2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 8.1%-ը Իրանից է
2025 թվականին Հայաստան է այցելել 182 364 իրանցի զբոսաշրջիկ։ Դա կազմում է նույն տարում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 8.1%-ը։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ Աշխարհագրական բաժանումը արվել է՝ ըստ զբոսաշրջիկների քաղաքացիության։
Նախորդ տարվա համեմատ Հայաստան այցելած Իրանի քաղաքացի զբոսաշրջիկների թիվն աճել է 3.3%-ով։
Հայաստան եկած զբոսաշրջիկների կազմում իրանցիները չորրորդ տեղում են։ Զիջում են միայն Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկներին։
Մնացած բոլոր երկրներից շատ ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան։
Իրանական ներդրումները Հայաստանում
Հայաստանի Վիճակագրական կոմիտեն օտարերկրյա ներդրումները ներկայացնում է խրթին վիճակագրությամբ, որից կարելի է ընդամենը ենթադրություններ կատարել այս կամ այն երկրի ներդրումների մասին։
Վերջին տվյալներով՝ 2025 թվականի առաջին ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, Իրանից Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը մինուսով են։
Զուտ հոսքերը ցույց են տալիս տվյալ ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունները: Հետևաբար, եթե ցուցանիշը բացասական է՝ մինուսով, նշանակում է իրանական ներդրումների գծով ավելի շատ փող է դուրս եկել Հայաստանից, քան՝ մտել։
2025-ի հունվար-սեպտեմբերին Իրանից կատարված օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում կազմել են -1.7 մլրդ դրամ։ Իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ ընդամենը 7.6 մլն դրամ, այսինքն՝ ՕՈՒՆ-ի գծով թեև ցուցանիշը մինուսով չէ, սակայն չնչին է։
Իրանական ներդրումները հոսել են հիմնականում էներգետիկայի ոլորտում։
Մեկ այլ վիճակագրությամբ, որը կրկին ներկայացնում է Վիճակագրական կոմիտեն, 1988թ. մինչև 2025թ. սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների հանրագումարը (միայն ստացումները՝ առանց մարումների), կազմել են 43 միլիարդ դրամ։ Դա նույն ժամանակահատվածում Հայաստանում կատարված ներդրումների համախառն հոսքերի 0.24%-ն է կազմում։
Տե՛ս նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել