Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։ Դատավորը վերդիկտը հրապարակել է այսօրվա դատական նիստում։ Պատժաչափի հարցը դատարանը կքննարկի լրացուցիչ դատական նիստի ժամանակ։ Նրանց նկատմամբ մինչ այս կիրառված էր գրավ խափանման միջոցը, դատարանը այսօրվա նիստում խափանման միջոցին համակցել է նաև բացակայելու արգելքը։ Այս մասին «Հետքին» հայտնեց Արուսյակ Ալեքանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
«Մենք համաձայն չենք վերդիկտի հետ, այն պետք է լիներ արդարացման և ոչ թե մեղադրական։ Օրենքով հասանելի և թույլատրելի բոլոր միջոցներով մենք փորձելու ենք ապացուցել, որ Արուսյակ Ալեքսանյանը, հետևաբար և Թամարա Պետրոսյանը, Էրիկ Ալեքսանյանը իրենց մեղսագրված արարքները չեն կատարել»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում էր ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Ամբաստանյալի աթոռին էր նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը, նա մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։
Գլխավոր լուսանկարում՝ Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել