HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական հետապնդում սնանկության կառավարչի նկատմամբ՝ Խուդայանների հաշմանդամություն ունեցող ընտանիքի տան աճուրդի գործով

Խուդայանների հաշմանդամություն ունեցող ընտանիքին 2025-ի օգոստոսի 4-ին ոստիկանները վտարել են սեփական տնից, որը աճուրդով վաճառվել է շուկայականից չորս անգամ ցածր գնով՝ մոտ 9 միլիոն դրամով։ Դատախազությունը, հիմք ընդունելով «Հետքի» հրապարակումը, վարույթ է նախաձեռնել՝ պարզելու աճուրդի օրինականությունը և հնարավոր չարաշահումները։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Չարաշահումները հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել):

«Հետք»-ի աղբյուրները հայտնում են, որ քրեական հետապնդումը հարուցվել է սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի նկատմամբ: Որպես խափանման միջոց ընտրվել է «բացակայելու արգելքը»:

Ընտանիքի իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ-ի փաստաբան Գայանե Գևորգյանը Սնանկության դատարան հայց է ներկայացրել՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով։

Այդ գործի շրջանակներում փաստաբանը միջնորդել է դատարանին՝ Խուդայանների տան նկատմամբ կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է։ «Միջնորդությունը ներկայացրել ենք, որ գույքը չվաճառվի մինչև այդ հարցի լուծումը։ Եթե միջնորդությունը չբավարարվեր ու հետագայում մեր օգտին վճիռ կայացվեր, կատարման հետ կապված խնդիր կունենայինք»,- ասաց փաստաբանը։ 

Գայանե Գևորգյանի փոխանցմամբ՝ թեև հայցը մուտք է արվել 2025 թվականի սեպտեմբերին, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել։ 

Ինչ վերաբերում է քրեական վարույթին, Գայանե Գևորգյանն ասաց, որ Սերգեյ Խուդայանը դեռևս տուժողի կարգավիճակ չունի։ «Մեկ անգամ իրեն կանչել են, բայց ոչ ֆորմալ միջավայրում է քննարկում եղել, ես դրան մասնակից չեմ եղել։ Քննիչի հետ ես խոսել եմ, ասաց, որ կկանչի հարցաքննության, բայց դեռ նորություն չկա»,- ասաց Գայանե Գևորգյանը։

Սերգեյ Խուդայանը մեզ պատմեց քննիչի հետ ունեցած հանդիպման մասին, որից անցել է արդեն շուրջ 25 օր։ «Քննիչն ինձ ասաց՝ բա որ քեզ առաջարկել են, դրա հետ ինչի չես համաձայնվել (նկատի ունի գնորդի առաջարկը՝ գումար տալու դիմաց տունը լքելու մասին- խմբ.), ես ասացի՝ ինչի պիտի համաձայնեմ, եթե իմ նկատմամբ սխալ են վարվել»,- պատմում է Սերգեյ Խուդայանը։ Ըստ նրա՝ քննիչն իրեն ասել է, որ գնորդի առաջարկը այս պահին էլ ուժի մեջ է, և եթե Խուդայանը ցանկանա, ինքը կկարողանա օգնել այդ հարցում։ 

«Ես իրեն ասեցի՝ դու քննիչ ես, պիտի կարողանաս վերլուծել, գնորդն ինձ էն ժամանակ էլ առաջարկել է, ես հրաժարվել եմ, հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից պատրաստ է տալ։ Եթե ինքն ամեն ինչ ազնիվ է արել, ինչի պիտի այդպիսի առաջարկ անի։ Քննիչն էլ ասեց՝ ես դա քեզ օգնելու նպատակով եմ ասում»,- պատմում է Սերգեյ Խուդայանը։ Այդ դեպքից հետո, Սերգեյ Խուդայանի խոսքով, քննիչի հետ որևէ հանդիպում չի ունեցել, սպասում է, որ կանչի հարցաքննության։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ պարզել էինք, որ Խուդայանների տան գնորդը՝ Վազգեն Հովհաննիսյանը վերջին տարիներին մի շարք անշարժ գույքեր է ձեռք բերել հարկադիր աճուրդներով, որոնց մի մասը հետագայում վերավաճառել է։

69-ամյա Սերգեյ Խուդայանը կնոջ, երկու դստեր և թոռան հետ բնակվում էր Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում։ Սերգեյ Խուդայանը, կինը և աղջիկը 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեն․ բոլորն էլ՝ տեսողական խնդիրներով։ Սերգեյ Խուդայանի մյուս դուստրն էլ օնկոլոգիական հիվանդություն ունի: Վերջինս 7-ամյա որդու հետ բնակվում էր հոր տանը։ 

Սերգեյ Խուդայանը տարիներ առաջ վերցրած վարկերը չի կարողացել մարել: Նրան խորհուրդ են տվել իր նախաձեռնությամբ սնանկ ճանաչվել: Դատարանի վճռով Խուդայանը սնանկ է ճանաչվել, տունը աճուրդով վաճառվել է։ Աճուրդում տան մեկնարկային գինը սահմանվել է 39 մլն 200 հազ. դրամ: Սակայն, այդ գնով չի վաճառվել, և սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի  խոսքերով՝ 21-22 անգամ աճուրդ է հայտարարվել, և 0,157 հա բնակելի կառուցապատման նշանակության հողամասը, շինությունները՝ 224,9 քմ բնակելի տունը, 31,6 քմ ավտոտնակը, 8,6 քմ մակերեսով լողարանը, 21.9 քմ ծածկն ու 3,82 քմ կաթսայատունը վաճառվել են մոտ 9 մլն դրամով։ 

Իրենց միակ կացարանից վտարվելուց հետո Խուդայաններն արդեն մի քանի ամիս է՝ բնակվում են վարձակալությամբ հարակից Հայանիստ գյուղում։ Վարձավճարը 100 հազար դրամ է, ինչը դժվարությամբ է կարողանում վճարել ընտանիքը։ 

«2-3 հատ պլիտա էլ վառում ենք, ամիսը համարյա 60 հազար լույսի փող է գրել, նույնիսկ չենք էլ տաքանում։ Տունը խոնավ է, պատերը լրիվ բորբոսնած են։ Հիմա թե ինչքան պետք է էս ամենը շարունակվի, ես չգիտեմ»,- ասում է Սերգեյ Խուդայանը՝ հույս հայտնելով, որ կվերականգնվի արդարությունը, ու կկարողանան վերադառնալ իրենց տուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter