HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է Դատախազության տվյալներին 

Մարտի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ճեպազրույցում անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին: 

«Ֆակտոր»-ի լրագրողի դիտարկմանը, թե դրա շրջանակներում պետությանը վերադարձվել է 15 մլն դոլար՝ Ռուբինյանը պատասխանեց՝ հղում անելով կողքից իրեն հուշող մեկ այլ իշխանական պատգամավորի՝ Արման Եղոյանին, ու հայտարարեց, թե «500 մլն դոլար՝ վճռով կամ հաշտությամբ հետ է եկել [պետությանը]»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հայցվող տեղեկատվությունն առկա է փետրվարի 28-ի իրենց հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը հայտարարել է, որ 2020-2025 թթ. (Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձեւավորվել է 2020-ին) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով (կան վճիռներ, որոնք դեռ չեն մտել օրինական ուժի մեջ - հեղ.) եւ հաշտության 9 համաձայնություններով փետրվարի 28-ի դրությամբ հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 մլրդ 411 մլն 112 հազ 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 մլն 100 հազար դրամ, ինչպես նաեւ՝ 1 մլրդ 013 մլն 281 հազար դրամ:

Ամփոփելով հաղորդագրությունը՝ Դատախազությունը նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 450 մլն 494 հազ 148 դրամի գույք եւ դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 մլն 464 հազար ԱՄՆ դոլարի:

Սա նշանակում է, որ իշխանական պատգամավորներ Արման Եղոյանի եւ նրա հուշումը վերարտադրած Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե վճռով կամ հաշտությամբ 500 մլն դոլար վերադարձվել է ՀՀ-ին, չի համապատասխանում իրականությանը։ 

Ինչ վերաբերում է դատարաններում դեռեւս քննվող հայցերին, ապա փետրվարի 27-ի դրությամբ դրանց ընդհանուր թիվը 166 է, իսկ ընդհանուր հայցագինը 612 մլրդ 592 մլն 172 հազար դրամ է: Գլխավոր դատախազի տեղակալ Արսենյանը նշել է, որ այս թիվն ունի աճման միտում, քանի որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաեւ իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները։ Ամեն դեպքում, ընդհանուր հայցագնի հայտարարված թիվը (մոտ 613 մլրդ դրամ) ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով հավասար է 1 մլրդ 623 մլն 150 հազար դոլարի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter