HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՆԻՖ-ին ենթակա պետական ֆոնդը 700 մլն դրամ է ներդրել նախկին տնօրեն Փափազյանի ընկերոջ բիզնեսում

ԱՆԻՖ-ին ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 2022 թ. 700 մլն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը պատկանում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջը՝ Սերգեյ Գրիգորյանին: Նրանք նաեւ բիզնես գործընկերներ էին օֆշորում:

ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) այս ֆոնդը 2021-2023 թթ. ընթացքում հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր:

700 մլն դրամ՝ ընկերոջ բիզնեսին

2022 թ. մարտ, ապրիլ եւ հունիս ամիսներին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը երեք տրանշով ընդհանուր 700 մլն դրամ է ներդրել երեւանյան «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում (Global Connect): Ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներով:

Ներդրման նպատակը, ԱՆԻՖ-ի տեղեկացմամբ, եղել է 18 բեռնատարների եւ դրանց կիսակցորդիչների (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչների) ձեռքբերումն ընկերության կողմից, ինչը պետք է հնարավորություն տար սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին եւ արտահանողներին:

«Գլոբալ Քոննեքթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018-ին: Միակ փայատեր գրանցվել էր երեւանցի Սուսաննա Գեւորգյանը, որը նաեւ տնօրենն էր, սակայն շուտով նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է ամուսինը՝ Սերգեյ Բագրատի Գրիգորյանը: 2021-ի դեկտեմբերին՝ պետական ֆոնդից ներդրում ստանալուց քիչ առաջ, ՍՊԸ-ն վերակազմավորվել է ՓԲԸ-ի (ֆոնդը 0,5-4 մլն դոլարի ներդրումներ էր կատարում միայն բաժնետիրական ընկերություններում, ինչի դիմաց դառնում էր 25,1-49,9 %-ի բաժնետեր):

«Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում սկզբում 50-50 %-ի բաժնետեր էին Գրիգորյան-Գեւորգյան ամուսինները: 2022-ի մարտ-հունիսին ընկերությունում 700 մլն դրամ «ներարկելու» ընթացքում՝ գարնանը, ՓԲԸ-ի 49 %-ի բաժնետեր է դարձել պետական ֆոնդը, որի բաժնետոմսերը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Բելլա Մանուկյան): Իսկ մնացած 51 %-ի տերը Սուսաննա Գեւորգյանն է:

Եթե 700 մլն դրամ ներդրման դիմաց պետական ֆոնդը ստացել է 49 % բաժնետոմս, ապա ստացվում է, որ 51 %-ի սեփականատեր Ս. Գեւորգյանի (ավելի ճիշտ՝ ամուսինների) ներդրումը ՓԲԸ-ում եւս գնահատվել է մոտավորապես այդքան կամ մի փոքր շատ: Մյուս կողմից՝ «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ «Գլոբալ Քոննեքթում» պետական միջոցներից ներդրում անելուց առաջ ընկերությունն ունեցել է ընդամենը 5 բեռնատար: Բնականաբար, ընկերության արժեքը չի որոշվում միայն ունեցած գույքի ծավալով, սակայն միեւնույնն է՝ ԱՆԻՖ-ի կողմից կատարված գնահատման եւ ներդրման ծավալի որոշման վերաբերյալ հարցեր են ծագում:

Սերգեյ Գրիգորյանը 2022-ի ամռանը հայտարարել էր, որ ԱՆԻՖ-ին դիմելու պատճառը եղել է այն, որ իրենց բեռնատարները չեն բավականացրել հաճախորդների պատվերներն իրականացնելու համար, ինչի հետեւանքով օգտագործել են նաեւ հայկական ու արտասահմանյան այլ ընկերությունների բեռնատարներ, եւ դրանից հետո որոշել են մեծացնել իրենց սեփական ավտոպարկը:

ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունից տեղեկացել ենք, որ «Գլոբալ Քոննեքթը» պետական ֆոնդի ներդրումների շնորհիվ, ի վերջո, ձեռք է բերել 17 բեռնատար:

Ձեռք բերված բեռնատարներից 3-ը (լուսանկարները՝ ԱՆԻՖ-ի ֆեյսբուքյան էջից)

Հիշեցնենք՝ 2022-ին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի վերադաս ԱՆԻՖ-ի տնօրենը Դավիթ Փափազյանն էր, իսկ տնօրենների խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանը:

2024-ի փետրվարին «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ԱՆԻՖ-ի նախկին աշխատակիցներին, գրել էր, որ «Գլոբալ Քոննեքթի» ղեկավար Սերգեյ Գրիգորյանը Դ. Փափազյանի մտերիմ ընկերն է:

Այս տարվա մայիսին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն, անդրադառնալով ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթով նախաքննությանը, որն իրականացնում է Քննչական կոմիտեն, հայտարարել էր, որ դրա եւ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Գլոբալ Քոննեքթի» «համատեղ գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ դրվագներն են քննվում»:

«Հետքը» Վարդապետյանից հետաքրքրվել էր, թե ինչ տեղեկություններ ունեն իրավապահները Դավիթ Փափազյանի եւ Սերգեյ Գրիգորյանի մտերիմ ընկերական հարաբերությունների վերաբերյալ, բացի դրանից՝ նախաքննության ընթացքում ձեռք բերվե՞լ են ապացույցներ առ այն, որ այդ կապը դեր է խաղացել «Գլոբալ Քոննեքթի» կողմից 700 մլն դրամի ներդրում ստանալու հարցում: Դատախազությունից միայն հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ մյուս հարցերին չեն պատասխանել:

«Հետքն» ապացույցներ է գտել այն մասին, որ Գրիգորյանն ու Փափազյանը նաեւ գործընկերներ են եղել, եւ նրանց բիզնես շահերը խաչվել են օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): 

Փափազյանն ու Գրիգորյանը՝ օֆշորում

Դավիթ Փափազյանի եւ Սերգեյ Գրիգորյանի բիզնես կապի մասին ապացույցներ ենք գտել «Պանդորայի փաստաթղթեր» անունով հայտնի թղթապանակում, որը պարունակում է օֆշորային գոտիներից արտահոսած տվյալներ ավելի քան 27 հազ. հատ ընկերության եւ դրանց շուրջ 30 հազ․ սեփականատերերի մասին:

Տվյալներն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք իրենց հաճախորդներին օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորներում ամենատարբեր նպատակներով ձեւական ընկերություններ հիմնել ու կառավարել դրանք: Այդ 14-ից մեկը Trident Trust Group-ն է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԲՎԿ-ում:

Փափազյանին ու Գրիգորյանին առնչվող օֆշորային ընկերությունները ԲՎԿ-ում հիմնադրվել եւ սպասարկվել են Trident Trust-ի կողմից:

Ըստ արտահոսած փաստաթղթերի, որոնց ուսումնասիրությամբ 2021 թվականից իր միջազգային գործընկերների հետ զբաղվում է «Հետքը», Դ. Փափազյանը եղել է 2008-ին ստեղծված Tommy Invest & Finance Corp. ընկերության 50 %-ի սեփականատեր 2009-2014 թթ.: 2014-ի սեպտեմբերին Փափազյանն իր բաժնեմասը փոխանցել է գործընկերոջը՝ Արմեն Գասպարյանին, որը դարձել է միանձնյա սեփականատեր (հատկանշական է, որ փաստաթղթերում երկուսն էլ ներկայացված են մոսկովյան հասցեներով):

Փաստաթղթերից մեկում Սերգեյ Գրիգորյանը հանդես է եկել որպես բաժնեմաս փոխանցող Դ. Փափազյանի վկա, ինչի համար ստորագրել է: Այս ստորագրությունը համընկնում է «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Գրիգորյանի ստորագրությանը, ինչը նշանակում է, որ խոսքը նույն անձի մասին է (տես ստորեւ):

Փափազյանի ու Գրիգորյանի օֆշորային բիզնես կապը երեւում է ԲՎԿ-ում հիմնադրված Marathon S.A. ընկերությունում: Ըստ «Պանդորայի փաստաթղթերի»՝ այստեղ Ս. Գրիգորյանը եղել է տնօրեն (տես ստորեւ): Այն, որ վերջինս եւ «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ի տնօրենը նույն անձն են, ապացուցվում է թե՛ ստորագրություններով, թե՛ երեւանյան հասցեով ու ծննդյան տվյալներով:

Մյուս կողմից՝ Դ. Փափազյանն, ըստ էության, եղել է Marathon S.A.-ի սեփականատերը, քանի որ, ինչպես տեսնում ենք արտահոսած փաստաթղթերում, ընկերության կառավարման վերաբերյալ ցուցումներ է տվել Trident Trust-ին (տես ստորեւ):

Մեզ հայտնի չէ, թե արդյոք երկու ընկերների օֆշորային համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Սակայն թեմայի վերաբերյալ իրենց տեսակետն ու մեկնաբանությունները ներկայացնելու համար հարցումներ էինք ուղարկել Գրիգորյանի ու Փափազյանի անձնական էլեկտրոնային փոստերին, ինչպես նաեւ «Գլոբալ Քոննեքթ» ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստին: Անցել է մեկ շաբաթից ավելի, սակայն որեւէ արձագանք չենք ստացել:

«Գլոբալ Քոննեքթը» ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարության միակ ծանոթը չէր

«Հետքն» արդեն գրել է, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից ներդրումներ ստացած ընկերություններից «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն (CFW), որտեղ 2023-ի մայիսին 1,5 մլրդ դրամ է ներդրվել, առնչություն ունի Երեւանի ներկա քաղաքապետ եւ ԱՆԻՖ-ի այն ժամանակվա տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի հետ: Ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը Ավինյանի կնոջ ընկերուհին է եւ բիզնես գործընկերը:

Գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացման հատկանիշներով, քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, Կարինե Անդրեասյանի եւ ներդրում կատարած ֆոնդի կառավարիչ ընկերության՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի նկատմամբ: Փափազյանի հանդեպ միջազգային հետապնդում է հայտարարվելու, Անդրեասյանի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելք, իսկ Մանուկյանի հանդեպ՝ գրավ:

CFW-ից մեկ ամիս անց՝ 2023-ի հունիսին, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից շուրջ 1,7 մլրդ դրամի ներդրում է ստացել «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ն (Universal Closures): Սրա շահառու տերերն էլ, ինչպես գրել է «Հետքը», Հայաստանի բանկային ոլորտի հայտնի ներկայացուցիչներ են:

2023-ին ֆոնդը եւս մեկ խոշոր ներդրում էր կատարել: Այս անգամ երկու տրանշով 960 մլն դրամ էր ներդրվել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ում (Berrymount), որը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պատկանում է Տ. Ավինյանի դասընկերոջը՝ Դմիտրի Ալեկսեյենկոյին: Այդ ժամանակ Ավինյանը դեռ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր:

Փաստորեն, 2023 թ. հունվար-հունիս ամիսներին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը 4,2 մլրդ դրամ (ներկա փոխարժեքով՝ 11 մլն դոլար) է ներդրել 3 ընկերություններում, որոնք պատկանում են Տիգրան Ավինյանի շրջապատին կամ բանկային ոլորտի ոչ պատահական ներկայացուցիչների: 

Կառավարությունը ներդրում ստացած ընկերություններին կանգնեցրել է երկընտրանքի առաջ

Ինչպես արդեն գրել ենք, այս տարվա օգոստոսի 28-ին Կառավարությունը որոշում է կայացրել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսելու մասին: Որոշումը վերաբերում է ֆոնդի կառավարչին՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր, իսկ 2024-ից մինչ օրս՝ Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ): 

Այսպիսով՝ օգոստոսի 28-ին Կառավարությունը թույլատրել է, որ պետական ֆոնդի կառավարիչն օտարի մասնավոր ընկերություններում ֆոնդի կատարած ներդրումների դիմաց ստացած բաժնետոմսերը: Օտարման գինը հաշվարկվել է այսպես՝ ներդրված գումար + դրա 10,27 %-ը յուրաքանչյուր տարվա համար:

Ինչպես ասվեց, «Գլոբալ Քոննեքթը» 700 մլն դրամ ներդրումը ստացել է 2022 թ. մարտ, ապրիլ եւ հունիս ամիսներին 3 տրանշով՝ 350 մլն + 300 մլն + 50 մլն: Դրանց վրա Կառավարությունը մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 31-ը հաշվարկել է 269 մլն դրամ տոկոսագումար: Արդյունքում ստացվել է, որ 700 մլն դրամի դիմաց ֆոնդի ձեռք բերած 49 % բաժնետոմսերը գործադիրը ցանկանում է օտարել շուրջ 921 մլն դրամով (700 մլն դրամ ներդրում + 269 մլն դրամ տոկոսներ – նախկինում ֆոնդին վճարված 48 մլն դրամ շահաբաժին):

Ֆոնդի կառավարիչը ներդրում ստացած ընկերությունների մյուս բաժնետերերին՝ մասնավոր գործընկերներին, մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը պետք է առաջարկներ ուղարկի՝ մինչեւ 2026 թ. մարտի 31-ը ձեռք բերել պետական ֆոնդին պատկանող բաժնետոմսերը: Այսինքն՝ Կառավարությունը մինչեւ գալիք տարվա մարտի վերջ ցանկանում է ազատվել մասնավոր ընկերություններում ֆոնդի (այլ կերպ ասած՝ իր) ունեցած բաժնետոմսերից:

Առաջարկի հասցեատերերը կարող են գրավոր համաձայնություն տալ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 30-ը: Համաձայնությունը կարող է լինել 2 ձեւի՝ կա՛մ ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերող մասնավոր գործընկերները պետք է կանխավճար մուծեն ստացած ներդրման չափով («Գլոբալ Քոննեքթի» պարագայում՝ 700 մլն դրամ), իսկ մնացած գումարն էլ վճարեն մինչեւ գալիք տարվա մարտի 31-ը, կա՛մ պետք է մինչեւ 10 տարի մարման ժամկետով բյուջետային վարկ վերցնեն, ինչի համար, սակայն, անհրաժեշտ է բանկային երաշխիք ներկայացնել («Գլոբալ Քոննեքթի» պարագայում այդ երաշխիքը հաշվարկվել է մոտ 1 մլրդ դրամ):

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդին պատկանող բաժնեմասերի օտարման առաջարկի պայմաններ

Կարո՞ղ են Սերգեյ Գրիգորյանն ու նրա տիկին Սուսաննա Գեւորգյանը մինչեւ 2026-ի մարտի 31-ը պետությանը վերադարձնել 921 մլն դրամ կամ էլ մտնել բյուջետային վարկի բեռի տակ: Նկատենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ ֆոնդի կառավարիչը բաժնետոմսերն օտարելու մասին միայն առաջարկներ է ներկայացնելու, այսինքն՝ պարզ չէ, թե ինչ է լինելու, եթե մասնավոր գործընկերները չցանկանան ձեռք բերել դրանք ու հրաժարվեն գործարքի գնալ:

Չնայած իրականում Կառավարությունը նրանց գլխին «դամոկլյան սուր» է կախել, ինչի մասին շատ լավ գիտեն հենց իրենք՝ ներդրում ստացած ընկերությունների տերերը: Խոսքը ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթի մասին է, որում շոշափվում են բազմաթիվ ընկերությունների անուններ, այդ թվում՝ նրանց, որոնք «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից միլիոնավոր կամ միլիարդավոր դրամներ են ստացել: Ինչպես ասվեց վերեւում, «Գլոբալ Քոննեքթի» անունը եւս քրեական վարույթում է:

Կառավարության օգոստոսյան վերոնշյալ որոշման նախագիծը քննարկելիս Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (պետական ֆոնդի կառավարչի վերադաս Պետգույքի կառավարման կոմիտեն իր հերթին ենթարկվում է ՏԿԵՆ-ին) հայտնել է, որ նախագիծը մշակելու ընթացքում առանձին-առանձին քննարկումներ են կազմակերպվել բոլոր մասնավոր գործընկերների հետ: Սրանցից 4-ը, այդ թվում՝ «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ն, ներկայացրել են ֆոնդի բաժնետոմսերի գնման իրենց առաջարկները, որոնք, սակայն, ըստ ՏԿԵՆ-ի, վատ առումով տարբերվել են այն բաժնետիրական համաձայնագրերի պայմաններից, որոնց հիման վրա ժամանակին ֆոնդը ներդրումներ է արել այդ ընկերություններում: ՏԿԵՆ-ի տեղեկացմամբ՝ մասնավոր գործընկերների առաջարկները հիմնականում ենթադրել են ֆոնդի կողմից ներդրված միջոցների գումարի չափով (որոշ դեպքերում՝ փոքր-ինչ ավել) հետվերադարձ տարաժամկետ վճարումներով՝ մինչեւ 5 տարի ժամկետում։ Այսինքն՝ այս 4 ընկերությունների տերերը պետությանն առաջարկել են մինչեւ 5 տարում հետ տալ ֆոնդի ներդրումները կամ մի փոքր ավելին (տոկոսների մասին խոսք չկա), սակայն մերժում են ստացել:

Փաստորեն, հիմա նրանք կանգնել են լուրջ ընտրության առաջ՝ կա՛մ համաձայնել Կառավարության առաջարկած երկու տարբերակներից մեկին, կա՛մ չգնալ գործարքի եւ, ըստ էության, դառնալ պետական համակարգի «աչքի փուշը»՝ բոլոր հետեւանքներով հանդերձ:

Առաջին նկարում՝ Դավիթ Փափազյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter