HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին վերաբերող քրեական վարույթը կարճվել է

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին վերաբերող քրեական վարույթը կարճվել է։ Խմբագիրը երեկ՝ 2026թ. մարտի 23-ին, ստացել է դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Օհանյանն ուներ վկայի կարգավիճակ։

«Այսինքն, հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա, և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արմինե Օհանյանը և ներկայացրել քրեական վարույթից որոշ մանրամասներ: 

Խմբագիրը նշում է, որ 18 տարի շարունակ ամեն օր խմբագրականներ է գրում: Ենթադրում է, որ երբ իր քննադատությունը զայրացրել է վարչապետին, վերջինս հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, որպեսզի «բերանը փակեն»:

Քրեակատարողական վարույթի հիմքը 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականն է։ Ըստ Ա. Օհանյանի՝ Գլխավոր դատախազությունն է դիմել Ոստիկանություն, ապա Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու առաջարկով: 

2025թ. հունվարին նախաձեռնվել է քրեական վարույթ: 1500-նիշանոց հոդվածն ուղարկել են դատալեզվաբանական և դատահոգեբանական փորձաքննության։ 

«Հետքը» գրել էր, որ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին 2026թ. մարտի 17-ին վկայի կարգավիճակով հրավիրել են Քննչական կոմիտե: Քրեական վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 422 հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:

«Բարեբախտաբար փորձագետները` Ա. Հարությունյանը և Հ.Ղուկասյանը, որոնք իմ 1500-նիշանոց տեքստի մասին 13 էջանոց եզրակացություն են գրել եւ այդ փորձաքննությունը տևել է ուղիղ մեկ տարի, եզրակացրել են, որ իմ տեքստում չկա կոչ, թեև տեղ են թողել («այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից»), որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն»,- գրել է Ա. Օհանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter