HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջեով չնախատեսված 70 մլրդ դրամ՝ հայտարարագիր լրացնողներին

«Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է»,- այս տարվա փետրվարի 3-ին ֆեյսբուքյան գրառմամբ նման տեղեկություն է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Մինչ այդ՝ հունվարի 30-ին, վարչապետը Կառավարության նիստին հայտարարել է, որ համընդհանուր հայտարարագրման միջոցով «մենք 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում»։ 

Մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Հայաստանի աշխատող քաղաքացիները, որոնք նախորդ տարի ինչ-որ տեղ գրանցված աշխատել են, պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն։ Քաղաքացիներին «ոգևորելու» համար իշխանությունները խոստանում են, հայտարարագիր լրացնելու պայմանով, նույն քաղաքացիներին իրենց վճարած եկամտային հարկից վերադարձնել տարեկան մինչև 100 հազար դրամի սոցիալական կրեդիտներ առողջապահական և կրթական ծախսերի գծով։ 

Օրինակ՝ եթե հայտարարագիր լրացրած քաղաքացին 2024-ին իր երեխայի համար ուսման վարձ է վճարել, դրանից առավելագույնը 100 հազար դրամը կարող է հետ ստանալ։ 

Եթե սա քաղաքացիների համար կարող է մոտիվացիայի աղբյուր լինել, ապա բյուջեի տեսանկյունից այն բեռ է, ավելին՝ չպլանավորված ծախս։ Բյուջեի ծախսերի տեսանկյունից  նաև վիճահարույց է՝ ինչու՞ է Կառավարությունը, առանց համապատասխան որոշում ընդունելու, գումարներ վերադարձնում բյուջեից։ 

Թեև համընդհանուր հայտարարագրման մասին հայտարարվել էր ավելի վաղ, սակայն 2025 թվականի բյուջեն պլանավորելիս և Կառավարությունում ու ԱԺ-ում ներկայացնելիս նշված 70 մլրդ դրամի մասին չի հայտարարվել։ 

«Հետք»-ը փորձել է պարզել, թե ինչպես են Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն այն «տեղավորում» բյուջեում, արդյոք այն չի խախտում նախապես պլանավորված բյուջեի եկամուտներ-ծախսեր-դեֆիցիտ շղթան, ինչու՞ Կառավարությունն առանձին որոշում չի ընդունել այս ծրագրով գումարների վերադարձի կապակցությամբ և արդյոք օրինակա՞ն է առանց Կառավարության որոշում ընդունելու, բյուջեից գումարներ վերադարձնել քաղաքացիներին։

Բյուջեն 70 մլրդ դրամի եկամուտ կկորցնի, եթե բոլոր պոտենցիալ հայտարարագիր լրացնողները գումարի վերադարձ պահաջեն

Փաշինյանի հայտարարած 70 մլրդ դրամը ոչ թե որևէ տեղ ամրագրված չփոփոխվող թիվ է, այլ հաշվարկ՝ այն բոլոր քաղաքացիների հաշվով, որոնք պետք է հայտարարագիր լրացնեն։ Կառավարությունը ենթադրել է, որ նրանք բոլորը սոցիալական կրեդիտներ կպահանջեն, և այդ գումարն առավելագույնը 70 մլրդ դրամ կկազմի։ Այսինքն՝ հավանական է նաև, որ դա 70 մլրդ դրամ չլինի, այլ ավելի քիչ։ 

2025 թվականի պետական բյուջեով սահմանված չէ կանխատեսվող 70 մլրդ դրամի վերադարձի մասով միջոցառում: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ֆինանսների նախարարությունից։ 

Նշված տարվա համար դեռևս նախորդ տարվանից Ֆինանսների նախարարությունը պլանավորում է պետական բյուջեն։ Դա ամիսներ տևող գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր ծրագիր և ծախս ամենայն մանրամասնությամբ պլանավորվում է։ Բյուջեն բաղկացած է երեք հատվածից՝ եկամուտներ, ծախսեր և դեֆիցիտ։ 

Եկամուտները գոյանում են մեծ մասամբ քաղաքացիների և բիզնեսի վճարած հարկերից։ 

Քանի որ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը՝ այն բոլոր ծախսերը, որոնք կատարվում են պետության հաշվին (թոշակներ, կրթական, ռազմական և այլն) ավելի շատ են, քան եկամուտները, բյուջեում միշտ դեֆիցիտ է առաջանում։ 

Այդ դեֆիցիտն էլ լրացվում է ներքին ու արտաքին աղբյուրներից պետական պարտք վերցնելով։ 

Երբ Կառավարությունն այս կամ այն ծրագրով քաղաքացիներին որևէ գումար է վերադարձնում, այդ գումարը ոչ թե «օդից է հայտնվում», այլ՝ նույն քաղաքացիների վճարած հարկերից։ 

Այս եկամուտներ-ծախսեր-դեֆիցիտ շղթան կարող է խախտվել, երբ ծախսերի կամ եկամուտների գծով անկանխատեսելի երևույթներ են ի հայտ գալիս։ 

Պարզվում է՝ ներկայում քաղաքացիներին համընդհանուր հայտարարագրման շրջանակներում գումարները վերադարձվում են բյուջեի ընթացիկ եկամուտներից։ Այսինքն՝ դրանք ոչ թե դասակարգվում են այս կամ այն ծախսային տողի տակ, այլ պարզապես բյուջեի եկամուտների նվազեցման հաշվին են կատարվում։ Դրա համար առանձին ծախսային ծրագիր գրելու անհրաժեշտություն Ֆիննախում չեն տեսել։ 

Ֆինանսների նախարարությունից պարզաբանում են, որ տարիներ շարունակ նույն սխեմայով է վերադարձվել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկը։ 

«Տոկոսագումարները եռամսյակի արդյունքներով ընթացիկ եկամուտներից վերադարձվում են։ Այդ պրակտիկան գործել է 2014-2023 թվականներին։ Սխեման աշխատում էր հետևյալ կերպ՝ մենք բոլորս վճարում էինք եկամտային հարկ, որը «նստում էր» բյուջեի եկամուտներում։ Երբ եռամսյակի արդյունքներով դիմում է գրվում այն վերադարձնելու համար, ՊԵԿ-ը իր բազաներով ճշտում է, և համակարգը ընթացիկ եկամուտներից վերադարձնում է այդ գումարները՝ առանց ծախսային ծրագրերի»,- բացատրում են Ֆինանսների նախարարության բյուջետային վարչությունից։

Նույն երևույթը, ըստ Ֆիննախի, սոցիալական կրեդիտների հարցում է։ Երբ քաղաքացին ներկայացնում է փաստաթղթերը, որ օրինակ ուսանող երեխա ունի և խնդրում է վերադարձնել իր վճարած գումարը՝ մինչև 100 հազար դրամ, կրկին պետական բյուջեի եկամուտներից է հետ գալիս այդ գումարը։ 

«Նույն սխեմայով, երբ ԱԱՀ վճարող տնտեսվարողներն արտահանումներ իրականացնելիս դիմում են գրում իրենց վճարած ԱԱՀ վերադարձնելու համար, այդ գումարը նրանց է վերադարձվում բյուջեի եկամուտներից։ Այսինքն՝ այն բյուջեի եկամուտների նվազեցման ճանապարհով հետ է գնում իր աղբյուրին։ Մեխանիզմը գոյություն ունի, և առկա մեխանիզմը հնարավորություն է տալիս գումարը վերադարձնել քաղաքացուն։ Դա հաշվելիության առումով շատ հեշտ բացահայտելի է»,- նշում են Ֆինանսների նախարարությունից։ 

Ստացվում է, որ նշված պոտենցիալ 70 մլրդ դրամը պետք է վերադարձվի այս տարվա հարկերից։ 

Հարցին՝ արդյոք պետական բյուջեի եկամուտների նվազեցմամբ չի՞ խախտվում ծախսերի և դեֆիցիտի ծրագիրը, Ֆիննախից նշում են, որ հարկային եկամուտների բազմաթիվ այլ հոսքեր ու մուտքեր կան։ Դրանք Ֆինանսների նախարարությունը կառավարում է։

Թե ինչու նախապես հայտարարելով հայտարարագրման համակարգի մասին՝ Կառավարությունը 2025-ի բյուջում չի պլանավորել այդ 70 մլրդ դրամը, հայտնի չէ։ 

Մեր հարցման պատասխանում Ֆինանսների նախարարությունից նշում են, որ բյուջետային համակարգի մասին օրենսդրության համաձայն՝ պետական բյուջեում նոր միջոցառում հնարավոր է սահմանել միայն ՀՀ կառավարության որոշման հիման վրա:

Սակայն, նշված 70 մլրդ դրամի հարցով դեռևս Կառավարության որոշում չկա։ «Քանի որ կա գործող մեխանիզմ, Կառավարության նոր որոշում չի ընդունվել։ Որոշում կընդունվի, եթե որոշվի փոխել խաղի կանոնները»,- նշում են Ֆինանսների նախարարությունից։ 

Ստացվում է, որ թեև բյուջետային համակարգի մասին օրենսդրությունը պահանջում է նոր միջոցառման ժամանակ ՀՀ կառավարության որոշում, սակայն Ֆինանսների նախարարությունը խնդիր չի տեսնում սոցիալական կրեդիտները առանց որոշման վերադարձնելու մեջ։

Թեև եկամտային հարկի վերադարձը և դրա հաշվառումը իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն, սակայն պետական բյուջեի «վերահսկողը» Ֆինանսների նախարարությունն է։ 

Կառավարությունն իրավունք ունի՞ իր ներդրած համակարգը տարածի և խրախուսի բյուջեի եկամուտները նվազեցնելու հաշվին

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նկատում է, որ առանց Կառավարության համապատասխան որոշման, բյուջեից հայտարարագիր լրացնող քաղաքացիներին գումար տրամադրելը խնդրահարույց է։ 

Ըստ նրա՝ Ֆինանսների նախարարության մեկնաբանությունը, թե այդ գումարը վերադարձնելու գործող մեխանիզմ կա, հետևաբար՝ Կառավարության նոր որոշման կարիք չկա, հիմնավոր չէ, քանի որ այդ մեխնաիզմի ներքո գործող ծրագրերի համար որոշումներ ընդունվել են ժամանակին։

«Նույն եկամտային հարկի վերադարձի ծրագրի համար, որը նախարարությունից օրինակ են բերում, կա որոշում։ Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարած տոկոսների գումարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ է ամեն ինչ սահմանվել»,- ասում է Քյուրումյանը։  

Հիփոթեքային վարկի վճարած տոկոսների գումարի վերադարձի համար 2025 թվականին պետական բյուջեում կոնկրետ ծրագիր և միջոցառում կա և կոնկրետ գումար է նախատեսված։ «Խոսքը 1239 ծրագրի 11001 միջոցառման մասին է, որի շրջանակներում 84 մլրդ դրամ է նախատեսվել վերադարձնել։ Այնպես որ, եթե ՀՀ կառավարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը հիփոթեքային վարկի վճարած տոկոսների գումարի վերադարձն են որպես օրինակ բերում, ապա նման ծրագիր և միջոցառում էլ պետք է սոցիալական կրեդիտների գծով վերադարձերի համար ևս նախատեսեին»,- ասում է Քյուրումյանը։ 

Հիշեցնենք, որ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում այս տարվանից դադարեցվել է։ Կառավարությունը համարում է, որ այն արդեն անտանելի բեռ է դարձել բյուջեի համար, քանի որ  եկամտային հարկի գումարները, որոնք այսօր բյուջեից վերադարձվում են քաղաքացիներին, գնալով աճում են։ 

Ըստ Արտակ Քյուրումյանի՝ Կառավարությունն այսօր պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածի չափով հավաքագրելու խնդիր ունի։ Մի կողմից այդ հարկերը թերակատարվում են, բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը, աստիճանաբար դադարեցվում է հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, մյուս կողմից՝ խոշոր չափի գումարների վերադարձ է նախատեսվում հայտարարագրման համակարգը խրախուսելու համար։ 

Բացի այն, որ վիճարկվում է այս գումարների վերադարձի արդյունավետությունը, այն նաև առանց ՀՀ կառավարության նոր որոշման է, մինչդեռ  բյուջետային համակարգի մասին օրենսդրության համաձայն՝ բյուջեում նոր միջոցառում հնարավոր է սահմանել միայն ՀՀ կառավարության որոշման հիման վրա:

«ՀՀ Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն՝  Ազգային ժողովի կողմից ընդունած պետական բյուջեն ներառում է պետության բոլոր եկամուտները և ծախսերը։ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս վերաբաշխել ԱԺ կողմից կատարված հատկացումները։ Հայերեն վերաբաշխել բառը նշանակում է մեկ անգամ բաշխվածը նորից բաշխել։ Այսինքն, ԱԺ-ն պետք է բաշխի բյուջետային միջոցները, ինչից հետո, ՀՀ կառավարությունն իրավունք ունի դրանք վերաբաշխել։ ԱԺ կողմից չբաշխված միջոցների, ՀՀ կառավարության կողմից վերաբաշխումը, խնդրահարույց է Սահմանադրության տեսակետից»,- ասում է Արտակ Քյուրումյանը։ 

Գլխավոր լուսանկարը՝ primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter