«Ֆլայուան Արմենիան» ՀՀ-ում գրանցված ինքնաթիռների թիվը հասցրել է 5-ի, նախատեսվում է եւս 3-ի ժամանումը
Հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին 2 ինքնաթիռ է ավելացրել իր շարժակազմին:
Ինչպես արդեն գրել ենք, 2025-ի նոյեմբերին ավիափոխադրողը հայտարարել էր 3 հատ Airbus A320 տիպի օդանավ ձեռք բերելու մասին, որոնց համար, ըստ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի, ներդրվել է ավելի քան 70 մլն դոլար:
Դրանցից առաջինը ՀՀ գրանցում (EK-FOE) է ստացել հունվարի 29-ին: Նախորդ հոդվածում նշել էինք, որ 2009 թ. արտադրված այս օդանավը հունվարին Երեւան ժամանելուց հետո թռել է կիպրական Լառնակա, որտեղ, ըստ էության, պիտի տեխսպասարկում անցներ: EK-FOE-ն Կիպրոսից Հայաստան է վերադարձել փետրվարի 20-ին եւ ամսի 21-ից անցել «Ֆլայուան Արմենիայի» թռիչքների սպասարկմանը: Նկատենք, որ այս բորտը մարտի 3-ին էվակուացիոն թռիչք է կատարել Օմանի մայրաքաղաք Մասկատից Երեւան՝ տեղափոխելով, մասնավորապես, տարածաշրջանում բռնկված պատերազմի եւ օդային սահմանների փակման հետեւանքով ԱՄԷ-ում մնացած մեր հայրենակիցներին: Երկրորդ չվերթն, ըստ էության, կլինի այսօր՝ մարտի 4-ին. EK-FOE-ն ժամեր առաջ արդեն ժամանել է Մասկատ:
Նախորդ հոդվածում անդրադարձել էինք նաեւ «Ֆլայուան Արմենիայի» ձեռք բերած երկրորդ A320-ին, որը, ըստ planespotters.net-ի, պետք է ՀՀ-ում գրանցվեր որպես EK-FOG: Այդպես էլ եղել է: Փետրվարի 10-ին Երեւան տեղափոխված ինքնաթիռը ՀՀ գրանցում (EK-FOG) է ստացել ամսի 18-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեից: Ըստ ՔԱԿ-ի՝ EK-FOG-ը Հայաստանում գրանցվել է կոնկրետ ժամկետով՝ մինչեւ այս տարվա օգոստոսի 17-ը («Ֆլայուան Արմենիայի» մյուս ինքնաթիռների գրանցումներն անժամկետ են): EK-FOG-ը թռիչքներ է կատարում փետրվարի 25-ից:
Այսպիսով՝ ներկա պահին «Ֆլայուան Արմենիան» ունի մեր երկրում գրանցված 5 ինքնաթիռ՝ 4 հատ Airbus A320 (EK-FOB, EK-FOC, EK-FOE, EK-FOG) եւ 1 հատ Airbus A321 (EK-FOD): Սրանցից EK-FOB-ն ներկայում չի շահագործվում եւ կանգնած է «Զվարթնոցում»:
«Ֆլայուան Արմենիայի» գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը հայտարարել է, որ 2026 թ. ընկերությունը 50 մլն դոլարի ներդրում է կատարել՝ եւս 2 օդանավ գնելու համար (ստացվում է, որ միայն այս տարի փոխադրողի շարժակազմը կհամալրվի 5 ինքնաթիռով, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ EK-FOE-ից ու EK-FOG-ից հետո մյուս 3-ը եւս գրանցվեն ՀՀ-ում եւ ոչ թե այլ երկրում): Ըստ Խաչատրյանի՝ 2 ինքնաթիռի ձեռքբերումով «Ֆլայուան Արմենիայի» սեփական օդանավերի թիվն այս տարի կհասնի 10-ի (կրկնենք՝ ներկա պահին ՀՀ-ում գրանցված են սրանցից 5-ը):
Հիշեցնենք, որ այս ավիաընկերության 54 տոկոսը պատկանում է գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերձավորներին (50 տոկոսը՝ պաշտոնյայի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին, 4 տոկոսը՝ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին), իսկ 46 տոկոսը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը:
Բացի Հայաստանում գրանցված օդանավերից՝ «Ֆլայուան Արմենիան» ժամանակ առ ժամանակ վարձակալում է նաեւ հայկական ու արտերկրյա այլ օպերատորների ավիապարկերում գրանցված ինքնաթիռներ: Պատճառը թռիչքների խիտ գրաֆիկն է, ինչպես նաեւ հայկական ավիացիայի՝ մինչ օրս ԵՄ «սեւ ցուցակում» գտնվելը, ինչի պատճառով ՀՀ գրանցումով օդանավերը իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք (այս արգելքը շրջանցելու լավագույն ձեւը օտարերկրյա օպերատորներից «թաց վարձակալությամբ» ինքնաթիռ վերցնելն է):
Առաջին լուսանկարում՝ EK-FOE-ի հանդիսավոր դիմավորումը «Զվարթնոցում», լուսանկարները՝ «Ֆլայուան Արմենիայի» ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել