HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունից

Գառնի գյուղում նախադպրոցական տարիքի 365 երեխայից 230-ը մանկապարտեզ չի հաճախում։ Գյուղի միակ մանկապարտեզում, որը 1960–ական թվականների կառույց է՝ նախատեսված 80 երեխայի համար, ներկայումս 135 երեխա է հաճախում։ «Գառնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը 2025թ․ հունիս ամսից չի գործում՝ հիմնական շենքի կոսմետիկ նորոգման և շենքի ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ մանկապարտեզի վերաբացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի 1-ին։

Մանկապարտեզի նոր մասնաշենքը կունենա ննջասենյակ, դահլիճ, խոհանոց և սանհանգույց։ Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը հայտնում է, որ կցակառույցը երեխաների քանակն ավելացնելու հնարավորություն չի տա։ Այն ընդամենը առավելագույն խտության պայմաններում գործող մանկապարտեզի պայմաններն է բարելավելու 135 երեխայի համար։

Ծնողներից շատերը, որոնք մանկապարտեզահասակ երեխաներ ունեն, մեզ հետ զրուցելիս հայտնում են, որ սպասում են մանկապարտեզի վերաբացմանը։ Նրանք չգիտեն, որ նոր մասնաշենքը երեխաների քանակն ավելացնելու հնարավորություն չի տալիս։ Հարյուրավոր երեխաներ այդպես էլ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չեն ունենալու։ Համայնքապետարանը չի պատասխանում նաև համայնքի ֆեյսբուքի էջում բնակիչների հարցումներին, թե երբ է վերաբացվելու մանկապարտեզը։

Գառնիի մանկապարտեզային տարիքի բոլոր երեխաների նախադպրոցական ուսումնառությունն ապահովելու համար գյուղում ևս երկու մանկապարտեզ պետք է կառուցել։ Կառավարության 2024թ․–ի՝ «Մինչև 2026թ․-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագիրը լավ հնարավորություն էր նոր մանկապարտեզ ունենալու։ Սակայն այս ծրագրին Գառնին մանկապարտեզ կառուցելու հայտ չի ներկայացրել։ Հաստատումից մեկ տարի անց՝ 2025թ․–ի օգոստոսին, ծրագրում փոփոխություն է կատարվել եւ  որոշվել է ֆինանսավորել Գառնիի գործող մանկապարտեզի կոսմետիկ վերանորոգումը։

Համայնքապետարանն այդ առաջարկը ներկայացրել է այն բանից հետո, երբ ՅՈՒՆԻՍԵՖ–ի Հայաստանի գրասենյակը «Կրթությունը չի կարող սպասել»  հիմնադրամի (Education Cannot Wait, ECW) հետ ֆինանսավորել են Գառնիի մանկապարտեզն ընդլայնելու շինարարությունը։ Հիմնադրամը 56 մլն դրամ է հատկացրել գործող մանկապարտեզի շենքային պայմանները բարելավելու համար, որպեսզի գյուղում վերաբնակություն հաստատած արցախցի ընտանիքների երեխաները նույնպես մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունենան։

Գառնիի համայնքապետարանից հայտնում են, որ գյուղում Արցախից բռնի տեղահանված 89 ընտանիք է ապրում, նրանց՝ մանկապարտեզային տարիքի երեխաների թիվը 13 է։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Վաղարշապատ, Արտաշատ, Աբովյան, Մեծամոր, Վայք և Գառնի համայնքներում վերանորոգվել և կահավորվել է 13 մանկապարտեզ։ Որոշ համայնքներում մի քանի մանկապարտեզ է վերանորոգվել, կամ՝ ըստ անհրաժեշտության, գումար են հատկացրել կահավորման համար: Ծրագրի նպատակը նախադպրոցական կրթական ծառայությունների հասանելիության բարձրացումն է։  

«Այս նախաձեռնությունը միայն ենթակառուցվածքների մասին չէ։ Այն ներառականության ապահովման, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի վաղ մանկական ուսումնառություն ստանալու հնարավորության մասին է»,– հիմնադրամի ֆինանսավորումով Արտաշատի մանկապարտեզներից մեկում նոր խմբասենյակների բացման ժամանակ հայտնել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։

Նա նշել է, որ վաղ մանկական ուսումնառությունը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որը պետք է իրացվի։ Ներդրումները հօգուտ վաղ մանկական ուսումնառության շահավետ են երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախակրթարան հաճախած երեխաները հետագայում ունենում են ավելի բարձր ակադեմիական և սոցիալական հաջողություններ»,– հայտնել է Սիլվիա Մեստրոնին։

Գառնիում առնվազն երկու նոր մանկապարտեզ պետք է կառուցել, բայց համայնքապետարանն այդպիսի ծրագիր չունի

Գառնիի համայնքապետարանը, սկսած 2019թ․–ից, տարեկան մի քանի սուբվենցիայի հայտ է ներկայացնում Կառավարություն։ Ոչ մի անգամ մանկապարտեզի կառուցման ծրագիր չի ներկայացրել։ 2020թ․–ին, երբ Գառնին դեռ խոշորացված համայնք չէր, գործող մանկապարտեզում նոր մասնաշենք կառուցելու ծրագիր էին ներկայացրել։ Կառավարությունը սուբվենցիայի հայտը չհաստատեց, համայնքապետարանն էլ այլևս հայտը չկրկնեց։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, այդ մտքից չէին հրաժարվել, մինչև պատեհ հնարավորություն ստեղծվեց՝ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը գումար հատկացրեց մանկապարտեզի տարածքն ընդլայնելու համար։

2020թ․-ին Գառնի համայնքի ղեկավարը Ահարոն Սահակյանն էր, Կոտայքի ներկայիս մարզպետը: Որպես համայնքի բնակիչ առարկել էի նրա՝ նոր մասնաշենքով մանկապարտեզն ընդլայնելու առաջարկին, քանի որ դրանից երեխաների թվաքանակում էական փոփոխություն չէր լինելու։ Գառնին նոր մանկապարտեզների կարիք ունի, և նորը կարող էր կառուցվել գյուղի արևելյան կամ արևմտյան թաղամասերում՝ հասանելիություն ապահովելով այդ թաղամասերի բնակիչներին։ Այդպես կպահպանվեն նաև ընդունված նորմատիվները՝ կրթական կառույցների շառավիղը չպետք է գերազանցի 500 մետրը։ Գառնիի դեպքում սա հատկապես պարտադիր է, քանի որ երեխաներին տրանսպորտով տեղափոխելը նույնպես դժվար է՝ և՛ ժամանակի, և՛ ֆինանսական առումով։  

2021թ․ դեկտեմբերին Գառնին խոշորացվեց՝ համայնքում միավորվեցին Գեղադիր, Գողթ, Հացավան, Գեղարդ, Ողջաբերդ գյուղերը։ Միավորվելուց հետո սուբվենցիոն ծրագրերով Գողթ գյուղում նոր տիպային մանկապարտեզ է կառուցվել՝ նախատեսված 75 երեխայի համար (երեք խումբ):

Կառավարության 2024թ․ հունիսին ընդունած՝ «Մինչև 2026թ․-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցներ» ծրագրով Գողթ և Գեղադիր գյուղերում նոր միջնակարգ դպրոցներ են կառուցվում։

2025թ․-ին Գառնիի համայնքապետարանը սուբվենցիայի հայտ է ներկայացրել Գողթ գյուղում «Արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի շենքի կառուցում» ծրագրի համար, որը չի հաստատվել։ Այս տարի ծրագիրը կրկին ներկայացվել է։

2026թ․-ին Գեղադիր գյուղում վարչական շենք կառուցելու հայտ է ներկայացվել։

Սովորաբար, սուբվենցիայի ծրագրերի դեպքում մտահոգիչ է համայնքային կենտրոններին առաջնահերթություն տալը։ Գառնի համայնքի դեպքում հակառակն է՝ հանրային նշանակության և վարչական շենքերը կառուցվում են համայնքի կազմի մեջ մտնող մյուս գյուղում։ Համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրեր կազմելիս համայնքի բնակավայրերի միջև համաչափությունը չի պահպանում։

Նշենք, որ երկու գյուղերն էլ և՛ տարածքով, և՛ բնակչության քանակով անհամեմատ փոքր են Գառնիից։ Գողթն ունի 2101 բնակիչ, Գառնին՝ 8225 բնակիչ։ Հետևաբար, ինչո՞ւ է բնակչության թվով 4 անգամ փոքր գյուղում առաջնահերթություն դարձել մշակույթի տուն կառուցելը, ինչո՞ւ համայնքապետարանը չցանկացավ գոնե այդ մեկը Գառնիում կառուցել։

Համայնքապետարանի ներկայացրած՝ Գառնիի մշակույթի տունը վերանորոգելու սուբվենցիոն հայտը հաստատվել էր 2023թ․–ին, սակայն չիրագործվեց։ Համայնքապետարանը հարկ չհամարեց բնակչությանը բացատրություն տալ և 2026թ․-ին կրկին ներկայացրեց Գողթում «Արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի շենքի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը։

Ընդգծենք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Գառնի գյուղում հանրային և վարչական նշանակության ոչ մի շենք չի կառուցվել։ Եղած հասարակական շինությունները կոլխոզ–սովխոզ ժամանակների վարչական շենքեր էին, որոնք հարմարեցվել են նոր պահանջներին ու դարձել արվեստի, երաժշտական դպրոցներ և այլն։ Սա այն դեպքում, երբ տարբեր ծրագրերով համայնք-պետբյուջե համատեղ ֆինանսավորումով մեծ հնարավորություններ են ստեղծված ենթակառուցվածքները թարմացնելու կամ նորը կառուցելու համար։

Գառնիի համայնքապետարանում բոլոր հնարավորությունները մսխել են՝ անհեռատեսության, հաշվարկների բացակայության, համայնքի զարգացման ռազմավարություն չունենալու և այլ պատճառներով։ Համայնքապետարանի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերի կարևորությունն ու առաջնահերթությունը որոշելու չափորոշիչներն անհայտ են։

2022թ․-ին Կառավարությունը ֆինանսավորեց Գառնիում համայնքապետարանի շենքի նկուղը նորոգելու սուբվենցիոն հայտը՝ մոտ 25 մլն դրամ։ Ո՞րն էր այս ծրագրի անհրաժեշտությունը, ի՞նչ հարց կարող է լուծել «ապաստարանների նորոգում» անվանված այս հայտը մի փոքր շենքում։ Հայտը ներկայացնելուց առաջ կարող էին գոնե ծանոթանալ 2007թ․-ին Կառավարության հաստատած Գառնի գյուղի գլխավոր հատակագծին, որտեղ նկարագրված են նաև գյուղի ապաստարանները, դրանք բարելավելու նպատակով արված առաջարկներին։ Դրանից հետո գուցե մտածեին համայնքային բյուջեից 15 մլն 714 հազար դրամն անիմաստ չվատնելու մասին։

Գառնիի բոլոր ժամանակների կառավարիչները երբևէ իրենց հարց տվե՞լ են՝ ինչպիսի՞ն կլիներ Գառնին, եթե այս գյուղում չլիներ հեթանոսական տաճարը, և այն Հայաստանի տուրիզմի առաջնային օղակը չլիներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter