրներ են և ՎԶԵԲ-ի հետ կնքել են ծրագրի իրականացման աջակցության համաձայնագիր:

Նոր բաժնետերերին ծրագրի շահառու դարձնելու նպատակով Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել նաև ՎԶԵԲ-ի հետ ստորագրված համաձայնագրում։

Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրը կառուցելու համար ՎԶԵԲ-ը 11 մլն եվրո է հատկացրել, որից 5,5 մլն եվրոն վարկ է, 5,5 մլն-ը՝ դրամաշնորհ։ Աղբավայրի գործունեության մասին ազդարարելիս հայտնի դարձավ, որ Հրազդանի սանիտարական աղբավայրի կառուցումն արժեցել է 14,8 մլն եվրո, որից 3,8 մլն եվրոն Կառավարությունն է հատկացրել պետական բյուջեից։

ՎԶԵԲ-ի հետ վարկային համաձայնագիրը կնքելուց երկու տարի հետո՝ 2018թ․ փետրվարին, Կառավարությունը ենթավարկային պայմանագիր էր ստորագրել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի հետ։ Այս ընկերությանն է փոխանցվել ՎԶԵԲ-ից ստացած 5,5 մլն եվրո ենթավարկի հիմնական գումարի, տոկոսագումարների եւ սպասարկման ծախսերը հոգալու պարտականությունը։ Այդ թվում, ՀՀ-ի կողմից 2018-ից թվականից ՎԶԵԲ-ին վճարվող վարկի գումարները։

Համայնքները պարտավորություն են ստանձնել 2020-2030թթ.-ին հավասարաչափ մասնաբաժիններով մարել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարմանն ուղղված ենթավարկի հիմնական գումարը: Աղբավայրը կառուցելու ժամանակացույցը շարունակաբար խախտելու հետևանքով Կառավարությունը 7 տարով երկարաձգեց նաև ՎԶԵԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի կատարման ժամկետը, իսկ ենթավարկային պայմանագրի՝ ՎԶԵԲ-ին ունեցած պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգեց մինչև 2025թ․ ապրիլ ամիսը։   

Սանիտարական աղբավայրը սկսել է գործել 2025թ․-ի հուլիսի 9-ից։ Ընկերության տնօրենը հայտնում է, որ վարկը դեռևս չեն մարում։ Ֆինանսների նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ Կառավարությունը 2018թ․-ից սկսել է մարել վարկը։ 2026թ․ հունվարի 31-ի դրությամբ 5,5 մլն վարկի մնացորդը կազմում է մոտ 3 մլն 892 հազար եվրո։

Համավարկառու համայնքներն անցնող տարիներին գումարներ էին փոխանցում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գործունեության և պահպանման ծախսերը հոգալու նպատակով՝ մինչև ընկերությունը սկսեր գործել և սպասարկեր վարկը։ Այս ընթացքը տևեց մոտ 9 տարի։ 

Համայնքներն այժմ ԿԿԹԿ ՍՊԸ-ին պետք է վճարեն ոչ թե պահպանության ծախսերի, այլ՝ աղբահանության ծառայության համար

2025թ․-ի աշնանը համայնքներից մի քանիսը աղբահանություն իրականացնելու համար գումար են փոխանցել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին։ Հրազդան համայնքը 25 մլն դրամ է հատկացրել, ինչպես ավագանու որոշման մեջ է նշվում՝ «ընկերության ֆինանսական կայունության, ծրագրի շարունակականության և ընդլայնման ապահովման նպատակով»։ Սևանի համայնքապետարանը 20 մլն դրամ է փոխանցել, Վարդենիսը՝ 5 մլն դրամ, Ճամբարակը՝ 5 մլն դրամ, Մարտունին՝ 4 մլն դրամ։ Այս գումարներն ընկերությանը վճարել են օգոստոս-դեկտեմբեր ամիսներին համայնքում աղբահանություն կատարելու և աղբավայրի սպասարկման համար, բայց՝ իբրև դրամաշնորհ։

Անհասկանալի այս ձևակերպումը տարակուսանք է առաջացրել համայնքներում և՛ իրավական առումով, և՛ պահանջվող գումարի չափերի, որը համայնքներին ներկայացնում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը սկսել է գործել, սակայն ծառայությունների մատուցման պայմանագրի փոխարեն շարունակում է համայնքներին ներկայացնել դրամաշնորհ հատկացնելու պայմանագիր։

ՏԿԵ նախարարությունում այդ հանգամանքը բացատրում են տեխնիկական խնդիրներով։ Հույս ունեն, որ այս տարվա ընթացքում դրանք կլուծվեն, և համայնքների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կկնքվեն։

««Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊ ընկերության բաժնեմասնակից  համայնքները դրամաշնորհային փոխանցումներ կատարել են ընկերության գործունեության և պահպանման ծախսերը հոգալու նպատակով, իսկ այն համայնքերը, որտեղ ՍՊԸ-ն ծառայություն է մատուցում, հատկացրել են նաև 2025թ․-ի համար նախատեսված աղբահանության գծով մնացորդային ծախսային միջոցները»,- մեր հարցմանը պատասխանել է ՏԿԵՆ-ը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) հայտնում է, որ ընկերությունն աղբահանություն է իրականացնում Հրազդան, Սևան, Ծաղկաձոր, Չարենցավան, Գավառ, Ճամբարակ, Նոր Հաճն, Արզնի համայնքների բոլոր բնակավայրերում, մասամբ՝ Նաիրի համայնքում: ՏԿԵՆ-ի տվյալներով՝ 10 համայնքների 71 բնակավայրերից օրական մոտ 100 տոննա աղբ է տեղափոխվում Հրազդանի աղբավայր։

Նկատենք, որ ընկերությունը 2025թ․-ին աղբահանություն է իրականացրել Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր Հաճն համայնքներում, սակայն այս համայնքները դրամաշնորհներ չեն հատկացրել։ Փոխարենը 2025թ․ հոկտեմբերին ընկերությանը 3,5 մլն դրամ է հատկացրել Ջրվեժ համայնքը։ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն դեռևս աղբահանություն չի իրականացնում այս համայնքում։ Ավագանու որոշման մեջ նշվում է, որ գումարը հատկացվում է Կոտայքի մարզպետի՝ դրամաշնորհ հատկացնելու առաջարկի վերաբերյալ 2025թ․ սեպտեմբերի 26-ի գրության հիման վրա։ Այդպիսով՝ համայնքային բյուջեից չհիմնավորված ծախսեր կատարելու պատասխանատվությունը թողել են մարզպետ Ահարոն Սահակյանին։

Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը նախկինում էլ է գումար հատկացրել ընկերությանը։ 2023թ․-ին «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին 291 366 դրամ սուբսիդիա է հատկացրել՝ «կազմակերպության ընթացիկ պահպանման ծախսերի իրականացման նպատակով»: Ընդգծենք, որ այդ ժամանակ Ջրվեժ համայնքն ընկերությունում անգամ բաժնետեր չէր և անհասկանալի է, թե ինչու է պարտավորվել համայնքային բյուջեից հոգալ «սանիտարական աղբավայրի ընթացիկ պահպանման ծախսերը»։

Նախարարության մատնանշած տեխնիկական խնդիրներին լուծումներ տալու համար, մինչև աղբավայրի գործելը, ՏԿԵ նախարարությունը «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի համար խորհրդատուի մրցույթ էր հայտարարել։ Ակնկալվում էր, որ ընտրված խորհրդատու կազմակերպությունը հաշվարկներ կկատարի և համայնքներից յուրաքանչյուրին պարզ կլինի նաև սպասարկման դիմաց վճարելիք գումարի չափը։

«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը հայտնեց, որ միջազգային խորհրդատվական ընկերությունը երկու մարզերի համայնքներում ընկերության կարիքների լրացուցիչ գնահատում է իրականացրել։ Հայտնել է, որ ծրագիրը լիարժեք կամ ամբողջական իրականացնելու համար անհրաժեշտ է ևս 3,8 մլն եվրո գումար։ Այդ գումարը հատկացրել է Կառավարությունը։

«Կորպորատիվ զարգացման, շահակիրների ներգրավման և համայնքներին աջակցելու համար պայմանագիր էր կնքվել «Hydroplan ingenieur GmbH» գերմանական խորհրդատվական կազմակերպության հետ։ Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է 2025թ․ օգոստոսին և չի երկարաձգվել»,– հայտնել է ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։

Այսինքն, ընկերությունը հեռացել է առանց տեխնիկական հարցերին լուծումներ տալո՞ւ։ Գուցե ընկերության խորհուրդներն անընդունելի՞ են եղել նախարարության համար, և հարցն այդպես էլ լուծում չի ստացել։ Տարիներ առաջ նախարարությունն անհամաձայնություն ուներ այլ խորհրդատուների ներկայացրած՝ բնակիչներից ու իրավաբանական անձանցից գանձվող աղբի վճարի չափի վերաբերյալ։ Նրանց ներկայացրած հաշվարկներով, ծախսածածկում ապահովելու համար մեկ անձից պետք է 650 դրամ և ավելի աղբահանության վճար գանձվեր։ ՏԿԵ նախարարությունն այդ գումարն անընդունելի համարեց՝ բացատրելով բնակչության անվճարունակությամբ։

Համայնքները մեծ չափերով սուբսիդավորում են աղբահանությունը՝  ծախսերի ու եկամուտների միջև անհամամասնությունը նվազեցնելու համար

Գեղարքունիքի և Կոտայքի մարզի համայնքների մի մասը «Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան» է ընդունել՝ մեթոդական
ուղեցույցի հիման վրա: Ռազմավարական պլանները կազմվել են 3–5 տարվա համար, որտեղ, հիմնականում, աղբի աճի կանխատեսելիությունն է ներկայացվում, և առաջիկա տարիների համար բնակչությունից և իրավաբանական անձանցից գանձվելիք աղբի վճարն է սահմանված։ Երկու մարզում ոչ մի համայնք աղբի վճարի փոփոխություն չի նախատեսում, քաղաքային համայնքներում մեկ շնչի համար 150–250 դրամ է վճարը, գյուղերում՝ 50–100 դրամ։

Փոխարենը՝ աղբահանության բյուջեն ամեն տարի ավելանում է զգալի չափերով, աղբահանության ծախսերի զգալի տարբերությունը համայնքը լրացնում է բյուջեից սուբսիդա հատկացնելով։ Ընկերության բաժնետեր մի քանի համայնքների աղբահանության եկամուտների և ծախսերի ուսումնասիրությունը մեծ չափերի անհամամասնություն է ցույց տալիս։ Սևանի համայնքապետարանից հայտնեցին, որ համայնքային բյուջեից աղբահանության սուբսիդավորումը տարեկան կազմում է 72 մլն դրամ։

Ընկերությունում ամենամեծ բաժնեմաս ունեցող համայնքներից մեկը՝ Հրազդանի համայնքապետարանը, 2026թ․ բյուջեում զգալի ավելացրել է աղբահանության գումարը։ Աղբահանության ծախսերը պլանավորել է մոտ 630 մլն դրամ, իսկ աղբահանությունից ստացվելիք եկամուտները՝ 97 մլն դրամ։ 2025թ․–ին այս համայնքը աղբահանության ծախսերը պլանավորել էր 434 մլն 482 հազար դրամ, 2026թ․-ի ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 195 մլն դրամով։ 2026թ․-ին համայնքային բյուջեից աղբահանության սուբսիդավորման համար նախատեսվել է 155 մլն 218 հազար դրամ, «այդ թվում «Կոտայքի և Գեղարքունիկի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից համայնքի աղբահանությունը կազմակերպելու դիմաց վճարում կատարելու նպատակով»:

Ընկերությունում մեծ բաժնեմաս ունեցող մյուս համայնքը՝ Աբովյանը, 2025–29թթ․ կառավարման պլան է մշակել, որտեղ մինչև 2029թ․-ը աղբահանության սակագնի փոփոխություն չի նախատեսել։ Քաղաքի բնակիչների համար աղբի վճարի չափը սահմանվել է 250 դրամ, գյուղական բնակավայրերում՝ 150 դրամ։ Աբովյանում աղբի վճարի 2025 և 2026թթ․-ին պլանավորված գանձումը մոտ 265 մլն դրամ է, ևս 163 մլն դրամ սուբսիդավորում է նախատեսում համայնքային բյուջեից։

Հրազդան և Աբովյան համայնքները «Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան» են ընդունել։ Բովանդակային առումով, սակայն, դրանք հեռու են ռազմավարություն համարվելուց, քանի որ համակարգային լուծումներ չեն պարունակում։

Աբովյանը նպատակ է սահմանել՝ աղբավայր տեղափոխվող աղբի քանակի նվազեցում տեսակավորման միջոցով, թափոնների տեսակավորման համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծում, բայց ժամանակացույց չունի։ «Ներկա պայմաններում թափոնների տեսակավորում և վերամշակում չի իրականացվում համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով»,- նշվում է պլանում։ Համոզված են, որ «յուրաքանչյուր երկրորդ տնտեսություն ինքնուրույն կարող է իրականացնել տեսակավորման գործընթացը՝ ընդհանուր աղբից առանձնացնելով պոլիէթիլենային թաղանթը, պլաստիկ շիշը, սնունդը, ապակին, մետաղը, թուղթը, կենցաղային-բուսական աղբը»։

Համաշխարհային բանկը 2024թ․-ին հրապարակեց «Հայաստանի կոշտ թափոնների կառավարման ոլորտի գնահատման և բարեփոխումների պլան» զեկույցը։ «Համայնքային (տեղական) թափոնների կառավարման պլանները պետք է լինեն ծախսերի բյուջետավորման հիմքը, ինչպես խորհուրդ է տրվում թափոնների վճարների վերաբերյալ մեթոդաբանության նախագծում, թափոնների հավաքման տարբերակների վերլուծությամբ և լավագույն ֆինանսական տարբերակի իրականացման համար սահմանված ներդրումային և գործառնական ծախսերով: Հատկապես նոր սանիտարական աղբավայրեր թափոնները հավաքելու և տեղափոխելու հարցում անհրաժեշտ է տարբերակի վերլուծություն»,- ասվում է զեկույցում:

Փորձագետները նշում են, որ համայնքները թափոնների վճարները տարիներ շարունակ չեն վերանայել, դրանք դեռևս շատ ցածր են 2011թ․-ի օրենքով սահմանված առավելագույն արժեքից։ Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ թափոնների ներկայիս վճարները չեն համապատասխանում «աղտոտողը վճարում է» սկզբունքին և ծախսերի ամբողջական փոխհատուցմանը` համաձայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների։

«Աղբահանության ծառայությունները շարունակում են սուբսիդավորվել: Թափոնների վճարները չեն ծածկում անգամ թափոնների հավաքման ծառայության գործառնական ծախսերը: Ընթացիկ հավաքագրման ծախսերի մոտ 50%-ը ծածկվում է համայնքային բյուջեների այլ եկամուտներից»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում են թափոնների կառավարման երկու գլխավոր նպատակները՝

  • սկզբնաղբյուրում թափոնների առաջացման կրճատումը,
  • աղբավայրում (ներառյալ սանիտարական) տեղադրվող թափոնների քանակի կրճատումը։

Թափոնների կառավարման այս երկու գլխավոր նպատակները համայնքներից ոչ մեկը չի սահմանել իր կառավարման պլանում։ Պատճառը համարվում է այն, որ համայնքները ոչ աղբավայրից օգտվելու համար են վճարում, ոչ էլ՝ աղբի քանակի։ Հետևաբար, շահագրգռված չեն աղբի քանակը նվազեցնելու հարցում։

«Ներկա դրությամբ համայնքների կողմից սանիտարական աղբավայր աղբ տեղափոխելու համար մուտքավճար սահմանված չէ, սահմանված չէ նաև աղբի տեղադրման համար վճար»,- հաստատում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը։

Ընկերությունը տեսակավորված թափոնները վաճառում է

«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի բաժնետեր համայնքներից միայն Սևան համայնքն է աղբի տեսակավորում իրականացնում։ Համայնքապետարանն օրերս հայտարարեց, որ 2025թ․ հուլիսի 26-ից Սևան քաղաքում թափոնների տեսակավորման նոր համակարգ է ներդրվել, 6 ամսից ավելի է՝ սևանցիներն աղբահանության ոլորտում քայլ առ քայլ ձևավորում են նոր մշակույթ: Համայնքը տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացն արտապատվիրակել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին։ Վերամշակելի թափոնները տեղափոխվում են Հրազդանի սանիտարական աղբավայր:

«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրինության ներկայացրած վիճակագրական տվյալներով՝ 2025թ․ օգոստոսի 1-ից դեկտեմբերի 30-ը տեսակավորման թափոնամաններից տեղափոխվել է 400 կգ ապակի, 10 360 կգ ստվարաթուղթ և թուղթ, 600 կգ մետաղ, 50 կգ պոլիէթիլենային տոպրակ, 1800 կգ պլաստիկ:

Սերգեյ Համբարձումյանը «Հետքին» հայտնել է, որ սանիտարական աղբավայրի տարածքում աղբի տեսակավորում, ըստ էության, չի իրականացվում։ Սակայն, ինչպես անցյալ տարի աշնանը հայտնել էր  լրագրողներին, իրենց նախաձեռնությամբ Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան համայնքներում ստվարաթուղթն առանձնացնում են։ Այդպես օրական հավաքվում է շուրջ 1 տոննա ստվարաթղթի թափոն, շուրջ 400 կգ պլաստիկ։ Հավաքված ստվարաթուղթն ու պլաստիկը վաճառելու համար աճուրդ է հայտարարվում, որը գնում են վերամշակող ընկերությունները։

«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն անցած տարի երկու անգամ աճուրդ է հայտարարել՝ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված պոլիէթիլեն թերեֆթալատ՝ PET պիտակով, 1-2 լիտր տարողությամբ շշերի վաճառքի նպատակով։

Տեսակավորված աղբը վաճառելն, իհարկե, լրացուցիչ ֆինանսական հնարավորություն է ընկերության համար, բայց՝ չափազանց փոքր։ Ընկերության «գործունեության և պահպանման ծախսերը» շարունակում են մնալ համայնքների պարտավորությունը։ ՏԿԵ նախարարությունն անտեսում է համայնքներում աճող դժգոհությունները և չի շտապում համայնքներից պահանջվող ֆինանսական ծախսերի համար իրավական և տնտեսագիտական հիմքեր ապահովել։ Առաջին սանիտարական աղբավայրի կառավարումն այլևս կայացած փաստ համարելով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը վերջերս հայտարարեց, որ ծրագրում են  հանրապետությունում ունենալ ևս 4 նման համակարգ, որոնցից մեկը՝ Երևանում։

Լուսանկարները «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ–ի ֆեյսբուքի էջից

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter