«Սահմանափակող միջոցները պիտանի են և անհրաժեշտ». «ՀԵՑ»-ին վերաբերող ՍԴ որոշման հիմնավորումները
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները 2025թ. հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմում էին մուտքագրել՝ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների մի շարք դրույթներ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 2026թ. մարտի 12-ին ՍԴ-ն որոշեց, որ օրենքների կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Ներկայացնում ենք գործի մանրամասներն ու ՍԴ-ի որոշման հիմնավորումները:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները ՍԴ էին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ ծավալված գործընթացներից հետո: Հայաստանյայց առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո իրավապահները ձերբակալեցին, այնուհետև կալանավորեցին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին: Դրան հաջորդեցին մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունները, որպեսզի դյուրացվի ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելն ու ընկերության կառավարումը պետությանը փոխանցելը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2025 թ․ նոյեմբերի 13-ին հրավիրված նիստում քննարկել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով։ Հանձնաժողովը, որպես լիցենզիայից զրկելու հիմք, նշել է ՀԷՑ-ի կողմից թերգրանցումները, հավելագրումները, ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ցանցային և շուկայի կանոնների և այլ խախտումները։
«Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասու է իր սահմանած կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնել լիցենզավորում՝ տրամադրել լիցենզիաներ, երկարաձգել դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպել, կասեցնել և դադարեցնել դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանել լիցենզիաների պայմանները, վերահսկել դրանց կատարմումը և կիրառել պատասխանատվության միջոցներ: Նշված դրույթը փոփոխվել է 2021թ. նոյեմբերի 18-ին:
ՍԴ դիմած պատգամավորները գտնում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է լիազորություն՝ ուղղակիորեն դադարեցնել լիցենզիան՝ առանց դատարան դիմելու: Նրանց դիտարկմամբ՝ դատական կարգի նման շրջանցումը դատական կարգով սեփականությունից զրկել սահմանադրական պահանջի խախտում է:
Պատգամավորների համոզմամբ՝ առանց լիցենզիայի տնտեսվարող սուբյեկտը, ձևական առմով պահպանելով իր գույքը, չի կարող այն օգտագործել իր ֆունկցիոնալ նպատակին համապատասխան, ուստի տվյալ պարագայում գույքի օգտագործման իրավազորության վերացումը հավասարազոր է սեփականթյունից զրկելուն: Հետևաբար էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունների լիցենզիաները ևս պետք է դիտարկվեն որպես սեփականության իրավունքի օբյեկտ: Քանի որ լիցենզիայից զրկումը հանդիսանում է սեփականությունից զրկում, ապա հանձնաժողովին առանց դատարան դիմելու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու լիազորության ընձեռումը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասին, այն է՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքեր։
2025թ. հուլիսին Ազգային ժողովը լրացում է կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ լիցենզիա ունեցողի 25 և ավելի տոկոս բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման դեպքում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի:
Նախատեսվել է նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ հինգ միջոցառումների կիրառման հնարավորություն, որոնցից մեկն էլ լիցենզավորված ընկերության ժամանակավոր կառավարչի նշանակումն է, ինչպես եղավ ՀԷՑ-ի դեպքում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ընկերության ժամանակավոր կառավարիչ: Կանխարգելիչ միջոցի կիրառման լիազորությունը վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին:
ՍԴ դիմած պատգամավորները կարծում են, որ էներգետիկայի ոլորտի տնտեսվարողի բաժնեմասերի և ակտիվերի նկատմամբ Կառավարության ընդհանուր նախապատվության իրավունքի դրույթն անհամատեղելի է Սահմանադրության հետ, քանի որ անհամաչափ միջամտություն է տնտեսական գործնեության ազատությանը և սեփականության իրավունքին:
Պատգամավորների դիրքորոշումն այն է, որ հանձնաժողովի նախագահի կողմից միանձնյա կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում կայացնելու լիազորությունը հակասում է հանձնաժողովի կոլեգիալ բնույթին: Հանձնաժողովի նախագահի լիազորություններն ունեն բացառապես ներքին կազմակերպական և ներկայացուցչական բնույթ և չեն կարող ունենալ որևէ արտաքին ներգործություն:
Սահմանադրական դատարանի դիրքորոշումը
ՍԴ-ն իր որոշման մեջ նշել է, որ էներգետիկայի բնագավառը պետության տնտեսական և հանրային կյանքի հիմքային ենթակառուցվածքային համակարգերից է: Իրավական կարգավորումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական շրջանառության տրամաբանությամբ, այլև հանրային անվտանգության, սոցիալական արդարության, շրջակա միջավայրի պաշտպանության և պետական ինքնիշխանության ապահովման առաջնահերթություններով։
Էներգամատակարարումը դիտարկվում է որպես հանրային նշանակության ծառայություն։ Այն անմիջականորեն առնչվում է կյանքի, առողջության, կրթության, արդյունաբերության և ազգային անվտանգության ապահովմանը: Հետևաբար՝ էներգետիկ հասանելիությունն ունի սոցիալական իրավունքների իրականացման բաղադրիչ, ինչը ենթադրում է ծառայության անընդհատություն, համընդհանուր հասանելիություն, սակագների ձևավորման տնտեսական և սոցիալական գործոնների հավասարակշռում։
Ըստ ՍԴ-ի՝ Էներգետիկ օբյեկտներն ունեն բարձր տեխնիկական ռիսկայնություն։ Վթարները կարող են առաջացնել ոչ միայն գույքային, այլև լայնածավալ բնապահպանական և հումանիտար հետևանքներ: Ուստի դրանց իրավական կարգավորումը պետք է ներառի լիցենզավորման խիստ ընթացակարգեր, տեխնիկական և անվտանգության հստակ ստանդարտներ, պետական վերահսկողության մշտական կառուցակարգեր, հատուկ պատասխանատվության ռեժիմ։ Էներգետիկ համակարգն իր համակողմանի կարևորության և դրանով պայմանավորված՝ գերակայության պատճառով ազգային ռազմավարության անվտանգության համակարգի հիմնարար բաղադրատարր է։
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Էներգետիկ անվտանգությունը՝ որպես ազգային անվտանգության բաղադրիչ, ենթադրում է, որ այդ ոլորտում հանրային իշխանության մարմինները կարող են սահմանել սեփականության ներհատուկ սահմանափակումներ, օտարերկրյա ներդրումների վերահսկողության և ռազմավարական օբյեկտների պաշտպանության հատուկ ռեժիմ։
ՍԴ որոշման համաձայն՝ էներգետիկայի ոլորտում իրավակարգավորումները թե՛ օրենսդրական, թե՛ իրավակիրառ մակարդակում պետք է դիտվեն որպես պետական անվտանգային ռազմավարության հիմնարար բաղադրիչներ, ինչից բխում է, որ հանրային իշխանությունը կրում է այդ համատեքստում էներգետիկ անվտանգությունն ապահովելու պարտականություն: Հետևաբար՝ լիազորված է կանխելու և չեզոքացնելու համապատասխան սպառնալիքներն ու վտանգները՝ երաշխավորելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ներառյալ էներգետիկ անկախությունը:
Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ էներգետիկայի բնագավառում հանրային իշխանության մարմինների միջամտության հիմքում ոչ միայն ոլորտում տնտեսվարող անձանց իրավունքների ու շահերի հարգումն ու պաշտպանություն է, այլև սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը, նշված երկու շահերի հավասարակշռության ու ներդաշնակության ապահովումը, ինչը բխում է Սահմանադրության մի շարք հոդվածներից:
ՍԴ դիտարկմամբ՝ տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման իրավունքը սերտորեն փոխկապակցված է և առնչվում է սեփականության սահմանադրական իրավունքի հետ: Սակայն, այդ իրավունքը ևս ենթակա է սահմանափակման, որոնցից մեկն էլ հանրության գերակա շահն է:
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սպառողների շահերի պաշտպանության նպատակով սահմանված և կիրառվող կանխարգելիչ միջոցառումների հարցին, գտնում է, որ սահմանված նպատակին հասնելու համար սահմանափակող միջոցները պիտանի են և անհրաժեշտ։
Այսպիսիով Սահմանադրական դատարանը որոշել է, որ պատգամավորների կողմից վկայակոչված մի շարք օրենքների դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը: Նշենք, որ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել