HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պահանջիր եւ կստանաս. պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը հետ է ստացել մասնավոր 8 ընկերություններից 3-ում կատարած իր ներդրումները: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Պետգույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ):

Ֆոնդը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, իսկ 2024-ից մինչ օրս՝ ՊԳԿԿ-ն:

Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու:

Պետական ներդրումային ֆոնդի մասնակցության ժամկետը որեւէ ծրագրում սահմանափակ էր՝ մինչեւ 10 տարի: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:

2021-2023 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 6.649.718.618 դրամ, որը ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով 17,6 մլն դոլար է: 

Ընդգծենք՝ ներդրումները կատարվել են ֆոնդի կառավարիչ ընկերության (2019-2024 թթ. ԱՆԻՖ-ին ենթակա) տնօրենների խորհրդի որոշումների հիման վրա: Իսկ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենը 2020-2024 թթ. եղել է Բելլա Մանուկյանը:  

Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալում, եւ այն հիմնած Նիկոլ Փաշինյանի կառարությունն իր իսկ ձեռքով որոշեց լուծարել ԱՆԻՖ-ը, իրավապահների ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումներ հայտնաբերվեցին նաեւ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի ու մասնավոր գործընկերների հարաբերություններում: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթով նախաքննությանը, որն իրականացնում է Քննչական կոմիտեն, 2025-ի մայիսին հայտարարել էր, որ դրա եւ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Սիդ թու Ֆարմ», «Դոմ Արենա», «Գլոբալ Քոննեքթ», «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ների «համատեղ գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ դրվագներն են քննվում»: Սրանք այն ընկերություններից են, որոնք տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դրամների ներդրումներ էին ստացել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից, ինչի դիմաց ֆոնդը դարձել էր դրանց բաժնետեր:

2025 թ. օգոստոսի 28-ին Կառավարությունը որոշում կայացրեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսելու մասին: Գործադիրը թույլատրեց, որ պետական ֆոնդի կառավարիչն օտարի մասնավոր ընկերություններում ֆոնդի կատարած ներդրումների դիմաց ստացած բաժնետոմսերը: Օտարման գինը հաշվարկվել է այսպես՝ ներդրված գումար + դրա 10,27 %-ը յուրաքանչյուր տարվա համար:

Ֆոնդի կառավարիչը ներդրում ստացած ընկերությունների մյուս բաժնետերերին՝ մասնավոր գործընկերներին, պետք է առաջարկներ ուղարկեր՝ մինչեւ 2026 թ. մարտի 31-ը ձեռք բերել պետական ֆոնդին պատկանող բաժնետոմսերը: Այսինքն՝ Կառավարությունը նպատակադրվել էր մինչեւ այս տարվա մարտի վերջ ազատվել մասնավոր ընկերություններում ֆոնդի (այլ կերպ ասած՝ իր) ունեցած բաժնետոմսերից:

Առաջարկի հասցեատերերը կարող էին գրավոր համաձայնություն տալ մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 30-ը: Համաձայնությունը կարող էր լինել 2 ձեւի՝ կա՛մ ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերող մասնավոր գործընկերները պետք է կանխավճար մուծեին ստացած ներդրման չափով, իսկ մնացած գումարն էլ վճարեին մինչեւ այս տարվա մարտի 31-ը, կա՛մ պետք է մինչեւ 10 տարի մարման ժամկետով բյուջետային վարկ վերցնեին, ինչի համար, սակայն, անհրաժեշտ էր բանկային երաշխիք ներկայացնել:

Ֆոնդը ներդրումներ էր կատարել 10 ընկերություններում, սակայն 2022 թ. դուրս էր եկել «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», իսկ 2023-ին՝ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ներից՝ իր բաժնետոմսերը վաճառելով դրանց մյուս բաժնետերերին: Այսինքն՝ բաժնետոմսերը գնելու առաջարկը 2025 թ. սեպտեմբերի 30-ին ներկայացվել է մնացած 8 ընկերություններում ֆոնդի մասնավոր գործընկերներին (տես ստորեւ):

Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացել ենք, որ 8-ից 3-ը դրական են արձագանքել առաջարկին: Ընդ որում՝ դրանցից ոչ մեկը չի օգտվել բյուջետային վարկի տարբերակից:

«Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ում ֆոնդի բաժնետոմսերը գնել է Ղազախստանի քաղաքացին

Առաջին գործարքը կնքվել է «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի, ավելի կոնկրետ՝ դրա բաժնետերերից մեկի  հետ 2025 թ. նոյեմբերի 14-ին (բաժնետիրոջ անունը ՊԳԿԿ-ն չի հայտնել):

Հիշեցնենք, որ շշերի կափարիչների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը 2023-ին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից ստացել էր 1.676.999.973 դրամ ներդրում, ինչի դիմաց ֆոնդը դարձել էր ընկերության 49 %-ի բաժնետեր (սա ֆոնդի ամենամեծ ներդրումն է մասնավոր ընկերություններում, գումարը նախատեսվել էր շշերի կափարիչների արտադրական հաստոցի արդիականացման, նոր կափարիչների արտադրության հոսքագծի ձեռքբերման եւ արտադրամասի վերանորոգման համար): Հաշվի առնելով նաեւ տոկոսագումարները՝ «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի մյուս բաժնետերերին առաջարկ էր արվել ֆոնդի 49 % բաժնետոմսերը գնել 2.118.744.370 դրամով:

Այսպիսով՝ նոյեմբերի 14-ին «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի մյուս 2 բաժնետերերից մեկն, ըստ ՊԳԿԿ-ի, ամբողջությամբ վճարել է վերոնշյալ 2,1 մլրդ դրամ գումարը, եւ համաձայնագիր է կնքվել ընկերության բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին: Նույն օրը կնքվել է բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը:

Մինչեւ այս գործարքը «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի 43,3 %-ը պատկանում էր Ղազախստանի քաղաքացի Էռնեստ Ռուդիկին, իսկ մնացած 7,7 %-ը՝ ՀՀ քաղաքացի Հայկ Սուվարյանին, որը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ԿԲ նախկին աշխատակից Հրանտ Սուվարյանի որդին է, ինչպես նաեւ նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի փեսան՝ դստեր ամուսինը:

«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ Ռուդիկն իրական սեփականատեր չէ, այլ ներկայացնում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ եւ համասեփականատեր Գագիկ Զաքարյանի շահերը: Իրական շահառուների հայտարարագրում այժմ տեսնում ենք, որ Ռուդիկը դարձել է «Յունիվերսալ Քլոզրս» ընկերության 92,3 %-ի բաժնետեր, ինչը նշանակում է, որ նա (Գագիկ Զաքարյանը) է գնել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի ունեցած 49 %-ը:

Դավիթ Փափազյանի ընկերոջ ընտանիքը գնել է պետական բաժնետոմսերը

Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ն 2022-ին 700 մլն դրամ ներդրում էր ստացել պետական ֆոնդից (գնվել են բեռնատարներ), եւ վերջինս դարձել էր ընկերության 49 %-ի բաժնետեր: 51 %-ի տերն էլ ՀՀ քաղաքացի Սուսաննա Գեւորգյանն է, որի ամուսինը՝ ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Գրիգորյանը, ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերն է:

Գեւորգյան-Գրիգորյան զույգին առաջարկ էր արվել պետական ֆոնդին պատկանող 49 %-ը ձեռք բերել 921.229.384 դրամով:

2025 թ. դեկտեմբերի 24-ին «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ի եւ ֆոնդի միջեւ կնքվել է բաժնետոմսերի առքուվաճառքի նախնական պայմանագիր, որի հիման վրա դեկտեմբերի 29-ին ընկերութունը 700 մլն դրամ է փոխանցել ֆոնդի գանձապետական հաշվին, իսկ մնացած մոտ 221 մլն դրամը փոխանցվել է այս տարվա հունվարի 29-ին: Նույն օրը կնքվել են բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին համաձայնագիրն ու բաժնետոմսերի առքուվաճառքի հիմնական պայմանագիրը:

Ինչպես ասվեց վերեւում, իրավապահները, ի թիվս այլ ընկերությունների, քննում են «Գլոբալ Քոննեքթի» ու պետական ֆոնդի (դրա կառավարիչ ընկերության) «համատեղ գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ դրվագները»:

Պետական ֆոնդը դուրս է եկել սնկերի արտադրության բիզնեսից

2025 թ. դեկտեմբերի 29-ին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի եւ «ԷյԷմՍի» ՓԲԸ-ի մյուս բաժնետիրոջ միջեւ կնքվել է ֆոնդի 32,12 % բաժնետոմսերի առքուվաճառքի նախնական պայմանագիր: Սնկերի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ֆոնդը 2022-ին 287.460.568 դրամ էր ներդրել՝ սնկի արտադրության համար անհրաժեշտ կոմպոստի արտադրության ստեղծելու նպատակով։ ՓԲԸ-ի 67,88 %-ն էլ պատկանում էր երեւանյան «Ի Էֆ Էմ Քորփորեյշն» ՍՊԸ-ին (նախկինում՝ «Էկո Ֆրեշ Մաշրումս»), որն իր հերթին պատկանում է Տիրան Հակոբյանին: Այսպիսով՝ Հակոբյանը ձեռք է բերել պետական ֆոնդի բաժնետոմսերը՝ դառնալով «ԷյԷմՍի» ՓԲԸ-ի 100 %-ի սեփականատեր:

Պետգույքի կառավարման կոմիտեի տեղեկացմամբ՝ Տ. Հակոբյանը նախնական պայմանագիրը կնքելու օրը՝ դեկտեմբերի 29-ին, ֆոնդի գանձապետական հաշվին է փոխանցել վերոնշյալ 287 մլն դրամը: Իսկ հաշվարկված տոկոսագումարը (90.525.412 դրամ) Հակոբյանը փոխանցել է այս տարվա հունվարի 16-ին, եւ նույն օրը կնքվել է համաձայնագիր բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին, ինչպես նաեւ վերջնական պայմանագիր ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առքուվաճառքի մասին:  

Ֆոնդը դուրս կգա նաեւ Hard Rock Cafe-ից. գումարը կվերադարձվի փուլերով 

Չորրորդ ընկերությունը, որի հետ համաձայնություն է ձեռք բերվել, «Դոմ Արենա» ՓԲԸ-ն է: Այստեղ պետական ֆոնդը 2021-2022 թթ. ներդրել է 277.203.077 դրամ եւ դարձել ընկերության 48 %-ի բաժնետեր: Ներդրումն օգտագործվել է՝ Երեւանում Hard Rock Cafe ցանցի զբոսաշրջային-ժամանցային ռեստորան բացելու համար։ «Դոմ Արենա» ընկերության մյուս (52 %) բաժնետերը երեւանյան «Ռոք Մենեջմենթ» ՍՊԸ-ն է, որը 50-50 համամասնությամբ կիսում են Արսեն Հովհաննիսյանն ու Լաերտ Սողոյանը:

ՊԳԿԿ-ի տեղեկացմամբ՝ թեեւ «Դոմ Արենա» ՓԲԸ-ն եւ դրա համասեփականատեր «Ռոք Մենեջմենթ» ՍՊԸ-ն չեն ընդունել ֆոնդի կառավարչի առաջարկը բաժնետոմսերը գնելու մասին, այնուամենայնիվ, օգտվելով «Դոմ Արենա» ընկերության բաժնետերերի միջեւ դեռեւս 2021 թ. կնքված բաժնետիրական համաձայնագրով նախատեսված գնման օպցիոն կիրառելու իրավունքից (ֆոնդի կառավարչի առաջարկած պայմաններից տարբերվող պայմաններով), 2025 թ. սեպտեմբերի 5-ին «Ռոք Մենեջմենթ» ՍՊԸ-ն ֆոնդին է ուղարկել գնման օպցիոն կիրառելու ծանուցում, որի հիման վրա էլ հոկտեմբերի 16-ին կնքվել է ֆոնդի 48 % բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ «Ռոք Մենեջմենթ» ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2026 թ. հունվարի 6-ը 4 փուլով վճարել բաժնետոմսերի օտարման գինը: Այդուհանդերձ, այս ժամկետում գնորդը չի տեղավորվել եւ դեռ գումարային պարտավորություն ունի ֆոնդի նկատմամբ:   

Այսպիսով՝ «Յունիվերսալ Քլոզրս», «Գլոբալ Քոննեքթ», «ԷյԷմՍի» եւ «Դոմ Արենա» ՓԲԸ-ներում «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը կատարել է ընդհանուր 2.941.663.618 դրամ ներդրում: Փետրվարի 18-ի դրությամբ, ինչպես «Հետքը» տեղեկացել է ՊԳԿԿ-ից, ֆոնդին վճարվել է 3.612.959.734 դրամ, որը ներառում է նշված ընկերություններից առաջին երեքի ստացած ներդրումներն ու տոկոսագումարները, ինչպես նաեւ 195 մլն դրամ «Դոմ Արենա» ընկերությունից. վերջինս դեռեւս վճարելիք գումար ունի: Այս ընդհանուր գումարը ՀՀ ԿԲ ներկա փոխարժեքով հավասար է 9,6 մլն դոլարի: 

Թե ինչ զարգացումներ են եղել մյուս 4 ընկերությունների հետ ֆոնդի հարաբերություններում, որոնցում եւս ներդրումներ էին կատարվել, կներկայացնենք հաջորդ հոդվածում:  

Կոլաժում՝ պետական ներդրումներով բացված երեւանյան Hard Rock Cafe-ն, ձեռք բերված բեռնատարները եւ կոմպոստի արտադրության շինարարությունը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter