Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նշել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է: Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»,- նշել է Հովհաննիսյանը։
Ստացվում է, կմասնակցեն ընտրություններին, բայց ոչ անհատական թեկնածությամբ, այլ միանալով այլ ուժի։ Թե որ ուժին, այս պահին հստակ չէ։
Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի առաջին արտգործնախարարն է։
Հովհաննիսյանը մասնակցել է նաև 2013 թվականի նախագահական ընտրություններին` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 35%-ը։
Չհամաձայնելով ընտրությունների արդյունքի հետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց մարտի 10-ին և ավարտեց այն մարտի 31-ին։ Ավելի ուշ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը` ապրիլի 9-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը իր համախոհների հետ շարժվեց դեպի նախագահի նստավայր։ Բողոքի այս ակցիաները ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։ Սակայն տեսանելի արդյունք չգրանցեցին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել