HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը

2025 թվականի հունվարի 24-ին «Դիգնիսի» ՍՊԸ-ն և Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով:

Այս հուշագրի շրջանակում էլ կազմվել է Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի ներդրումային փաթեթը։

«Դիգնիսի» ՍՊԸ-ն, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Khachaturian Architects» ստուդիան ստեղծել են PROSPECT24 նախագիծը, որը մասնակցել ու հաղթել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։

Մրցույթում հաղթելուց հետո կնքված հուշագրով սահմանվել է, որ PROSPECT24-ը, նախքան պետական գույքի օտարումը, պետք է կազմի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն և իրավական սահմանափակումները, ինչպես նաև՝ համայնքի կողմից տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ նախնական թույլտվությունները:

Պետական գույքի կառավարման կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ համաձայն «Դիգնիսի» ՍՊԸ-ի և կոմիտեի միջև կնքված հուշագրի՝ գույքի գնորդը, բացի գնահատված արժեքից, պետք է վճարի նաև նախագծի կազմման համար։ 

«Նշված գումարը ներառված չէ գույքի վաճառքի արժեքի մեջ, բայց գույքի գործարքի անբաժանելի մաս է։ Վերոնշյալն ամրագրված է Կոմիտեի և «Դիգնիսի» ՍՊԸ-ի միջև կնքված հուշագրով»,- ասված է Կոմիտեի պատասխանում:

Նախագծի կազմման արժեքը կախված է լինելու գույքի գնահատված արժեքից։ Եթե գույքի արժեքը կազմի մինչև 1 մլրդ դրամ, ապա նախագծի կազմման արժեքը կլինի դրա 5%-ի չափով։ Եթե լինի 1 մլրդ դրամից բարձր, ապա՝ 4%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 50 մլն դրամը։

Ովքեր են «Դիգնիսի» ՍՊԸ-ի սեփականատերերը

«Դիգնիսի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերին։ Ընկերության հիմնադիրը Կարեն Անախասյանն է։ Այս տարվա հունվարին ընկերության 33% փայատեր է դարձել Ռուբեն Ալեքսանյանը։ Իսկ ընկերության տնօրենը հիմնադրման պահից մինչև օրս Վարդան Ալեքսանյանն է։

2025 թվականի փետրվարի 18-ին էլ ստեղծվել է «Պրոսպեկտ24» ՓԲԸ-ն։ Դրա բաժնետերերն են Սամվել Գևորգյանը, Ժաննա Խաչատուրյանը, Կարեն Անախասյանը և Արմեն Ալեքսանյանը։ Որպես միջանկյալ ընկերություն նշված է «Դիգնիսի» ՍՊԸ-ն։ Իսկ ընկերության տնօրենը Վարդան Ալեքսանյանն է։ 

«Դիգնիսի» ՍՊԸ-ն 2025 թվականի հունվարի 20-ին հուշագիր էր ստորագրել «Իմ քայլը» հիմնադրամի հետ վերջինիս կողմից իրականացվող նախագծերին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ Վարդան Ալեքսանյանը դեռ 2010 թվականից մեղադրվում էր խարդախության եղանակով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից գումարներ հափշտակելու մեջ։ Քրեական գործը 2020 թվականից գտնվում է դատարանում և քննությունը շարունակվում է ։ Վերջին նիստը նշակվել է այս տարվա փետրվարին, սակայն չի կայացել պաշտպանի չներկայանալու պատճառով։

Համաձայն քրեական գործի՝ Ալեքսանյանը ներկայացել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքում գտնվող «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքների սեփականատեր և վաճառել է այդ հողատարածքները՝ չունենալով դրանց սեփականատերերի համաձայնությունը։

2010 թվականին նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել: 2018 թվականի հունիսի 21-ին Վարդան Ալեքսանյանը Վրաստանում հայտնաբերվել և կալանավորվել է։

2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ Վարդան Ալեքսանյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որը 2023-ի նոյեմբերին փոխարինվել է գրավով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter