Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, դատական ակտերի հերթը հասել է 2028 թվական
Արդարադատությունը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում, լինի արդյունավետ և հասանելի։ Սակայն Հայաստանում իրականությունն այլ է։ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններն այնքան ծանրաբեռնված են, որ դատական նիստերը կամ նույնիսկ վճռի հրապարակման օրերը նշանակվում են արդեն 2028 թվականին։
Ստեղծված իրավիճակից դժգոհ են նաև դատավորները։ Նրանց գնահատմամբ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ արդյունավետ վարչարարություն չեն իրականացնում, ինչի հետևանքով բազմաթիվ վեճեր տեղափոխվում են դատարաններ՝ ավելի մեծացնելով ծանրաբեռնվածությունը։
Մինչդեռ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պետությունը պարտավորվել է ապահովել գործերի քննությունը ողջամիտ ժամկետում։ Սակայն, երբ դատական գործընթացները ձգվում են տարիներով, այդ սկզբունքը վերածվում է ձևական պահանջի։ Իսկ ձգձգումների հետևանքները կրում են քաղաքացիները՝ և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես։
Դատարանների ծանրաբեռնվածությունը չի կարող անվերջ արդարացվել։ Մյուս կողմից՝ դատավորները ֆիզիկապես չեն հասցնում գործերն արագ քննել և ժամանակին դատական ակտեր կայացնել: Շտապողականության հետևանքով երբեմն տուժում է որակը և դատական ակտը բողոքարկելու կարիք է լինում:
2025թ. ընթացքում Վարչական դատարան մուտքագրվել է 25 հազ. 954 գործ, իսկ 2024թ-ից փոխանցվել է 13 հազ. 808 գործ։
2025թ. ավարտվել է 22 հազ. 317 վարչական գործի քննություն, որը ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 56.2%-ն է:
Նույն տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ Վարչական դատարանի վարույթում անավարտ է մնացել 17 հազ. 445 վարչական գործ։
Համեմատության համար նշենք, որ ստացված վարչական գործերի թիվը 2024 թվականի համեմատ աճել է 21.7 %-ով։
Վերաքննիչ վարչական դատարանը գործում է 2010թ. դեկտեմբերի 2-ից: Այդ ժամանակ դատավորները 7-ն էին՝ դատարանի նախագահն ու 6 դատավոր: Այժմ դատարանն ունի 13 դատավոր: Դատավորների թիվն ավելացել է, ծանրաբեռնվածությունը՝ նույնպես: Վերաքննիչ դատարանում դատավորները 24-ն են՝ 8 դատական կազմ։
Այս թեմայի շուրջ զրուցել ենք Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել