HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարգացման անվան տակ Ադրբեջանը մշակութային ժառանգություն է ոչնչացնում Արցախում. ահազանգում են գիտնականները

Այսօր հայ գիտնականներն Արցախի ներկա վիճակի մասին տեղեկություններ վերցնում են միայն արբանյակային լուսանկարներից ու ադրբեջանական մեդիադաշտից. այլ հնարավորություն չկա: Նրանք հետեւում են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման դեպքերին, դրանք գրանցում ահազանգերի բաժնում, փորձում հասկանալ Ադրբեջանի վարած մշակութային քաղաքականության շերտերը: Գիտնականները սա անում են՝ ցավը սեղմելով, առանց հուզական դրսեւորումների, ակադեմիական անկողմնակալությամբ: Նրանց փաստագրական աշխատանքի արդյունքը հասնում է մինչեւ Հաագայի միջազգային դատարան, Եվրախորհդրարան: Հեղինակները, սակայն, մնում են վարագույրից այն կողմ:

Ի՞նչ է կատարվում Արցախում ներկայում, ի՞նչ մշակութային ժառանգություն է ոչնչացվում, ինչպե՞ս է ջնջվում հայկական հետքը, ի՞նչ մշակութային ժառանգություն ունենք Արցախում, եւ դրա հանդեպ ի՞նչ մշակութային քաղաքականություն է վարում Ադրբեջանը. այս եւ այլ հարցերի պատասխաններ են հետազոտում «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագրի անդամները:

Նախաձեռնություն, որի «հեղինակը» պատերազմն էր

44-օրյա պատերազմի առաջին օրերն էին: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն իր ուսանողներից մի քանիսի հետ մեկնել էր Արցախ՝ այնտեղ գտնվող թանգարանային, հնագիտական հավաքածուներն անվտանգ վայր տեղափոխելու համար: Պրոֆեսոր Պետրոսյանն ասում է՝ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նման վախճան պետք է լիներ: Պատերազմից հետո, սակայն, պարզ էր, որ անհրաժեշտ է մշտադիտարկել Արցախի մշակութային ժառանգության վիճակը:

«Monument Watch-ի ստեղծման գաղափարի «հեղինակը» դարձավ հենց ինքը՝ 44-օրյա պատերազմը: Այնպես չէ, որ հատուկ միտք ունեինք, ուղղակի իրավիճակն այնպիսին էր, որ շատ հանկարծակի այդ ամենը տեղի ունեցավ»,- նշում է Monument Watch ծրագրի գիտական ղեկավարը:

Նախաձեռնության մասին զրուցել էին նաեւ 44-օրյայի ժամանակ Հայաստանում գտնվող Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO, Փարիզ) պրոֆեսոր, հետազոտող, դասախոս Աննա Լեյլոյան-Եկմալյանի հետ: Նա Monument Watch ծրագրի մյուս գիտական ղեկավարն է: Հ. Պետրոսյանը նշում է, որ իրենք, տասնամյակներով աշխատելով Արցախում, մասնագիտորեն լիովին պատրաստ էին այս ծրագրին, այնինչ այսօր շատերն Արցախին անդրադառնում են ավելի շատ հուզական ֆոնով, բայց ոչ մասնագիտական կարողությունների դիտանկյունից:

Monument Watch-ի թիմը, ըստ «Հետքի» զրուցակցի, նախեւառաջ ձեւավորվել է մասնագիտական կարողությունների հիման վրա: Թիմում ունեն լավ հնագետներ, ճարտարապետներ, մշակութային քաղաքականության մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս հասկանալու, թե Ադրբեջանն ինչ է ուզում եւ ինչ է անում Արցախում:

Աշխատանքներն սկսել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: 6 ամիս անց՝ 2021 թ. մայիսի 15-ին, գործարկվել է Monument Watch-ի եռալեզու կայքը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ծրագրային թիմի գործունեության հիմքում դրվել է ակադեմիական չեզոքության սկզբունքը:

«Մեր խնդիրն է ներկայացնել իրականությունը, օբյեկտիվությունը, ակադեմիական տեսանկյունից դիտարկել մշակութային ժառանգության պահպանության խնդիրները»,- նշում է Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուրադյանը:

Պրոֆեսոր Պետրոսյանը նշում է, որ իրենք հանդես չեն գալիս որպես պրոպագանդիստներ, հակապրոպագանդայով չեն պատասխանում Ադրբեջանին, այլ հետազոտում են մասնագիտական կարողությունների եւ ակադեմիական բարեվարքության սահմաններում։ «Սա շատ կարեւոր է այն առումով, որ ցավը հաճախ ստիպում է դիմել ե՛ւ չափազանցության, ե՛ւ հուսահատության, ե՛ւ սրան-նրան ամոթանք տալուն, ինչը նույնպես մարդկային է եւ ընդունելի, բայց հազիվ թե տեղին է գիտական հանրույթի համար։ Այսինքն՝ ցավերը, որ մեզնից ամեն մեկն ունի, կորուստները, որ ունեցել ենք, այդ ամենը պետք է էապես չերեւան այն գործում, որին հետեւում ենք։ Այս տեսակետից մեր դասերն ավելի խորքային ու ընդարձակ են»,- ասում է Համլետ Պետրոսյանը, որը նաեւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավարն է:

Նրա դիտարկմամբ՝ երբ խոսում ենք մշակութային ժառանգության մասին, հաճախ բավարարվում ենք արձանագրումով, որ Ադրբեջանն այս բնակավայրը կամ հուշարձանը ջնջեց, այսինքն՝ վավերացնում ենք նյութականացված վանդալիզմի հետքերը, ինչը, սակայն, ստվերում է Ադրբեջանի շատ ավելի խորամանկ քաղաքականությունը:

«Մենք միայն ռազմականորեն չենք պարտվել»

Այսօր Արցախում Ադրբեջանի վարած մշակութային քաղաքականության երեք մոտեցում է առանձնացնում պրոֆեսոր Պետրոսյանը:

Առաջինը օկուպանտական քաղաքականությունն է: Ադրբեջանը հայտարարում է, թե իբր հայերն օկուպացրել են իրենց երկիրը, եւ որ անկախության տարիներին ստեղծված ամբողջ ժառանգությունը օկուպանտական է: Եվ ըստ ադրբեջանցիների՝ որեւէ դատավոր կամ դատարան չի կարող իրենց ասել, թե ինչու են ոչնչացնում իրենց տարածքում օկուպանտների թողածը: «Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, կարծես թե, լիովին բավարարում է այդ մոտեցումներին»,- նկատում է գիտնականը:

Երկրորդ մոտեցումն այն է, որ Ադրբեջանը ոչ թե մտադիր է ոչնչացնել համաշխարհային մշակութային ժառանգության դասական օրինակները, օրինակ՝ Դադիվանքը, Գանձասարը կամ Ամարասը, այլ ասել, որ դրանք հայկական չեն:

«Այսինքն՝ ադրբեջանական քաղաքականության երկրորդ կարեւորագույն լծակն է՝ մինչեւ 19-րդ դարը եղած ժառանգությունը համարել ոչ թե հայկական, այլ աղվանական։ Դրա միակ հիմքն այն է, որ Արցախն ու Ուտիքը մոտավորապես 5-րդ դարի կեսերից մտնում էին Աղվանից կաթողիկոսության մեջ։ Աղվանից կաթողիկոսությունը Հյուսիսային Կովկասի ցեղերի, Մերձկասպյան տափաստաններում ապրող բնիկների եւ Արցախի ու Ուտիքի հայության միասնական եկեղեցին էր։ Կաթողիկոսները խոսում էին միայն հայերեն, գիտեին հայերեն, գրում էին հայերեն, բայց իրենք իրենց հորջորջում էին աղվանից կաթողիկոս»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, գրել, բայց իրենց հետազոտական թիմի համար կարեւոր են գիտական անկեղծությունն ու փաստերը չաղավաղումը:

Երրորդ մոտեցումը, որ հաճախ անտեսվում է, արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումն է ադրբեջանական քաղաքականության մեջ:

«Օրինակ՝ արձանագրության մեջ կարդում եմ. ես՝ Հասան Ջալալ, կանգնեցրի խաչս վասն փրկության։ Արհեստական բանականության 40-100 օգտատերեր գրում են՝ Համլետ Պետրոսյանի այս ընթերցածը կասկած է հարուցում: Հասկանո՞ւմ եք։ Եվ այդպես մեր բոլոր կարեւոր ձեռքբերումները, որոնք «2 x 2 = 4» են, այսօր արհեստական բանականության հմուտ օգտագործման շնորհիվ Ադրբեջանի կողմից կասկածի տակ են առնվում: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքները, իմ գրածները կամ հայագետների արած լուրջ պնդումները հրապարակային կասկածի տակ են առնում»,- ասում է Հ. Պետրոսյանը՝ ավելացնելով, որ չի կարծում, թե այդ տեսակետից պայծառ ապագա է սպասվում մեզ:

«Սա ընդհանուր մոտեցումն է, որ ուզում եմ, որ մեր ընթերցողները, մարդիկ, ովքեր ընդհանրապես մտածում են այս մասին, հասկանան. մենք միայն ռազմականորեն չենք պարտվել: Չեմ ուզում խոսել տրավմայի, հոգեբանական խնդիրների մասին, արցախահության այսօրվա կատաստրոֆիկ վիճակի մասին, բայց որպես ինտելեկտուալ, զգում եմ նաեւ ինտելեկտուալ ասպարեազում, որտեղ միանշանակ առաջամարտիկ ենք եղել, ու Ադրբեջանի ոչ մի հնագետ, պատմաբան չէր կարող մեզ հետ ոտք գցել, հիմա շնորհիվ ինչ-որ քաղաքականության, ինչ-որ տեխնոլոգիաների, կարծես թե, այդ ամենը էապես փոխվում է, եւ մեր խնդիրը՝ այսպես կոչված, միջազգային գիտական հանրույթին գիտական ճշմարտություններ ներկայացնելը, շատ ավելի դժվարանում է»,- պարզաբանում է Monument Watch-ի գիտական ղեկավարը:

Արցախում Ադրբեջանը զարգացման անվան տակ գերեզմանոցներ է ոչնչացնում

Համլետ Պետրոսյանը նշում է, որ Ադրբեջանի համար ամենամեծ խոչընդոտը 18-19-րդ դարերի արցախյան բնակավայրերն են, որոնք կազմում են բնակավայրային համալիրների ավելի քան 95 տոկոսը։ Դա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ արցախյան բոլոր բնակավայրերն ունեն որոշակի ճարտարապետական կերպար, դրանցում կան գերեզմանոցներ, եւ եղած հնությունների մի մասը թվագրվում է 9-10-րդ դարերով, շատ են 13-14-րդ դարերի հուշարձանները, իսկ 18-19-րդ դարերինը՝ ավելի շատ:

Ներկայում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների, գերեզմանոցների ոչնչացման պատրվակներից մեկը ճանապարհաշինությունն է: Օրինակ՝ Սղնախի, Շուշիի, Եղցահողի եւ այլ բնակավայրերի գերեզմանոցները քանդել են իբր զարգացում բերելու պատճառաբանությամբ:

«Ադրբեջանն այսօր տենդագին ծրագրեր է մշակում՝ զարգացման անվան տակ բնաջնջելու 18-19-րդ դարերի հայկական հետքերը»,- ասում է գիտնականը: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, հայկական կողմը, Հայաստանի իշխանությունը կարող է գոնե խաղաղության պայմանագրի շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության խնդիրներին: «Գերեզմանոցը հո Ադրբեջանի թշնամին չէ, որ տանեն դատեն: Մշակույթը, իմ կարծիքով, հատուկ վերաբերմունքի դեպքում ամենաչեզոք մի բան է։ Կարճ ասած՝ չկա հուշարձան, չկա պատմություն, չկա հիշողություն»,- եզրափակում է գիտնականը:

Ի՞նչ են հետազոտում

Monument watch-ի թիմը մի քանի ուղղությունով է շարժվում: Նախեւառաջ, ըստ ծրագրի գործառնական պատասխանատու Հայկուհի Մուրադյանի, ներկայացնում են նյութական ժառանգությունը: Մինչ օրս կայքում տեղադրել են տեղեկություններ 450 հուշարձանի մասին, որոնք ներկայացված են ակադեմիական, մասնագիտական նկարագրությամբ: 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախը դեռեւս հայկական վերահսկողության տակ էր, աշխատակից ունեին Արցախում, որը կարողանում էր տեղում մոնիտորինգ իրականացնել, ներկայացնում էին հուշարձանների վիճակը, ուխտագնացությունները, վանդալիզմի դեպքերը:

2023 թ․ Արցախի ամբողջական կորստից հետո մոնիտորինգը կատարվում է մեդիադաշտի ուսումնասիրության եւ արբանյակային լուսանկարների միջոցով։

Մինչ օրս կայքում տեղադրվել է 250 ահազանգ, որոնք բարձրաձայնում են Արցախում հուշարձանների, թանգարանների, պատմական գերեզմանոցների ավերման, ոչնչացման մասին: Ահազանգերը ներկայացնում են փաստերով:

«Մի կողմից՝ ներկայացնում ենք մշակութային ժառանգությունը, թե ինչ ունեինք, թվային ճանապարհով պահպանենք, հանրայնացնենք եւ փոխանցենք, մյուս կողմից՝ խոսում ենք մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերի մասին, թե Ադրբեջանն ինչ կոնվենցիաներ է խախտում, ու ինչպես պետք է միջազգային հանրությունը գոնե արձագանքի այդ դեպքերին»,- նշում է Հ. Մուրադյանը:

Ըստ նրա՝ կայքի գործունեության հիմնական նպատակն է Արցախի մշակութային ժառանգությունը հանրայնացնելը եւ ինչ-որ կերպ վանդալիզմին կանխարգելիչ ուժ դառնալը, որովհետեւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո էյֆորիայի մեջ գտնվող ադրբեջանցիները հուշարձանների պղծման կամ վնասման, ոչնչացման տեսանյութեր էին արագորեն հրապարակում տարբեր սոցցաներում, բայց այսօր շատ զգուշավոր են դարձել, ու դժվար է լինում ֆիքսել, փաստագրել, թե իրականում հիմա ինչ է տեղի ունենում:

Ծրագրային թիմի հետազոտական աշխատանքները հրատարակվում են նաեւ առանձին գրքերով: Համլետ Պետրոսյանը նշում է, որ լուրջ մասնագիտական կենտրոններում այդ գրքերը պահանջված են, եւ իրենք շարունակելու են այս գործը:

Արբանյակային լուսանկարներ եւ փաստահավաք աշխատանք

Monument Watch-ը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ: Հ. Պետրոսյանն ու Հ. Մուրադյանն առանձնացնում են շեշտում են «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը (Caucausus Heritage Watch), որն արբանյակային լուսանկարներով արձանագրում է ադրբեջանցիների կողմից մշակութային վանդալիզմի դեպքերն Արցախում:

Հայկուհի Մուրադյանը հատկապես կարեւորում է փաստահավաք աշխատանքն ու նշում, որ միջազգային մարմինների որոշումների եւ բանաձեւերի հիմքում հենց փաստահավաք աշխատանքն է:

Monument Watch-ի գործառնական պատասխանատուն ասում է, որ նպատակ ունեն չեզոք փաստահավաք աշխատանքով օգնել միջազգային կենտրոններին եւ դառնալ այն հիմնական աղբյուրը, որին հղում անելով, այդ կենտրոններն իրենց գործն առաջ կտանեն, իսկ իրենք կդառնան չեզոք ակադեմիական աղբյուր:

Ադրբեջանը երբեմն կարող է մոլորեցնել կեղծ վանդալիզմի դեպքերով

Պրոֆեսոր Պետրոսյանը եւս նկատում է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության փաստագրման գործընթացն այսօր բարդացել է: Ընդգծում է, որ Ադրբեջանն սկսել է նաեւ վանդալիզմի կեղծ դեպքեր տարածել, որպեսզի հայկական կողմը աղաղակի աշխարհով մեկ այդ մասին, իսկ հետո իրենք հայտարարեն, թե հայերի տարածած լուրերը սուտ են:

Monument Watch-ի գիտական ղեկավարն ասում է, որ իրենք հաճախ չեն գրում մշակութային ժառանգության այն ոչնչացումների կամ խեղումների մասին, որոնց վերաբերյալ համոզված չեն եւ հասկանում են, որ այդպես կարող են Ադրբեջանի կեղծիքի թակարդն ընկնել:

Ֆինանսական դժվարությունները

Թիմն աշխատում է ֆինանսական դժվարություններով, բայց Հ. Պետրոսյանը նշում է, որ կան աջակիցներ, որոնք իրենց կողքին են: «Արտեմ Քոչարյանի, Ռուբեն Գալչյանի, մոսկովյան «Դիալոգ» ՀԿ-ի անուններն եմ հատուկ ուզում շեշտել, որովհետեւ նեղն ընկած տեղն իրենք միշտ օգնության են հասնում մեզ: ՀՀ կառավարությունն էլ ինչ-որ չափով մեզ աջակցում է: Ճիշտ է, փոքրանում է այդ աջակցությունը, բայց դա էլ կա, ինչի համար շնորհակալ ենք»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:

«Մի քանի անգամ ասել եմ, ինչ-որ մարդկանց դուր չի եկել. այդպես 19-րդ դարի վերջում աշխատում էին Մխիթարյան միաբանությունում, երբ մարդիկ ուղղակի իրենց նվիրում էին՝ ո՛չ պետություն կար, ո՛չ հովանավոր, հիմա մենք այդ կարգավիճակում ենք։ Քանի անգամ կողքից ակնարկներ են հնչել՝ ինչո՞ւ Արցախի մշակութային ժառանգություն, ինչո՞ւ ոչ Ղարաբաղ: Այսինքն՝ մեզ պիտի պարտադրեն, թե ինչ եզրաբանություն օգտագործենք։ Մենք կարո՞ղ ենք խոսել Անիի, Վասպուրականի, Վանի մասին, թե՞ պիտի թուրքական համապատասխան վիլայեթների անուններով խոսենք։ Իրավիճակն այնպիսին չէ, որ զգանք, թե մեզ թեւավորում են, աջակցում են, ոչ, ուղղակի մեզ նման եզակի մարդիկ կան, որոնք օգնում են, ինչի համար շնորհակալ եմ»,- ասում է գիտնականը:

Այդուհանդերձ, շեշտում է, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ իրենք շարունակելու են աշխատել: Նշում է, որ այսօր Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ պետական քաղաքականություն չի տարվում:

«Ես Դվինի արշավախմբի ղեկավարն եմ, կարող եմ, չէ՞, ասել՝ ցտեսություն, Արցա՛խ, ես Դվինով եմ զբաղվում: Եվ մարդիկ իրավունք ունեն, շատերը վերադիրքավորվում են, վերակողմնորոշվում են։ Հիմա այս ծանր պայմաններում որեւէ մեկին ասել՝ ինչո՞ւ չես գրում Արցախի մասին… Արցախին փող չեն տալիս, չեն հարգում, ինչքա՞ն պիտի բոլորին համոզեմ: Արժանապատվությունից հասկացող մարդիկ կան, որոնք քիչ չեն, բայց ցրված են, միավորված չեն․․․ Մենք, կարծես, մի փոքրիկ օազիս լինենք եւ այդպես էլ փորձելու ենք շարունակել»,- ասում է Monument watch-ի գիտական ղեկավարը:

«Ամենամեծ մարտահրավերը մեր անտարբերությունն է»

-Պարոն Պետրոսյան, ո՞րն եք համարում մեր ամենամեծ մարտահրավերը:

-Ամենամեծ մարտահրավերը համարում եմ մեր անտարբերությունը մեր ճակատագրի հանդեպ, ամենամեծ մարտահրավերը քաղաքական հանրույթ ստեղծելու մեր անկարողությունն է։ Երբեմն լինում է՝ մարդիկ պարտվում են, պետությունները պարտվում են, բայց երբ քո գաղափարի չափով հասկանում ես, որ պարտված լինելը մեր կեցության ձեւն է…- արձագանքում է գիտնականն ու, թվարկելով անցյալի օրինակները, նշում, թե ստացվում է, որ մեր նախնիներն էլ մեզ նման են ապրել՝ ոչինչ չեն նախաձեռնել, տրտնջացել են իրենց վիճակից ու սպասել փրկիչների՝ խաչակիրներ, ռուսներ եւ այլն:

-Եթե էական աշխարհաքաղաքական փոփոխություն չլինի, հազիվ թե մեր վիճակը լավանա։ Մենք ցույց տվեցինք, որ ի վիճակի չենք, եւ դա ինձ համար ամենամեծ մարտահրավերն է, ամենամեծ ողբերգությունը։ Սա համազգային պարտություն է, համազգային ողբերգություն, եւ ինձ համար բացարձակապես ընդունելի չեն այդ լավատեսական շինծու նոտաները, եւ դրա ամենակարեւոր վկայություններից մեկը մեր անտարբեր վիճակն է Արցախի ժառանգության հանդեպ,- եզրափակում է Համլետ Պետրոսյանը:

Առաջին լուսանկարում՝ Մելիք Հայկազի ապարանքը Քաշաթաղի շրջանում (monumentwatch.org կայքից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter