HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական Մելպոմենայի տաճարի չքնաղագույն և արևահամ դիցուհին. Արուս Ոսկանեան (մաս 2)

սկիզբը

Շամախի տարօրինակ և անսովոր օրենքները

Թողնելով Պոլիսը՝ Արուսյակ Ոսկանեանը Աբելեան-Արմենեան թատերախմբով հասավ Բաքու: Այստեղ էր իր ամուսնու՝ դերասան Հովսեփ Ոսկանեանի տունը: Հովսեփը Շամախից էր: Գորգագործության և մետաքսագործության հայկական այս  հայտնի կենտրոնը, է՜հ, դեռ երբվանից առևտուր էր անում վենետիկցիների հետ... Հովսեփն ապրում էր մոր և մորաքրոջ հետ: Արուսին դիմավորեցին Շամախի կարգով. Պոլսեցի կնոջ համար արտառոց ավանդույթներ՝ հատկապես հարսանեկան. գառնուկի մատաղ, հարս ու փեսայի անցում սրերի տակով և այլն, քիմքին անծանոթ համեր, բայց ամենից դժվարը բարբառն էր: Իսկական  գլուխկոտրուկ էր երկուստեք: Բայց շուտով արևմտահայերենը և «շամախերենը» ընտելացան: Եվ արդեն Արուսը դարձավ «թարգմանիչ» իր մոր և եղբայրների համար, երբ նրանք ևս տեղափոխվեցին Կովկաս: Այս քաղաքի սփոփանքը Ազնիվ Հրաչյան էր, հանդիպումները նրա տանը: «Ուխտագնացության նման մի բան էր դա ինձ համար»: Ազնիվ Հրաչյան դարձավ իր ուսուցիչը՝ բեմական դիմախաղի նուրբ գաղտնիքները, ձայնի ելևէջների կարևորությունը բացահայտողը: Գեղեցիկ, ճաշակով կահավորված տանը՝ մեծադիր նկարներից նայող, ժամանակին Ազնիվին սիրահարված Պետորս Ադամեանի և մորաքրոջ դստեր՝ Սիրանույշի հայացքի տակ, Ազնիվ Հրաչյայի խորհուրդները առավել ազդեցիկ էին դառնում: Բայց շփման հաճույքը փոխադարձ էր. Պոլիսը վաղուց արդեն թողած Ազնիվ Հրաչյան, վայելում էր իր աշակերտուհու արևմտահայերենը, ո՞վ գիտի, ի՜նչ հիշատակներ կենդանացնելով:

Դստեր՝ Սիրանուշի հետ.jpg (846 KB)

Դստեր՝ Սիրանուշի հետ

Երկու Արուսյակ չըլլար

Մինչ Արուսյակը կհասներ Բաքու, այստեղ հայկական բեմում արդեն Արուսյակ կեղծանունով մի դերասանուհի կար՝ Լիզիկ Հարությունեանը: Այնպես որ, անպատեհություն կլիներ 2 Արուսյակների առկայությունը նույն բեմում: Եվ Սիրանույշը մեր հերոսուհուն առաջարկեց Արուս դառնալ, դե իսկ Դարպասեան ազգանունն էլ արդեն փոխարինվել էր Ոսկանեանով՝ ամուսնության հանգամանքով: Շուտով ծնվեց  առաջին զավակը՝ Էդուարդը: Ցավոք փոքրիկը միայն ամիսներ ապրեց: Տարիներ անց ծնվեց  դուստրը՝ Սիրանուշը՝ անվանակոչված ի պատիվ մեծ   դերասանուհու: Ինչպես, դեռ Պոլսում, նախազգուշացրել էին Գ. Զոհրապը և Սիպիլը, սկսվեց Արուսի թատերական կյանքի պարգևած ողջ շքեղությունը և, միևնույն ժամանակ, մաշումը՝ հյուրախաղերով, ֆիզիկական և հոգեկան սպառումներով: Ընտանեկան կյանքին ժամանակ չէր մնում: Սիրանուշին խնամում էր հորենական տատիկը, մինչ ծնողները զբաղված էին թատրոնով ...Եվ իրենց արվեստի համար ընտրել էին մշակութային կենտրոն Թիֆլիսը: 

 Թիֆլիս, Վելիկոկնյազևսկի 6

1918թ.-ից Վելիկոկնյազևսկի 6-ը այլևս թատերամոլների և բեմի թագուհի Արուսի արվեստով արբեցած թիֆլիսեցիների նվիրական հասցեն էր: Թագուհի էր, բայց ապրում էր մի կիսանկուղում, որի պատուհանները կիսով չափ մայթից ցած էին: Իսկ տան պատերը դրսից ավելի թանկարժեք էին, քան կարող էին լինել արքայական պալատինը: Հանդիսականը այստեղ թողնում էր իր հիացմունքը՝ «Կեցցե՛ Արուսը», «Արուս ջան, երեկ տեսա Ռաուտենդլայնը, գիշերը չեմ քնել», և այլն: Այս քաղաքում էր, որ 15-16 տարեկան Գուրգեն Մահարին առաջին անգամ Ամառային ակումբի թատրոնի բեմում տեսավ Արուսին և կորցրեց գլուխը: «...Նրա նման գեղեցիկ կին աշխարհում չի եղել, չկա և չի լինի...»,-մտածում էր Գուրգենը: Իսկ Արուսի աջ ոտքի պես գեղեցիկ ոտք միայն նրա ձախը կարող էր լիներ, և վե՛րջ: Գուրգենի գլխի մեջ խառնվել էր ամեն բան. Կողքի աթոռին իր ընկերուհին էր՝ Էմման, որին սիրում էր: Հանկարծ հիշեց Սիրարփիին, որից հեռացել էր, բայց էլի՛ սիրում էր, հիմա էլ՝ Արուսը: «... ես խիստ քննության ենթարկեցի ինքս ինձ, և, ավա՜ղ, գտա, որ նրանք մազաչափ անգամ իրար չեն խանգարում, և որ ես սիրում եմ  նրանց այնպես, ինչպես կարող եմ սիրել վարդը, մեխակը, մանուշակը, առանձին-առանձին և միասին»: Սա շատ հարմար բացատրություն-արդարացում է, որին տղամարդիկ կարող են հղում անել, բայց միայն մեկ պայմանով՝ եթե Գ. Մահարու պես ազնիվ են: Իր կողքին նստած Էմմա ինչպե՜ս էր խանդում...«...Ինչո՞ւ ես տխրել, պայծառ աղջիկ, վճիտ աչքերով Էմմա, ինչո՞ւ ես խանդում: Մի՞թե դու կարծում ես, որ Արուս Ոսկանեանը քեզ վռնդեց իմ սրտից: Մի՞թե դու վռնդեցիր Սիրարփուն իմ սրտից: Ո՛չ Էմմա, ապրում եք դուք, ինչպես երեք մարմարիոնե չքնաղ, կենդանի կուռքեր իմ հոգու տաճարում ...ու ես, պատանի քուրմ կամ երիտասարդ աբեղա, աղոթում եմ ձեր դեմ ծնկաչոք ու գլխաբաց, ծխելով սիրտս որպես խունկ, սիրտս որպես խունկ...»:

Արուսի արվեստի սիրահարները, ներկայացումից հետո, նրան սպասում էին թատրոնի մատույցներում: Ինքն, ամուսնուն թևանցուկ, անցնում էր նրանց կողքով: Հովսեփ Ոսկանեանը կարծես մի քիչ խանդում էր: Նա գտել էր Արուսի համառ երկրպագուներից գոնե թատրոնից դուրս ազատվելու ձևը: Թույլ չէր տալիս, որ նրանք, գուցե իրենց գրպանի վերջին պարունակությամբ գնած ծաղիկները նվիրեն դերասանուհուն՝ ասելով ՝ բեմից դուրս նա ի՛մ  կինն է, և ծաղիկներ այլևս նրան չեք կարող փոխանցել: Ինչևէ, 1925թ.հուլիսին Արուսը և Հովսեփը բաժանվեցին: Արուսի թղթածրարում ապահարզանի հավաստագիրն է՝ վրացերենով: Բայց մնացին լավ բարեկամներ: Երբ Երևանի հիվանդանոցներից մեկում,1939 թվականին մահացավ Հովսեփը, Արուսը նրա կողքին էր:

Ամուսինը՝ Հովսեփ Ոսկանեան.jpg (1.20 MB)

Ամուսինը՝ Հովսեփ Ոսկանեան

Հրաչյա դերասանուհին, որ տեսել էր Բաքվի հայերի կոտորածները

Բայց մինչ այդ, դրանից 20 տարի առաջ, նրանք քիչ էր մնում կորցնեին իրանց 6 տարեկան դստերը, Հովսեփի մորը, և Արուսի՝ Պոլսից տեղափոխված ընտանիքը՝ 1918-ին սկսված Բաքվի հայության ջարդերի ժամանակ: Բարեբախտաբար, ընտանիքը հասցրեց թաքնվել: Իսկ ի՞նչ եղավ Ազնիվ Հրաչյան: Արուսն անհանգիստ էր: Երբ դեպքերից 1 տարի անց գնաց Բաքու, փնտրեց և գտավ նրան մի նկուղում՝ հյուծված, անճանաչելի մի կերպարանքով: «...մնում էին միայն մի զույգ սև փայլուն աչքերը, իբրև մնացորդ փառահեղ անցյալից»՝ Պետրոս Ադամեանից ստացած հրաչյա մակդիրը ծերության և խեղճության մեջ դեռ արդիական էր: Տեսնելով թշվառությունը, որի մեջ հայտնվել էր իր ուսուցիչը, Արուսն ունեցած գումարը տվեց նրան: Իսկ, եթե մահանամ և չհասցնեմ վերադարձնել՝ հարցրեց Ազնիվ Հրաչյան: «Թող սա լինի պսակի փոխարեն, եթե հուղարկավորությանդ չկարողանամ մասնակցել»: Ամիսներ անց Ազնիվ Հրաչյան մահացավ Դիլիջանում, և Արուս Ոսկանեանը չիմացավ այդ մասին. «..Ոչ մի դամբանական: Լրագիրները ոչ մի տող նրա կյանքի, արվեստի և գործունեության մասին... Մարդկանց մի մասը կուրորեն տարված կռիվների, կոտորածների մոլուցքով, մյուս մասը գոյության պայքարի մղձավանջով, չնկատեցին, թե գեղեցկության, արվեստի ինչպիսի հերոսուհու անհետացում էր առհավետ...»:

 Երևան,  N2001

«Տրվում է Յերևանում վերաբնակվող Արուս Տիգրանյան Վոսկանյանին առ այն, վոր նրան, Վոսկանյանին թույլատրվում ե ազատ ապրել Հ.Ս.Խ.Հ.-ում «12» ամիս ժամանակով, այսինքն ս/թ Ապրիլի 10-ից մինչև 1924թ. Ապրիլի 10»:
Կեցության այս իրավունքը, այդ թվականների բոլշևիկյան սոսկալի ուղղագրությամբ, Արուսին հանձնել էր Երևանի միլիցիայի վարչությունը: Նա Թիֆլիսից տեղափոխվել էր 1921-ին՝ աշխատելու Առաջին պետական թատրոնում: Արուսից բացի Երևան էին հրավիրվել նաև Թիֆլիսի Որոնումների թատրոնի այլ դերասաններ: Ծանր ժամանակներ էին, արդեն 1 տարի է Հայաստանը կորցրել էր անկախությունը: «Սկզբնական շրջանում գրեթե բոլորս ապրում էինք կուլտուրայի տանը մի սենյակում. Յուրաքանչյուրս ունեինք մեկական մահճակալ և ուրիշ ոչինչ...»: Մեկական մահճակալ և մեծ սպասումներ ու երազանքներ: Ռուսական կայսրության բազմաթիվ քաղաքներում, Պարսկաստանում հանդիսականի սիրտը գրաված Արուսը նկարահանվեց Թիֆլիսի ««Ֆիլմա» կինո-ակցիոներական ընկերություն»-ում Վ. Սիմովի «Կրակապաշտները» արկածային շարժանկարում՝ մարմնավորելով արևելյան ստրկուհի Զեյնաբի դերը: Արուսի հետ նկարահանվեց նաև Իլյա Արբատովը՝ նույն ինքը՝ բալետի պարող, թիֆլիսեցի Եղիա Յաղուբեանը, որ հետո դարձավ Ալ. Սպենդիարեանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը:

Արուսեան Դարպասեանը փոքր տարիքում.jpg (174 KB)

 Թատրոնական խարդավանքներ

Հետագայում, Սունդուկեանի անունը ստացած Առաջին պետական թատրոնում, Արուսը խաղաց վեց տասնյակից ավել դերեր: Բայց Նորան նրա ամենից սիրած դերն էր Իբսենի «Տիկնիկների տունը» թատերգությունում: Ինչո՞ւ: «Նորան միանգամայն համապատասխանում էր իմ հույզերի և հոգու բռնկումներին... խոսելիս, քայլելիս, վիճելիս, ես շարունակ պատկերացնում էի նրան, կամ ավելի շատ, ինձ թվում էր, թե ես Նորան եմ...: ...Հանճարեղ Իբսենի խոսքերով, աշխատում էի արտահայտել իրավազուրկ կնոջ բողոքը ու անզոր ցասումը իր հասարակարգի ու շրջապատի հանդեպ: ...Մեր դրամատուրգները ե՞րբ են տալու «Նորա»-ի գեղարվեստական լիցքը ունեցող կնոջ տիպարը»: Բայց թատրոնում ամեն բան հարթ չէր ընթանում: Արուսը չէր հավանում որոշ բեմադրիչների գեղագիտական մոտեցումները, քննադատում էր դրանք: Եվ, գուցե ամենից շատ, տարիներ առաջ իրեն սիրահարված Արմեն Գուլակեանին: Դերընկերներից առանձնացնում էր հատկապես Հրաչյա Ներսիսեանին: Փափազեանի համար ասում էր՝ «Դե, նրա հետ խաղացողը դերասան էլ չլինի՝ կդառնա»: Ներքին հակասությունը այնքան սրվեց, որ դիմում գրեց Լուսժողկոմին, իրեն բանվորական թատրոն տեղափոխելու խնդրանքով՝  «որովհետև պետական թատրոնում աշխատելն ու ստեղծագործելը ինձ համար միանգամայն անհնարին է»:

շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter