HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 տարի ուսումնասիրելով լյարդի ցիռոզը․ հայ գիտնականը նոր մոտեցում է առաջարկում

10 տարի առաջ կրտսեր գիտաշխատող Լիլիթ Արշակյանը, թերեւս, չէր պատկերացնում, որ լյարդի ցիռոզի ուսումնասիրությունը դառնալու է իր գիտական «ճակատագիրը», եւ գրանցած յուրաքանչյուր արդյունք՝ դրական, թե բացասական, իրեն տանելու է այս հիվանդության հետազոտության խորքերը: Լիլիթի համար այս հետազոտությունը նման է պեղումների, երբ ուսումնասիրության յուրաքանչյուր շերտ նոր տեղեկություն ու մարտահրավեր է բերում: Ասում է՝ երեւի մի ամբողջ կյանք չի հերիքի այս թեման հետազոտելու համար:

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի բակի եղեւնիներին ձյուն էր նստել, երբ այցելեցինք Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (կենտրոնի կազմում է) դեղաբանության եւ պաթոհիստոլոգիայի լաբորատորիա, որտեղ էլ հանդիպեցինք Լ. Արշակյանին:

Լյարդի ցիռոզի մասին հիշեցնող պաստառներն այստեղ շատ են: Լաբորատորիան հյուրեր հաճախ է ունենում, այդ թվում՝ ուսանողներ ու աշակերտներ: Լիլիթի 11-ամյա դուստրը գիտական մի էքսպոյի համար լյարդի մոդելներ է պատրաստել պլաստիլինից՝ առողջ, ճարպակալած եւ ցիռոզով հիվանդ ժամանակ: Սրանք նախատեսված են աշակերտների համար, որպեսզի վերջիններս պատկերացում կազմեն, թե ինչ տեսք է ստանում լյարդը ցիռոզ հիվանդության ժամանակ:

2016 թ., երբ Լ. Արշակյանը նոր էր ընդունվել Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, սկսել էր ուսումնասիրել անթառամի ծաղիկներից եւ կաթնափուշի սերմերից անջատված ակտիվ միացությունների լյարդապաշտպանիչ հատկությունները: Հետազոտությունն իրականացվում էր՝ լյարդի ցիռոզը լաբորատոր առնետների վրա փորձարարական եղանակով մոդելավորելով: Այդ ընթացքում Լիլիթը հանդիպել էր ինտեգրոթերապեւտ Օնիկ Սարգսյանին, որի բժշկական մեթոդները հետաքրքրել էին գիտնականին: Բժիշկն ասել էր, որ օրգանիզմը պետք է դիտել որպես մեկ ամբողջություն: Այդտեղից, ըստ մեր զրուցակցի, գաղափար առաջացավ ցիռոզի ուսումնասիրման նոր մոտեցման վերաբերյալ:

Այս տարվա հունվարին Functional Foods in Health and Disease գիտական ամսագրում տպագրվել է Լիլիթ Արշակյանի գիտական հոդվածը, որը թարգմանաբար կոչվում է «Լյարդի թունավոր ցիռոզի գնահատումը եւ դրա կանխարգելումը բուսական լյարդապաշտպանիչների միջոցով՝ առաջարկվող նորարարական ռազմավարությամբ»:

Առաջին հայացքից բարդ թվացող այս ձեւակերպման հիմնական գաղափարը հետեւյալն է. պատճառահետեւանքային կապերի միջոցով վաղ ախտորոշել լյարդի թունավոր (տոքսիկ) ցիռոզը, ապա կանխել բույսերից անջատված խառնուրդի միջոցով՝ կիրառելով ճիշտ չափաքանակ եւ բաղադրակազմ:

Օրգանիզմում առաջին հարված կրող օրգանը

Լյարդը մեր օրգանիզմում առաջին հարվածը կրող օրգանն է: Այն իր վրա է վերցնում ներքին եւ արտաքին թունանյութերի ազդեցությունը, պաշպանում օրգանիզմը: Այն կարող է վնասվել, բայցեւ արագ վերականգնել իր կառուցվածքն ու պաշտպանիչ գործառույթը: Վերականգնվելու հատկությունը բնորոշ է լյարդին, բայց լինում են դեպքեր, երբ դա չի հաջողվում, եւ այս օրգանն սկսում է հիվանդանալ:

Լյարդը մարդու մարսողական համակարգի մաս կազմող գեղձային օրգան է: Գտնվում է ստոծանու տակ՝ որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում: Դետոքսիկացիայի ժամանակ լյարդը չեզոքացնում է նյութափոխանակության արգասիքները, սինթեզում սպիտակուցներ եւ արտադրում մարսողության դյուրացմանը նպաստող կենսաքիմիական կարեւոր նշանակության նյութեր: Դետոքսիկացիան օրգանիզմից տոքսինների կամ թունավոր նյութերի հեռացումն է։

Չնայած լյարդը մարողական համակարգի օրգան է համարվում, այն կապ ունի բոլոր օրգանների հետ: Լիլիթ Արշակյանն ասում է՝ լյարդը մարդու օրգանիզմի «լաբորատորիան» է եւ ամենակարեւոր պաշտպանիչ օրգանը:

Լյարդի ցիռոզը հիվանդություն է, որի ժամանակ այս օրգանը չի կարողանում բնականոն գործել երկարատեւ (քրոնիկ) վնասման պատճառով: Վնասումը սպիեր է առաջացնում լյարդի վրա՝ խախտելով դրա հյուսվածքը: Հաջորդ փուլում լյարդը պատվում է «բլթակներով»՝ ճարպանման բշտիկներով:

Ցիռոզի սկզբնական փուլում սովորաբար ախտանշաններ չեն դրսեւորվում: Բայց հիվանդության զարգացմանը զուգահեռ առաջանում են հոգնածություն, թուլություն, քոր, ստորին վերջույթների այտուց, մաշկի դեղնություն, որովայնում հեղուկի կուտակում եւ այլն:

Կան լյարդի ցիռոզի մի քանի տեսակներ, ինչպիսիք են ալկոհոլայինը (ամենատարածվածն է), հեպատիտայինը, վիրուսայինը, դեղորայքայինը եւ այլն: Լ. Արշակյանն ու լաբորատորիայի նրա գործընկերներն ուսումնասիրում են թունավոր (տոքսիկ) ցիռոզը, որը զարգանում է թունավոր նյութերի երկարատեւ ազդեցության հետեւանքով:

Իր գիտական հոդվածում Արշակյանը նշում է, որ ցիռոզը՝ որպես լյարդի քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլ, կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով եւ ներկայացնել բարդությունների մի ամբողջ շարք լյարդի եւ այլ օրգան-համակարգերի փոխկապակցվածության ֆոնին: Գիտաշխատողն ասում է՝ ցիռոզի առաջին փուլում հնարավոր է, որ լյարդն իրեն հանգիստ դրսեւորի, ակնհայտ ախտանշաններ չլինեն, մինչդեռ ախտանշաններ լինեն այլ օրգաններում, օրինակ՝ թոքերում կամ երիկամներում: Սա է պատճառը, որ հետազոտության համար կարեւորվել է այլ օրգանների հետ լյարդի ցիռոզի պատճառահետեւանքային կապի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն է տվել առաջարկել հիվանդության վաղ ախտորոշման նորարարական ռազմավարություն:

Ի՞նչ է առաջարկում հայ գիտնականը

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ երբ 10 տարի առաջ սկսել էին ուսումնասիրությունները, ցիռոզի դեպքերն այսօրվա չափ շատ չէին. ընդ որում՝ լյարդի ցիռոզով հիվանդացության դեպքերն աճել են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում:

Հոդվածում հայ գիտնականը նշում է, որ ցիռոզի կանխարգելման եւ բուժման արդյունավետ ու անվտանգ մեթոդները դեռեւս սահմանափակ են, ինչի մասին է վկայում գալիք տասնամյակում մահացության մակարդակի կանխատեսվող աճը: Հետեւաբար, ըստ հեղինակի, լյարդի ցիռոզի համապարփակ եւ նորարարական մոտեցումներով ուսումնասիրությունն անհրաժեշտություն է՝ կանխարգելման եւ բուժման առավել արդյունավետ մեթոդներ մշակելու համար:

Լ. Արշակյանի ուսումնասիրության նպատակն է դիտարկել լյարդի թունավոր ցիռոզի զարգացման դինամիկան՝ օգտագործելով նորարարական նախնական ախտորոշիչ մոտեցում, որը կենտրոնացած է ոչ թե կոնկրետ օրգանի՝ լյարդի, այլ լյարդ-թոք-երիկամ փոխահարաբերության վրա: Իսկ այնուհետ մշակել նաեւ թերապեւտիկ ռազմավարություններ՝ կիրառելով հայ գիտնականների կողմից առաջարկվող «Ֆլասիլ» բուսական համադրությունը՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է հետաքրքրությունը բուսական ծագման դեղամիջոցների նկատմամբ:

«Մեր գերխնդիրը կամ գաղափարն այն է, որ լյարդի ցիռոզն ուսումնասիրվի վաղ փուլում, նախնական ախտորոշվի պատճառահետեւանքային կապերի միջոցով եւ կանխարգելվի բույսերից անջատված ակտիվ միացությունների ճիշտ չափաքանակի կիրառմամբ, քանի որ բուժումը հաջորդ փուլն է: Այս կոնցեպտը կարելի է կիրառել՝ նաեւ հիվանդության զարգացման դինամիկան ճիշտ հասկանալու համար»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատողը:

Նրա դիտարկմամբ՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ վաղ նախացիռոզային փուլերում, երբ հիվանդությունը դեռ ամբողջությամբ չի ձեւավորվել, այն կարող է դրսեւորել թոքային եւ երիկամային խանգարումների նշաններ: Հետեւաբար, պետք է հայացք գցել նաեւ այդ օրգաններին:

Լիլիթն ասում է՝ վերջին տարիներին մարդիկ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար սինթետիկ դեղամիջոցների փոխարեն նախընտրում են բույսեր (ուտելի): Դրանք հարուստ են կենսաբանորեն ակտիվ միացություններով, ինչպիսիք են վիտամինները, կարոտինոիդները, սպիտակուցները, ածխաջրերը, օրգանական թթուները եւ այլն: Ընդ որում՝ հազարամյակներ շարունակ մարդիկ դրանք օգտագործել են որպես սնունդ եւ դեղամիջոց: Ժամանակակից աշխարհը, կարծես, վերադառնում է իր ակունքներին. բուժիչ բույսերի օգտագործումը՝ որպես հումք, դեղարտադրության մեջ աճում է:

«Լյարդի ցիռոզը, լինելով բազմագործոն հիվանդություն, ցուցաբերում է բազմազան ախտանիշներ, հետեւաբար, դրա կանխարգելման եւ/կամ բուժման համար խելամիտ է օգտագործել բարդ բուսական պատրաստուկներ»,- ասվում է հոդվածում:

Լյարդապաշտպանիչներ անթառամն ու կաթնափուշը

«Ֆլասիլը» Հայաստանում աճող եւ տարածում գտած երկու բույսերի՝ անթառամի (Helichrysum rubicundum) ծաղիկներից եւ կաթնափուշի (Silybum marianum) սերմերից անջատված ակտիվ միացությունների խառնուրդ է:

Լիլիթ Արշակյանը հոդվածում նշում է, որ իրենց հետազոտություններում կիրառել են «Ֆլասիլ» համակցված բուսամիջոցի երկու տարբերակ («Ֆլասիլ 1» եւ «Ֆլասիլ 2»), որոնք առնետների մոտ հարուցված լյարդի ցիռոզի մոդելում ցուցաբերել են լյարդապաշտպան ազդեցություն՝ միաժամանակ նվազեցնելով թոքային եւ երիկամային հյուսվածքների ախտաբանական փոփոխությունները: «Ֆլասիլ 2»-ն ավելի արդյունավետ է եղել լյարդի եւ երիկամների վերականգնումը խթանելու գործում, մինչդեռ «Ֆլասիլ 1»-ը առավել մեծ արդյունավետություն է ցուցաբերել հիվանդության սուր փուլից քրոնիկ փուլին անցնելու ընթացքում թոքային հյուսվածքի վերականգնման գործում:

Այսպիսով՝ գիտաշխատողը եզրակացրել է, որ նոր մոտեցումը (ախտորոշումը լյարդ-թոք-երիկամ համակարգի կառուցվածքային եւ գործառնական փոխկապակցվածության միջոցով) հնարավորություն է տալիս վաղ ախտորոշել եւ կանխել ցիռոզը՝ կարգավորելով դրա զարգացման դինամիկան եւ կիրառելով «Ֆլասիլ» համակցության տարբեր չափաքանակներ՝ որպես նորարարական բուսական լյարդապաշտպանիչ միջոց: Չնայած դրան՝ հեղինակը նշում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ առաջարկվող ռազմավարության իրագործելիությունը եւ «Ֆլասիլի» կենսաբանական ակտիվության չափաքանակից կախված տարբերությունները հաստատելու համար։

Լյարդի ցիռոզի թեման Լ. Արշակյանի ատենախոսական աշխատանքի թեման է: Նա հույս ունի, որ այս տարի կպաշտպանի ատենախոսությունը: Լիլիթը շարունակում է աշխատել լյարդի ցիռոզի հետազոտության վրա: Բացի անթառամից ու կաթնափուշից՝ այժմ նա ուսումնասիրում է Հայաստանում աճող այլ բույսեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter