HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ թոշակների բարձրացման համար միջոցներ կան

Կառավարության մարտի 5-ի նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ «Հետք»-ի հրապարակմանը, որ Ֆինանսների նախարարությունը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում։

Թոշակների եւ նպաստների բարձրացման մասին որոշման նախագծի ամփոփաթերթում Ֆինանսների նախարարությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկել էր տարվա ընթացքում կատարված տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը և այսուհետ ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից։

Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստում հայտնեց՝ հրապարակված փաստաթուղթն աշխատանքային քննարկումների փուլում արված դիտարկում է եղել, Կառավարությունն արդեն իսկ քննարկել է այդ հարցը և լուծումները նախապես գտել է հենց Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի հետ։ 

«Առնվազն մեր քննարկումները ցույց են տվել, որ մենք երկու բան ենք անելու։ Առաջին՝ լրացուցիչ հատկացումները կատարելու ենք եռամսյակային կտրվածքով, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարելիությունը մշտապես լինի մեր տեսադաշտում և խելամիտ կարգավորումների ներքո։

Երկրորդ՝ վստահ ենք, որ ավելի բարձր տնտեսական աճի բազայի վրա նոր հարկային եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրագործվելու են։ 

Առնվազն այս ավելացման կեսն ապահովված է լինելու լրացուցիչ հարկային եկամուտներից, որի մասին տարվա ընթացքում կխոսենք, իսկ մնացած մասը և՛ պահուստային ֆոնդում էդպիսի հնարավորություն ունենք, և՛ ծախսերի վերաբաշխման եղանակով հնարավորություն ունենք, տարվա ընթացում կառավարելու ենք,- հայտնեց փոխվարչապետը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ նշեց՝ նախարարության դիտարկումը եղել է այն մասին, որ նախագծի մեջ բացահայտված չէ ֆինանսավորման աղբյուրը, բայց իրենք քննարկման ժամանակ այդ աղբյուրները հստակեցրել են, ըստ այդմ՝ որոշել են, և որևէ խնդիր չկա։

Թեև ֆինանսների նախարարը ներկայում խնդիր չի տեսնում, նախագծի վերաբերյալ իր ղեկավարած գերատեսչությունը հստակ դիրքորոշում էր հայտնել՝ այն գնահատելով բավական ռիսկային։

 «Հաշվի առնելով ներկայացված առաջարկի քաղաքական և սոցիալական հնչեղությունը, այդուհանդերձ, ֆիսկալ կայունության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 2026թ. և հետագա տարիների համար ընթացիկ ծախսերի էական աճին, ինչը հանգեցնելու է հետագա տարիներին բազային բյուջեի սոցիալական ծախսերի զգալի իներցիոն աճերի և էապես սահմանափակելու է ՀՀ կառավարության՝ այլ ուղղություններով ծախսեր իրականացնելու հնարավորությունները: Եթե վերջինիս ավելացնենք առկա ֆիսկալ սահմանափակումները, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող՝ ընթացիկ ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով գեներացվող հավելյալ ծախսային կարիքները 2026թ. և հետագա տարիների համար, ներկայացված առաջարկը համարում ենք բավականին ռիսկային»,- նշել էր Ֆինանսների նախարարությունը։

Չնայած Կառավարության վստահեցումներին՝ Ֆինանսների նախարարության նախնական դիրքորոշումը ցույց է տալիս, որ թոշակների բարձրացման հարցում առկա են երկարաժամկետ ֆիսկալ ռիսկեր։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ Կառավարությունը բյուջեով չնախատեսված խոշոր ծախս է կատարում։ Օրինակ՝ նախորդ տարի Կառավարությունը որոշեց բյուջեով չնախատեսված 70 մլրդ դրամ հատկացնել հայտարարագիր լրացնողներին։ 

Թեև համընդհանուր հայտարարագրման մասին հայտարարվել էր ավելի վաղ, սակայն 2025 թվականի բյուջեն պլանավորելիս և Կառավարությունում ու ԱԺ-ում ներկայացնելիս նշված 70 մլրդ դրամի մասին չէր հայտարարվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter