Մարտուն Գրիգորյանը ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։
«Հընթացս կներկայացնեմ ու կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի և իմ՝տարիների համատեղ իրականացրած այն հսկայածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին շիրակցու և գյումրեցու կյանքի որակի բարելավմանը։
Առաջիկայում կխոսենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթներից, մասնավորապես, Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից»,- գրել է Գրիգորյանը։
Մարտուն Գրիգորյանը նախկինում ևս Ծառուկյանի հետ համագործակցության փորձ ունի։ 2009-2015 թվականներին Գրիգորյանը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
Գրիգորյանը առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2007 թվականին՝ թիվ 34 ընտրատարածքից։ 2012 թվականին կրկին պատգամավոր է ընտրվել նույն ընտրատարածքից։
Նախորդ՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններին Մարտուն Գրիգորյանը մասնակցել էր «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում։ 2022 թվականի հունիսի 21-ին դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը հրաժարվեց մանդատից։ Նրա փոխարեն հունիսի 30-ին պատգամավոր դարձավ Մարտուն Գրիգորյանը։
Մարտուն Գրիգորյանը մասնակցել է նաև 2025 թվականին կայացած Գյումրու ավագանու ընտրություններին։ Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաք» դաշինքը զբաղեցրեց երրորդ տեղը։ Չնայած Վարդան Ղուկասյանի հետ ունեցած տարաձայնություններին՝ Գրիգորյանն ապահովեց նրա քաղաքապետ ընտրվելը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ծառուկյանին միանալու մասին արդեն հայտարարել են «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել