
Բողոքի գործողություն Սաֆարովի արտահանձնման դեմ
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և Վրաստանի հայ համայնքի այլ կազմակերպությունների կողմից նախօրեին անցկացվեց բողոքի գործողություն Վրաստանում Հունգարիայի հանրապետության դեսպանության առջև:
Օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունը իրականացրեց Ռամիլ Սահիբ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան: Սաֆարովը ադրբեջանական բանակի սպա էր, ով կացնահարվածով սպանել էր Հայաստանի բանակի սպա Գուրգեն Մարգարյանին: Այս զարհուրելի սպանությունը իրականացվեց 2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայի տարածքում: Դրա պատճառը զոհի սոսկ ծագումն էր: Սպանությունը կատարվեց Մարգարյանի քնած վիճակում և հանցագործի մտադրությանը կարող էր զոհ գնալ նաև երկրորդ հայ սպան: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլալեզու դասընթացներին:
Չնայած այն բանին, որ Հունգարիայի իշխանությունը Սաֆարովին դատապարտել էր անժամկետ բանտարկության, նրան զրկելով մինչև 2036 թվականը դատավճիռը բողոքարկելու իրավունքից, այնուամենայնիվ հանցագործը արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան 2012 թվականի օգոստոսի 31-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հրամանով, ներում շնորհվեց: Նրան Ադրբեջանում դիմավորեցին որպես հերոսի և այժմ գտնվում է ազատության մեջ:
Ցավով նշում ենք, որ Սաֆարովի ազատումը Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների միջև գաղտնի և կեղտոտ գործարքի արդյունք է: Անընդունելի է, երբ արդարության, հարգանքի և արժանապատվության արժեքները փոխանակվում են այլ բարություններով: Առանձնապես ցավալի է, որ նման գործարքներում մասնակցում են ՆԱՏՕ-ն և Եվրամիության անդամ-երկրները:
Մասնակիցները Վրաստանում, Հունգարիայի Հանրապետության դեսպան Շանդոր Սաբոյին հանձնեցին դիմում, որտեղ ափսոսանք է արտահայտված, որ Հունգարիան գործարքի մեջ մտավ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ և այլ շահերը դասեց մարդու իրավունքների, հումանիզմի և մարդկային արժանապտվությունից ավելի բարձր:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի մամլո դիվան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել