Ինչպես էկո տան երազանքը վերածվեց միլիոնների վնասի
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը ավելի քան 10 միլիոն դրամ է վճարել էկո տնակի համար, սակայն այն ստացել է կիսակառույց վիճակում։ Կառուցապատող Մհեր Դերձյանը խոստացել էր 4 ամսում կառուցել բնակելի տունը, սակայն խոստացված ժամկետում չի ավարտել շինարարությունը։ Որակի տեխնիկական հսկողության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ ու թերություններ։
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանն «Արագ հավաքովի տներ» ֆեյսբուքյան էջի միջոցով խոսել է Մհեր Դերձյանի հետ, որը «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի և նույնանուն հասարակական կազմակերպության տնօրենն է և փայտից էկո տներ է կառուցում։ Ցողիկը որոշել է փայտե տուն պատվիրել։ 2025 թվականի մայիսի 18-ին նրա մայրը՝ Ռիտա Ջալադինի Հարությունյանը, որպես լիազորված անձ, պայմանագիր է կնքել Մհեր Դերձյանի հետ՝ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում փայտե տուն ձեռք բերելու համար։ Պայմանագիրը կնքվել է լիազորված անձի միջոցով, քանի որ Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը Հայաստանում չի բնակվում։ Այն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 1-ին։ Տնակի արժեքը 12 մլն դրամ է, աշխատանքների կատարման ժամկետը՝ 4 ամիս (2025թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը)։ Մհեր Դերձյանը պետք է հանձներ ներքին եւ արտաքին հարդարմամբ բնակության համար պիտանի տուն։
Պատվիրատուն գումարը փոխանցել է մաս-մաս. առաջին անգամ մայիսի 18-ին՝ պայմանագրի կնքման պահին՝ 2 մլն 500 հազար դրամ, երկրորդը հուլիսի 5-ին՝ 1 մլն 100 հազար դրամ, երբ դեռ աշխատանքները չէին սկսել, սակայն Մհեր Դերձյանը խոստացել էր գումարը ստանալուց հետո սկսել։ Երրորդ վճարումը կատարվել է հուլիսի 29-ին՝ 2 մլն 400 հազար դրամ, եւս մեկը՝ օգոստոսի 12-ին ՝ 1 մլն 100 հազար դրամ։ Ընդհանուր վճարվել է 7 մլն 100 հազար դրամ։ Բացի այս գումարից՝ 3 մլն 230 հազար դրամ էլ վճարվել է Տիգրան Գալոյանին, որը Մհեր Դերձյանի գործընկերն է եւ շինարարական աշխատանքների պատասխանատուն։ Գումարը տանիքի թիթեղներ ձեռք բերելու եւ պատուհաններ պատվիրելու, ջերմամեկուսացման և արտաքին հարդարման համար էր: Սակայն, ինչպես պատվիրատուն է նշում, պատուհանները այդպես էլ չեն տեղադրվել, արտաքին հարդարումը կատարվել է մասամբ, ջերմամեկուսացում չի արվել, թիթեղները բերել են պայմանավորված ժամկետից 20 օր ուշացումով։
Տեսնելով, որ իր վճարած գումարին համապատասխան աշխատանքներ չեն արվում, իսկ պայմանագրային ժամկետը մոտենում է ավարտին, Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը լիցենզավորված ընկերությանը՝ «Խաչվահան» ՍՊԸ-ին պատվիրել է կիսակառույց տան շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն իրականացնել։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին իրականացված որակի տեխնիկական հսկողության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ ու թերություններ, ինչպես նաեւ՝ շեղումներ նախագծից։ Ըստ նախագծի՝ հիմքերը պետք է լինեին ժապավենային, սակայն կետային էին, ընդ որում՝ առանց նախագծում նշված ջրամեկուսիչ երկշերտ իզոգամի (այն օգտագործվում է տանիքների, հիմքերի կամ պատերի ջրամեկուսացման համար), ինչի հետևանքով մետաղական խողովակները ենթարկվել են կոռոզիայի։ Տեխնիկական հսկողության ժամանակ արձանագրվել է նաեւ, որ տունը հականեխիչ ու հակահրդեհային հատուկ լուծույթով չի մշակվել, տանիքն ամբողջությամբ պետք էր ապամոնտաժել եւ նորը կառուցել, քանի որ այն չէր համապատասխանում նորմատիվներին։ Եզրակացության մեջ նշվել էր նաեւ, որ տան հատակը անհարթ է եւ հետագայում լամինատ տեղադրելիս կարող էին խնդիրներ առաջանալ։
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը եզրակացության արդյունքներն ուղարկել է Մհեր Դերձյանին ու Տիգրան Գալոյանին։ Նրանք նախ չեն ընդունել տրված եզրակացությունը, ապա 20 օր են խնդրել թերությունները վերացնելու համար, սակայան այդպես էլ ոչինչ չեն ձեռնարկել։
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մհեր Դերձյանից ու Տիգրան Գալոյանից վերջնահաշվարկ է պահանջել, սակայն պահանջն անպատասխան է մնացել։ Իր խոսքով, Մհեր Դերձյանը չի տվել տան նախագծանախահաշվային փաստաթղթերը եւ փաստացի կատարված ծախսերի ֆինանսական հաշվարկն ու ապրանքների, նյութերի գնման հաշիվ-ապրանքագրերն ու անդորրագրերը։ Այդ պատճառով փաստացի կատարված շինարարական աշխատանքների եւ նյութերի ֆինանսական հաշվարկը կատարել է ինքը՝ հիմք ընդունելով 2025.թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր եւ 2026թ.-ի հունվար ամիսներին List.am-ում, Գոլդ շինի շինանյութի խանութներում եւ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող մի քանի շինանյութի խանութներում առկա համապատասխան շինանյութերի գները:
Այս հաշվարկից պարզել է, որ կատարված աշխատանքի փաստացի արժեքը մոտ 6 մլն դրամ է, եւ ինքը ընդհանուր 4 մլն 434 հազար դրամի վնաս է կրել։
Ըստ կնքված պայմանագրի՝ Մհեր Դերձյանը պետք է վերացներ տեխնիկական հսկողության եզրակացության մեջ նշված՝ իրենց կողմից թույլ տրված շինարարական թերություններն ու սխալները, սակայն չի վերացրել։
2025 թվականի հոկտեմբերի 28-ին Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը Մհեր Դերձյանին փոստով նամակ է ուղարկել եւ խնդրել մինչեւ նոյեմբերի 1-ը ողջամիտ ժամկետ նշել` թերությունները վերացնելու համար։ Մհեր Դերձյանը պատասխանել է, թե փոստային առաքման միջոցով 01.11.2025թ.-ին է ստացել գրությունը, եւ ուսումնասիրություններն իրականացվել են առանց իր ներկայության, իր համար անհայտ մասնագետի կողմից: Հետեւաբար, Ցողիկ Լայնեն-Խաչատրյանի խնդրանքը մերժել է։ Նամակում գրել է նաեւ, որ իր եւ իր աշխատակիցների մուտքը շինհրապարակ խոչընդոտվել է, ուստի պատասխանատվություն չի կրում ժամկետները խախտելու համար։
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը Մհեր Դերձյանին ուղղված իր պատասխանում գրել է, որ վերջինը նամակը ստացել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 14:37-ին՝ ինչպես գրված է «Հայփոստի» կայքում։ Կրկին պարզաբանել է, որ մինչեւ նոյեմբերի 1-ը Մհեր Դերձյանից խնդրել էր թերությունները վերացնելու ժամանակահատված նշել, ոչ թե ամբողջությամբ այն վերացնել։ Հերքել է որակի տեխնիկական հսկողության մասնագետի անհայտ լինելու փաստը, քանի որ եզրակացության հենց առաջին էջում նշված են եղել լիցենզավորված ընկերության տվյալները, լիցենզիայի համարը եւ մասնագետի որակավորումը: Նամակում նշել է նաեւ, որ ոչ մի նորմատիվ իրավական ակտով պարտավոր չէր կապալառուի մասնակցությամբ որակի վերահսկողություն իրականացնել։ Իսկ շինհրապարակ մուտքը խոչընդոտելու հանգամանքը հերքել է, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մհեր Դերձյանը հոկտեմբերի 22-ին այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու աշխատանքների որակին։ Հաջորդ օրը բերվել են տանիքի թիթեղները, սակայն դրանց տեղադրումը հետաձգվել է, քանի որ տանիքի կառուցման մեջ արձանագրվել են խախտումներ, որոնք վերացնելուց հետո միայն կարելի էր դնել թիթեղները։ Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը հավելել է, որ Տիգրան Գալոյանն ընդունել է տանիքի շինաշխատանքների մեջ առկա որոշ թերություններ, քանի որ դրանք երիտասարդ, անփորձ աշխատողներ են արել։
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը նրանց ասել է, որ կարող են գալ և շարունակել շինարարությունը տան այն հատվածներում, որտեղ, ըստ եզրակացության, խնդիրներ չկային։
Որպեսզի կարողանան շարունակել տան շինարարությունը, Ցողիկ Խաչատրյանը թերությունների վերացման համար 1 մլն 458 հազար դրամ է վճարել։
Ստիպված են եղել ամբողջությամբ ապամոնտաժել տանիքը, ինչի ընթացքում բացահայտվել են նոր սխալներ։ Նա պահանջել է վերջնահաշվարկ եւ փոխհատուցում՝ թերությունների վերացման, իր կատարած ու դեռ սպասվող ծախսերի համար։ Պահանջել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 24-ը ներկայացնել վերադարձման ենթակա գումարի հաշվարկը՝ հիմնված շուկայական գների եւ փաստացի ծախսերի վրա։ Զգուշացրել է՝ համաձայնության չգալու կամ պատասխան չստանալու դեպքում հարցը կլուծվի իրավական ճանապարհով։ Ցողիկ Լայնեն-Խաչատրյանի այս նամակին Դերձյանը չի պատասխանել։
Նա իր միջոցներով մասնակիորեն վերացրել է թերությունները, հիմա տան շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այսպիսով, ըստ գնորդի, Մհեր Դերձյանը իրեն պատճառել է ընդհանուր 5 մլն 892 հազար դրամի վնաս։
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ 2026-ի փետրվարի 2-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Մեր զանգերին Տիգրան Գալոյանը չպատասխանեց, Մհեր Դերձյանը հրաժարվեց խոսել, փոխանցեց իր փաստաբանի հեռախոսահամարը։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը նշեց, որ չեն ընդունել եզրակացությունը, քանի որ Մհեր Դերձյանը ներկա չի եղել և իրենց չեն զգուշացրել։ Գործը կքննվի դատական կարգով։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել, որի համաձայն՝ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու նպատակով, խարդախությամբ խոշոր չափերի գումարներ է հափշտակել, շուկայականից ցածր գներով, անտոկոս բնակարաններ կառուցելու ծրագիր ներկայացրել եւ հափշտակել 49 մլն 680 հազար դրամ գումար, եւ «Գարանտ ավտո» ՍՊԸ-ից՝ 102 մլն 418 հազար դրամ գումար: Այս գործը դեռ քննության փուլում է։ Հայցի ապահովման միջոց է կիրառվել, Մհեր Դերձյանը ստորագրությամբ պարտավորվել է երկրից չբացակայել։
Գլխավոր նկարի դետալները ստեղծված են արհեստական բանականության միջոցով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել