Երբ երեխայի առողջությունը կախված է քաղաքացիությունից
Արմեն Հայրապետյանը մարտի 21-ին իր 2 տարեկան 8 ամսական որդուն տարել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկա՝ բժշկական ստուգման։ Երեխան մի քանի օր հազում և ջերմում էր։ Հերթապահ բժիշկը համակարգչային ԿՏ հետազոտության (տոմոգրաֆիա) ցուցում էր տվել ու մի քանի դեղ նշանակել: Ասել էր, որ հետազոտությունը վճարովի է լինելու` 80 000 դրամ, քանի որ արցախցի Արմեն Հայրապետյանն ու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն։
«Բժիշկը շատ բարեհամբույր էր, էնպես էր անում, որ հանկարծ մեզ վատ չզգանք։ Ես զարմացա, ասեցի՝ էդպես ո՞նց կլինի, ախր հարցը երեխաներին է վերաբերում։ Ինքն ասաց, որ ոչինչ անել չի կարող, քանի որ օրենքն էդպես է, անգամ ուղեգիր տրամադրելու դեպքում պիտի հետազոտության համար վճարեմ»,-պատմում է Արմենը։
Հերթապահ բժշիկն Արմենին էր փոխանցել Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարն ու առաջարկել նախարարության հետ պարզաբանել։
Արմենը դիմել էր նախարարություն, որտեղից նրան հայտնել էին, որ երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անչափահասներին։ Եթե նրանք ունենային ՀՀ քաղաքացիություն, ապա երեխան կարող էր անվճար բուժօգնությունից օգտվել։
Արմենին այս որոշումը անտրամաբանական է թվացել։ Նրա ընտանիքի անդամները ունեն ժամանակավոր հաշվառման հասցե, կցված են թիվ 19 պոլիկլինիկային, ունեն նաև փախստականի կարգավիճակը հավաստող վկայական։
«Ես հիմա նաև դիմել եմ ՀՀ քաղաքացիության համար, անհրաժեշտ փաստաթղթերն էի հավաքում, այդ գործն էլ ընթացքում է, չնայած կարծում եմ, որ բոլորս էլ քաղաքացի ենք, նույն անձնագիրն ունենք ու իմ անձնագրում էլ է նշված ՀՀ քաղաքացի, ինչու՞ պետք է առողջապահական ու կենցաղային առաջին անհրաժեշտության կարիքների համար փախստական լինելը խոչնդոտ հանդիսանա»,-ասում է Արմենը։
ՀՀ կառավարության N 318-Ն որոշմամբ՝ պետությունը երաշխավորում է անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն բոլոր երեխաների համար:
ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշումը սահմանում է՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հավասարեցվում է փախստականի կարգավիճակին:
«Փախստականների մասին» օրենքի 23-րդ հոդվածը վերաբերում է սոցիալական ապահովության և բժշկական օգնության իրավունքին, այն սահմանում է, որ Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից։ Այս կարգավիճակը կրող անձանց վրա տարածվում են «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի բոլոր դրույթները։
Հայաստանը, վավերացնելով ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, պարտավորվել է հարգել և ապահովել երեխայի իրավունքները (ներառյալ առողջապահական)` առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողի քաղաքացիությունից կամ կարգավիճակից։
Բայց օրենքներն ու Կառավարության որոշումները, փաստացի, չեն տարածվում Արցախից բռնի տեղահանված և դեռևս ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց վրա։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը «Հետքին» պարզաբանել է․ «Ղարաբաղից տեղահանված քաղաքացին, այս դեպքում երեխան, եթե ընդունել է ՀՀ քաղաքացիություն և ռեզիդենտ է, ապա ապահովագրության լիիրավ շահառու է: Փախստականի կարգավիճակի դեպքում, այս քաղաքացիները բուժօգնության այլ ծավալով են սպասարկվում: Եթե խոսքը դժվարամատչելի հետազոտության մասին է` լաբորատոր-ախտորոշիչ, ապա երեխաները կարող են օգտվել սահմանված արտոնությունից` ԱԱՊ ուղեգրով»:
Նախարարությունն առաջարկում է Արմեն Հայրապետյանին խնդիրների պարզաբանման համար դիմել պոլիկլինիկայի տնօրինությանը։
Այս իրավիճակում բաց է մնում հարցը՝ եթե փախստականի կարգավիճակ ունեցող երեխաները օրենքով պետք է օգտվեն նույն իրավունքներից, ինչ ՀՀ քաղաքացիները, ինչու՞ առողջապահական համակարգում այդ իրավունքի իրացումը չի ապահովվում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել