HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Դիսկոմֆորտի էսթետիկան. Shortparis-ը և Նիկոլայ Կոմյագինը 

Shortparis-ի տեսահոլովակները ստիպում են սառել հիացմունքից կամ զզվել, չկա միջին վիճակ։ 2012 թվականին Սանկտ Պետերբուրգում հիմնված փորձարարական, պոստ-փանկ, ավանգարդ ռոք ժանրում ստեղծագործող Shortparis խումբը գտավ լեզու, որով խոսում է Ռուսաստանի մասին՝ շրջանցելով պետական և ընդդիմադիր կլիշեները։ Նրանք չեն քարոզում, նրանք բացում են վերքը։ Մթերային խանութներ, լքված կաթսայատներ, դպրոցական սպորտ դահլիճներ, զորամասեր. Shortparis-ն աշխատում է կոլեկտիվ հիշողության հետ՝ առանց նոստալգիայի։  «Страшно», «Яблонный сад», «Так закалялась сталь» հոլովակները դիտողին կլանում են՝ առաջացնելով հակասական զգացողություններ՝ տագնապից մինչև էսթետիկ հաճույք։ 

Խմբի վոկալիստ (frontman), մասնագիտությամբ արվեստաբան, բանասեր Նիկոլայ Կոմյագինն իր պրովոկացիոն երգերով, հոլովակներով բարձր էսթետիկան լայն զանգվածներին հասցնելու իր ձևաչափը բերեց։ Այնտեղ, որտեղ մյուսները փնտրում էին հարմոնիա, Shortparis-ն ընտրում էր  դիսոնանս, այնտեղ, որտեղ սպասում ես ռիթմիկ լուծման, հարվածը փոքր-ինչ ուշանում է, յուրաքանչյուր դադար այստեղ սեղմված բռունցք է։

Տասնհինգ տարվա ընթացքում Shortparis-ը ծայրահեղական, դժվարամարս, ինտելեկտուալ արվեստը դարձրեց համազգային երևույթ։ Նրանք ապացուցեցին, որ դիսկոմֆորտը կարող է դառնալ մեթոդ։ Խմբի հիմնադիր Նիկոլայ Կոմյագինը Նովոկուզնեցկ քաղաքից է։ Արդյունաբերական շրջանում մեծացած Նիկոլայի փորձառությունը դարձավ խմբի հնչողության հիմքը․ ծանր, մեխանիկական, երբեմն սպառնալից ռիթմեր, որտեղ լսելի են մետաղի ճռռոցը, փակ տարածքի արձագանքները։ Ստեղծագործական կյանքին զուգահեռ նա դասավանդում էր դպրոցում և աշխատում Սանկ Պետերբուրգի XX-XXI դարերի արվեստի թանգարանում։

Նրա այս երկկենցաղ կյանքն ապշեցնող է։ Թատերական, պերֆորմատիվ մտածողությամբ Կոմյագինը հոլովակներում և համերգներին տրվում էր ամբողջությամբ, նա օգտագործում էր մարմինը՝ որպես երաժշտական առանձին բաղադրիչ։ Կոմյագինն այն անվանում էր «երաժշտական ֆիզիկա»․ մարմինը աշխատում էր որպես ձայնի շարունակություն։ Շարժումները խորեոգրաֆիա չէին, դրանք ցավի արձանագրում էին կամ էքստազի բռնկում, երաժշտությունը դառնում էր ոչ միայն լսելի, այլև տեսանելի։

2025 թ. փետրվարի 20-ին Shortparis խմբի մենեջեր Մարինա Կոսուխինան տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Նիկոլայն այլևս մեզ հետ չէ։ Խնդրում եմ լրագրողներին հարգանք ցուցաբերել և մոտ ժամանակներս մեզ չանհանգստացնել»։ Կոմյագինը 39 տարեկան էր։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր բռնցքամարտի մարզումից հետո, սիրտը չէր դիմացել։

Նիկոլայ Կոմյագինը կանոններ թելադրող արվեստագետի հազվագյուտ օրինակ էր։ Shortparis-ը  պատմություն է ծայրահեղ ազատության մասին՝ տոտալ կոմպրոմիսների դարաշրջանում։

Հոդվածում օգտագործված նկարները Shortparis խմբի տեսահոլովակներից էկրանապատկերներ են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter